Մատչելիության հղումներ

Ռաիսին և Պուտինը խոստացան խորացնել կապերը, սակայն որևէ գործարք չկնքեցին


Ռուսաստանի և Արևմուտքի միջև լարվածության ֆոնին` Վլադիմիր Պուտինի հրավերով Մոսկվա է ժամանել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։

Կրեմլում ռուսաստանցի պաշտոնակցի հետ հանդիպմանը նախագահ Ռաիսին հիշեցրել է` Թեհրանը «40 տարի դիմադրել է Ամերիկային»` առաջարկելով այժմ էլ համատեղ դիմակայել Միացյալ Նահանգների գործողություններին։

«Ներկայիս շատ բացառիկ պայմաններում, երբ խոսքը Արևմուտքի, այդ թվում` Միացյալ Նահանգների միակողմանի գործողությունների դիմակայության մասին է, մենք կարող ենք մեր փոխգործակցության մեջ սիներգիա ստեղծել։ Մենք ավելի քան քառասուն տարի է` ամերիկացիներն ընդդիմանում ենք, և մենք պատժամիջոցների կամ սպառնալիքների պատճառով երբեք չեն դադարի աշխատել երկրի զարգացման և առաջընթացի ուղղությամբ», - նախագահի պաշտոնում Մոսկվա կատարած իր առաջին այցի ընթացքում հայտարարել է Էբրահիմ Ռաիսին, միևնույն ժամանակ խոստովանել՝ այժմ, իհարկե, գործադրում են բոլոր ջանքերը, որ արևմտյան պատժամիջոցները չեղարկվեն։

Երկու երկրների դեմ Արևմուտքի սահմանած տնտեսական ցավոտ պատժամիջոցներից, Միացյալ Նահանգների հետ առճակատումից բացի, Մոսկվային և Թեհրանին միավորում են ամուր քաղաքական, տնտեսական և ռազմական կապերը։ Իրանն ու Ռուսաստանը նաև նախագահ Բաշար Ասադի հիմնական դաշնակիցներն են Սիրիայում ավելի քան մեկ տասնամյակ շարունակվող պատերազմում։

Մոսկվան Թեհրանի միջուկային գործարքի մասնակիցներից է: Աշխարհի գերտերությունները շարունակում են առայժմ անպտուղ բանակցությունները՝ 2015 թվականին տապալված գործարքը վերականգնելու ուղղությամբ։

Իրանի նախագահը Ռուսաստանը բարեկամական պետություն է անվանել, համոզմունք հայտնել, որ երկկողմ հարաբերությունները այսուհետ կլինեն ռազմավարական, այլ ոչ թե կարճաժամկետ, և որ այդ կապերը կլինեն տոկուն և բազմակողմանի։

Ռուսաստանի նախագահն իր համառոտ խոսքում ընդգծել է երկու երկրների միջև առևտրի զարգացման հաջող ընթացքը, ընդհուպ համաճարակի պայմաններում։ Պուտինի հիշատակած հաջողությունը, սակայն, իրականում շատ ավելի համեստ է։ Իրանա-ռուսական առևտրաշրջանառությունը անցած տարի կազմել է շուրջ երեք միլիարդ դոլար, մինչդեռ օրինակ` Թուրքիայի դեպքում այդ ցուցանիշը քսան միլիարդ դոլարի է հասել։ Ու թեև Ռաիսին և Պուտինը խոստանում են լրացնել բացերը, խորացնել կապերը, կողմերի միջև Մոսկվայում հրապարակայնորեն որևէ գործարք չկնքվեց, ներառյալ սպառազինության հարցով։

Կրեմլը բազմիցս է պատրաստակամություն հայտնել Իրանին վաճառել ժամանակակից սպառազինություն։ Մինչդեռ, այսօր Ռուսաստանի նախագահի աշխատակազմն անպատասխան թողեց լրագրողների հարցը՝ Իրանի կողմից ռուսաստանյան սպառազինության հնարավոր գնման վերաբերյալ։

«Ռազմա-տեխնիկական համագործակցության հարցերը մենք երբեք չենք մեկնաբանում», -Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի պատասխանն են մեջբերում ռուսաստանյան լրատվամիջոցները։

Փոխարենը կողմերը հայտարարում են առաջիկայում Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի ռազմանավերի մասնակցությամբ ռազմածովային զորավարժությունների մասին, որը կմեկնարկի վաղը Խաղաղ օվկիանոսում։

«Իրանի մշտական անդամակցությունը ԵՏՄ-ին զգալի հնարավորություն կընձեռի Իրանի տնտեսությանը»

Ռաիսիի՝ Մոսկվա կատարած պաշտոնական այցի և կանխատեսվող զարգացումների վերլուծության համատեքստում «Իսնա» լրատվականը հատուկ ուշադրության է արժանացնում այն հանգամանքը, որ օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում Ռուսաստանի նախագահն առաջինն է շնորհավորել Էբրահիմ Ռաիսիին նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Մեջբերելով արտաքին քաղաքականության ոլորտի որոշ փորձագետների՝ լրատվականը նշում է, որ Արևելքի հետ հարաբերությունների ընդլայնումը ամրապնդում է Իրանի դիրքերը արևմտյան ճնշման դեմ։

Կանխատեսելով հանդիպման գլխավոր օրակարգը՝ հոդվածագիրը մատնանշում է. «Իրանի մշտական անդամակցության քննարկումը Եվրասիական տնտեսական միությանը... Նկատի ունենալով ԵՏՄ անդամ երկրների ռեսուրսների և շուկայական բազմազանությունը՝ Իրանի մշտական անդամակցությունը ԵՏՄ-ին զգալի հնարավորություն կընձեռի Իրանի տնտեսությանը, և հնարավոր է, որ այս ճանապարհով մասամբ փոխհատուցվեն Իրանի դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքները»։

Իրանի նախագահի պաշտոնական կայքէջի համաձայն` Ռուսաստանն ու Իրանը Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարին ուղղված հաջող համագործակցությունը կարող են օգտագործել նաև Աֆղանստանում և Կովկասում։ Իրանական պաշտոնական աղբյուրը չի մանրամասնում` Կովկասում ահաբեկչական սպառնալիքը հատկապես որ երկրից է գալիս, պաշտոնական Թեհրանը հերթական անգամ կրկնում է հայտնի թեզը՝ «Կովկասի սահմանները, պետական ինքնիշխանությունը և տարածաշրջանի աշխարհաքաղաքական պատկերը փոփոխության ենթակա չեն»։

Իրանի նախագահն աջակցություն հայտնեց Ռուսաստանին Արևմուտքի դեմ առճակատման հարցում

Իրանի նախագահը ռուսաստանյան պաշտոնական այցի երկրորդ օրն ավարտեց Ռուսաստանի պետդումայում, որտեղ ելույթ ունենալու բացառիկ հնարավորություն էր ստացել։

Իրանցի բարձրաստիճան կրոնական և քաղաքական գործիչը ռուսաստանյան օրենսդիր մարմնի բարձր ամբիոնից նախ Ալլահին փառաբանեց, ասաց՝ մահմեդական աշխարհը հարգում է Հիսուս Քրիստոսին և նրա մորը՝ Մարիամին։

«Աբրահամյան կրոններում առաջնայինը հոգևորի փնտրտուքն է», - դիմելով ռուսաստանցի պատգամավորներին` ասաց Ռաիսին։

Ելույթի արդեն քաղաքական հատվածում նա անդրադարձավ համաշխարհային սպառնալիքներին։ Իսկ դրանք միայն «ամերիկյան շայթանները չեն», այլ նաև հոգևորի բացակայությունն է՝ ընտանիքի ճգնաժամը, թմրանյութերը։

Էբրահիմ Ռաիսին չխնայեց նաև այդ լսարանի համար ամենապահանջված գնահատականները. աջակցություն հայտնեց Ռուսաստանին Արևմուտքի դեմ առճակատման հարցում, թիրախավորեց Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքը, որը Մոսկվային մերժել է մի շարք սկզբունքային պահանջներում։

«Հյուսիսատլանտյան դաշինքն անօրինական կերպով ներթափանցում է անկախ պետությունների տարածքներ, նման պահվածքը խաբեություն է և կհանգեցնի ՆԱՏՕ-ի մոտալուտ փլուզմանը»,- Մոսկվայում հայտարարել է Իրանի նախագահը։

Սա Էբրահիմ Ռաիսիի ոչ միայն առաջին այցն է Ռուսաստան անցած օգոստոսին Իրանի նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր, այլ նաև արտասահմանյան հազվադեպ այցերից մեկը։ Համաճարակային պայմաններում Վլադիմիր Պուտինի պես Իրանի նախագահն էլ է խուսափում դեմ առ դեմ հանդիպումներից, և պատահական չէ, որ նախագահները Կրեմլում բանակցում էին հսկայական սեղանի շուրջ՝ իրարից մի քանի մետր հեռավորությամբ նստած։

Արտասովոր այդ տեսարանը չհասցրեց քննարկումների թեմա դառնալ, երբ ռուսաստանյան լրատվամիջոցները հրապարակեցին Էբրահիմ Ռաիսիի լուսանկարը նամազի պահին։ Ըստ հաղորդումների` Իրանի նախագահն ընդհատել էր Պուտինի հետ բանակցությունները՝ հարևան սենյակում աղոթելու նպատակով։

XS
SM
MD
LG