Մատչելիության հղումներ

Եթե անգամ բողոքի ակցիաները դադարեն, դրանք նոր ուժով կվերսկսվեն, վստահ է ղազախ նախկին նախարարը


26 զոհ, 20-ից ավելի վիրավոր ու շուրջ 4000 ձերբակալված

26 զոհ, երկու տասնյակից ավելի վիրավոր, ավելի քան 3800 ձերբակալվածներ, սրանք են Ղազախստանի ներքին գործերի նախարարության կողմից պաշտոնապես առաջին անգամ հրապարակված թվերը անկարգությունների մասնակիցների կորուստների վերաբերյալ, որոնց իշխանությունները ահաբեկիչներ, բանդիտներ ու հանցագործներ են համարում։

Անվտանգության ուժերի կորուստների մասին հաղորդվել էր նաև նախօրեին` 18 զոհ և ավելի քան 700 տուժած։

Պաշտոնապես հրապարակված այս տվյալները կարող են աճել, ինչը վկայում են նաև այսօրվա իրադարձությունները։ Ռուսական պետական ՏԱՍՍ գործակալության թղթակիցը այսօր առավոտյան ժամերին հաղորդել է, որ Ալմաթիի կենտրոնական հրապարակի շրջակայքում հրաձգությունը շարունակվում է, կան սպանվածներ, նրանց մարմինները ընկած են ճանապարհին, երևում են մի քանի գնդակոծված մեքենաներ, որոնցից առնվազն երկուսի մեջ դիակներ կան։

Տեղական «Ալմաթի» հեռուստաընկերության նկարահանող խումբը հրաձգության տակ է ընկել։ Վարորդը զոհվել է, լրագրողներից մեկը` վիրավորվել։

Ներքին գործերի նախարարությունն այսօր նաև հաղորդեց, որ մոտավորապես 20 ահաբեկիչներ փորձել են հարձակվել Տալդիկորգանի կալանավայրի վրա, փորձը ձախողվել է, հարձակումը հետ է մղվել, հարձակվողներից մեկը սպանվել է, ևս մեկը` վիրավորվել։

Ակտոբե քաղաքի վարչակազմի շենքը հետ գրավելու գործողության ժամանակ 7 ոստիկան է վիրավորվել, ներսում գտնվողներից մի քանիսը ձերբակալվել են։

Տոկաևը հրամայել է կրակ բացել առանց զգուշացման

Ղազախստանում շարունակվող բախումների ֆոնին` երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը այսօր հայտարարել է, թե իրավապահներին ու բանակին հրաման է տվել նշանառու կրակ բացել առանց նախազգուշացման։

Պետական հեռուստատեսությամբ հեռարձակված ժողովրդին ուղղված տեսաուղերձում Տոկաևն ասել է, թե երկրի բոլոր շրջաններում սահմանադրական կարգը հիմնականում վերականգնվել է, իրավիճակը կայունանում է․ «Հակաահաբեկչական գործողությունը շարունակվում է։ Գրոհայինները ցած չեն դրել զենքը, նրանց դեմ պայքարը պետք է տանել մինչև վերջ: Ով չի հանձնվի՝ կոչնչացվի»,- հայտարարել է նա` ընդգծելով, որ իշխանությունները բանակցությունների մեջ չեն մտնի ահաբեկիչների հետ։

«Արտասահմանից կողմերին ուղղված կոչեր են հնչում` բանակցություններ վարել խնդրի խաղաղ կարգավորման համար։ Ինչպիսի՜ հիմարություն։ Ի՞նչ բանակցություններ կարող են լինել հանցագործների, մարդասպանների հետ։ Մենք գործ ունենք զինված ու պատրաստված` թե՛ տեղացի, թե՛ արտասահմանցի բանդիտների հետ։ Ուստի, նրանց պետք է ոչնչացնել, և դա կկատարվի մոտ ժամանակում։ Իրավապահ ուժերը պատրաստ են կատարել այդ խնդիրը»,- ասել է Տոկաևը` նշելով, որ ճգնաժամն ու անկարգությունները հաղթահարելու համար օգնություն են ցուցաբերում ՀԱՊԿ-ի զորքերը, ու անկեղծ շնորհակալություն է հայտնել ՀԱՊԿ նախագահող Հայաստանի վարչապետին, Բելառուսի, Տաջիկստանի, Ղրղըզստանի նախագահներին ու հատկապես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ով, նրա խոսքերով, օպերատիվ, բայց կարևորը` ընկերաբար ու ջերմ արձագանքել է իր խնդրանքին։

Զոհերի համար կարող են պատասխանատու լինել միայն իշխանությունները. նախկին նախարար

«Ազատություն» ռադիոկայանին հարցազրույց է տվել Ղազախստանից հեռացած էներգետիկայի նախկին նախարար, «Ղազախստանի դեմոկրատական ընտրություն» կուսակցության առաջնորդ Մուխտար Աբլյազովը։ Ընդդիմադիր այդ կուսակցության գործունեությունը այս երկրում արգելված է։

Ղազախստանի նախագահի մասին նա ասել է, թե այսպես կոչված` գործող նախագահ Տոկաևը Նուրսուլթան Նազարբաևի կամակատարն է, իսկ Նազարբաևի ռեժիմի ավարտի մասին կարելի է խոսել այն ժամանակ, երբ գործող իշխանությունն ամբողջովին փոխվի։

Նա ասել է, որ իշխանություններն են սկսել խաղաղ ցուցարարների դեմ ուժ կիրառել, ու զոհերի համար կարող են պատասխանատու լինել միայն իշխանությունները, ուրիշ ոչ մեկը:

Նրա խոսքով` եթե իշխանությունները կրակելու հրաման տան, թաքնվելու ոչ մի տեղ չեն ունենա թե՛ երկրի ներսում, դե՛ դրսում. «Ո՛չ Նազարբաևը, ո՛չ նրա կամակատարները ոչ մի կետում հանգիստ չեն գտնի։ Նրանց ակտիվները պահվում են աշխարհի զարգացած երկրներում, և նրանք հասկանում են, որ այդ ակտիվները կարող են սառեցվել»։

Իսկ եթե իշխանությունենրը զենքի դիմեն, ապա Մուխտար Աբլյազովի կարծիքով, դա կնշանակի, որ նրանք «խելագարվել են», կորցել են ինքնապաշտպանվելու բնազդը: Նրա համոզմամբ` միլիոնավոր պատճառներ կային Ղազախստանում նման իրավիճակ բռնկվելու համար, ցանկացած բան կարող էր առիթ դառնալ։

«Կոռումպացված ռեժիմ, հարուստ երկիր, որն ահռելի ռեսուրսներ ունի, նավթ, ուրան, իսկ ժողովուրդն աղքատ է։ Մարդիկ դա հասկանում են, տեսնում` Նազարբաևի վերնախավը դղյակներ է գնում, նրա ընտանիքի անդամները միլիարդատեր են, տիրապետում են երկրի ռեսուրսներին, իսկ ժողովուրդն աղքատ է։ Մարդիկ շատ լավ են հասկանում, որ տնտեսական վատ վիճակի պատճառը կոռումպացված ռեժիմն է, նրանք միլիարդներով գողանում են, և այդ ամենը ժողովրդին դրդեց բողոքի ակցիաների, և հիմա նրանք չեն լռի»։

Մուխտար Աբլյազովի կարծիքով` եթե անգամ բողոքի ակցիաները դադարեն, դրանք կրկին նոր ուժով կվերսկսվեն, որովհետև ժողովուրդը համոզվեց, որ կարող է միավորվել ու հաջողությունների հասնել։

Ղազախստանում զինված բախումների, անկարգությունների էպիկենտրոնը երկրի խոշորագույն քաղաք Ալմաթին է։ Այսօրվա իրավիճակի մասին Ալմաթիի պարետն ասել է, որ կառավարական բոլոր շենքերը, այդ թվում` նախագահական նստավայրը, քաղաքապետարանը, ինչպես նաև քաղաքի կենտրոնական հրապարակմ արդեն գտնվում են անվտանգության ուժերի վերահսկողության տակ, բայց նրա ներկայացմամբ՝ ահաբեկիչները դեռ կատաղի դիմադրություն են ցույց տալիս։

Ռուսական ուժերը հայտնում են, որ վերահսկում են Ալմաթիի օդանավակայանը։

Ղազախստանի իշխանությունները ամբողջ երկրում սահմանել են ահաբեկչական սպառալիքի կրիտիկական բարձր մակարդակ։

Հունվարի 2-ից Ղազախստանում զանգվածային բողոքի ակցիաներ սկսվեցին հեղուկ գազի գնի թանկացման պատճառով, ցույցերն արագորեն վերածվեցին զինված բախումների։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG