Մատչելիության հղումներ

Տոկաև․ «Իրադրությունը Ղազախստանում զարգանում է կայունացման ուղղությամբ»


Ալմաթիում իրադրության որոշակի հանդարտեցման և ՀԱՊԿ զորախմբի՝ Ղազախստանի տարածքում տեղակայման ֆոնին այսօր հայտնի դարձավ երկրի ամենաազդեցիկ գործիչներից մեկի՝ Ազգային անվտանգության կոմիտեի նախկին նախագահ Քարիմ Մասիմովի ձերբակալության մասին։

Ղազախական հատուկ ծառայությունների պնդմամբ՝ Մասիմովը և մի շարք այլ անձինք, որոնց անունները չեն հրապարակվում, «ձերբակալվել են պետական դավաճանության կասկածանքով»։

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Մասիմովին Ազգային անվտանգության կոմիտեի ղեկավարի պաշտոնից հեռացրել էր հունվարի 5-ին՝ Ալմաթիում և մի շարք այլ քաղաքներում լայնածավալ անկարգությունների բռնկումից մի քանի ժամ անց։

Քարիմ Մասիմովը համարվում է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի մերձավոր թիմակիցներից մեկը։ Ազգային անվտանգության կոմիտեն նա ղեկավարում էր 2016 թվականից, մինչ այդ երկու անգամ՝ 2007-ից 2012 և 2014-2016 թվականներին զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը, եղել է նաև նախագահ Նազարբաևի աշխատակազմի ղեկավար։

Մասիմովի կալանավորմանը նախորդեցին նախագահ Տոկաևի թիմին մոտ կանգնած մի շարք աղբյուրների տեղեկատվական արտահոսքերը, որոնց համաձայն հունվարի 5-ի անկարգությունների ժամանակ Ազգային անվտանգության մարմինները հանցավոր անգործություն են ցուցաբերել` թույլ տալով, որպեսզի ցուցարարները թալանեն գերատեսչության զինապահեստներից մեկը։ Բացի այդ տեղեկություններ կան, որոնց համաձայն Մասիմովի ղեկավարած գերատեսչությունը միտումնավոր կերպով անպաշտպան է թողել Ալմաթիի միջազգային օդանավակայանը՝ թույլ տալով, որպեսզի բողոքի գործողությունների մասնակիցները գրավեն և թալանեն այն։

Մասիմովի ձերբակալությունը գալիս է հաստատելու անկարգությունների առաջին իսկ օրվանից շրջանառվող այն տեղեկությունները, որոնց համաձայն վերջին իրադարձությունների գլխավոր շարժիչ ուժը ոչ միայն ժողովրդական լայն զանգվածների դժգոհություններն էին այլև Ղազախստանի առաջին և երկրորդ նախագահների՝ Նուրսուլթան Նազարբաևի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի թիմերի միջև առկա լարվածությունը։

Նազարբաևը քաղաքացիներին կոչ է արել համախմբվել նախագահ Տոկաևի շուրջ

Նազարբաևը, որ մինչև այս իրադարձությունները շարունակում էր առանցքային դերակատարություն ունենալ երկրի իշխանական համակարգում, Տոկաևի հրամանագրով Ազգային անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնից հեռացվեց հունվարի 5-ին։ Այդ օրվանից նրա մասին որևէ տեղեկություն չկար։ Տեսախցիկների առջև Նազարբաևը վերջին անգամ հայտնվել էր դեկտեմբերի 28-ին՝ ԱՊՀ նախագահների Սանկտ-Պետերբուրգում կայացած ոչ ֆորմալ գագաթաժողովի ժամանակ։

Վերջին օրերին, ճգնաժամի խորացմանը զուգահեռ, երկրում լուրեր էին պտտվում Նազարբաևի առողջական վիճակի կտրուկ վատթարացման և անգամ փախուստի մասին։ Նույնիսկ չհաստատված հաղորդագրություններ կային, թե իբր առաջին նախագահը գտնվում է Չինաստանում։ Նազարբաևի գրասենյակը, սակայն, այդ լուրերը կտրականապես հերքում է։ Տասնօրյա լռությունից հետո այսօր առավոտյան նրա մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայը Twitter-ում երկու գրառում է կատարել՝ հերքելով տարածվող լուրերի մեծ մասը։

«Ելբասին (թարգմանաբար՝ ազգի առաջնորդը) գտնվում է Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում։ Խնդրում ենք ի սկզբանե կեղծ և շահարկումների առիթ տվող տեղեկություններ չտարածել։ Ելբասին մի շարք խորհրդատվական հանդիպումներ է անցկացնում և ուղիղ կապի մեջ է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ», - գրել է Նազարբաևի խոսնակը՝ հավելելով, - «Նուրսուլթան Նազարբաևը նաև մի քանի հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի բարեկամ պետությունների ղեկավարների հետ»։

Նազարբաևի խոսնակը, սակայն, չի հստակեցրել այդ պետությունների ցանկը։ Այս պահի դրությամբ միայն պաշտոնական Մինսկն է հաստատել, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ երեկոյան զրուցել է Նազարբաևի հետ։

Ղազախստանի առաջին նախագահի մամուլի քարտուղարը թվիթերյան իր գրառման մեջ նաև պնդել է, թե Նազարբաևը կոչ է անում բոլորին՝ «Միավորվել Ղազախստանի նախագահի շուրջ՝ հանուն երկրի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման և պետության ամբողջականության ապահովման»։

Կեսօրին մոտ հայտնի դարձավ Ռուսաստանի և Ղազախստանի նախագահների այսօր կայացած և, Կրեմլի բնորոշմամբ, բավական երկար տևած հեռախոսազրույցի մասին։ Դրա ընթացքում, ըստ Կրեմլի պաշտոական կայքի, Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Վլադիմիր Պուտինին ասել է, որ թեև իր բնորոշմամբ՝ «ահաբեկչական ակտիվության որոշ օջախներ պահպանվում են, այնուհանդերձ իրադրությունը զարգանում է կայունացման ուղղությամբ»։

«Կասիմ-Ժոմարտ Տոկաևի գնահատմամբ՝ այս փուլում անհրաժեշտ է Հավաքական Անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների համատեղ զրույց կազմակերպել։ Այդ առումով Տոկաևը առաջարկում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի տեսակոնֆերանս նախաձեռնել՝ Հայաստանի Հանրապետության, որպես կազմակերպության գործող նախագահի գլխավորությամբ», - նշված է Կրեմլի հաղորդագրության մեջ։

Հայաստանն արդեն համաձայնել է զբաղվել հեռավար համաժողովի կազմակերպմամբ, այդ մասին վարչապետ Փաշինյանը նշել է Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում։

Ալմաթիի խոշոր առևտրային ցանցերի սուպերմարկետները կվերաբացվեն մոտ ապագայում

Չնայած Ալմաթիում պարբերաբար լսվող կրակոցներին, իրադրությունը երկրի խոշորագույն քաղաքում ընդհանուր առմամբ վերահսկվում է ուժայինների կողմից։ Ալմաթիի քաղաքապետն այսօր կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ խոշոր առևտրային ցանցերի սուպերմարկետները կվերաբացվեն մոտ ապագայում։ Հարձակման թիրախ դարձած Ալմաթիի օդանավակայանը, սակայն, առնվազն մինչև հունվարի 10-ը կանոնավոր չվերթներ չի սպասարկի։ Այսօր այստեղ են գտնվում միայն ղազախ ուժայինները և ՀԱՊԿ երկրների զինվորականները։

«Ղազախստանի հանրապետություն ժամանած ռուսաստանցի զինվորականները միանգամից ձեռամուխ եղան իրենց առջև դրված խնդիրների լուծման։ Այս պահին, Ղազախստանի իրավապահների հետ համատեղ վերահսկողություն է սահմանվել Ալմաթիի օդանավակայանի հանդեպ», - Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ՊՆ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը այսօր նաև տեղեկացրել է, որ ավարտել է ՀԱՊԿ զորախմբի կազմում ընդգրկված հայ զինվորականների վերատեղակայաումը Ղազախստանում։ Հայ զինծառաողները, ըստ ռուսական կողմի, «ԻԼ-76» օդանավերով տեղափոխվել են Ալմաթիի օդանավակայան։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG