Մատչելիության հղումներ

Համեմատություններ Հայաստանի հետ․ Արևմտյան և ռուսական մամուլը ղազախական ճգնաժամի մասին


Զրահամեքենա Ղազախստանի Ալմաթի քաղաքում, 7-ը հունվարի, 2022թ.
Զրահամեքենա Ղազախստանի Ալմաթի քաղաքում, 7-ը հունվարի, 2022թ.

«Ռուսաստանի առաջնորդության ներքո գործող դաշինքի 2500 հոգանոց զորախմբի ժամանումը Ղազախստան Մոսկվայի կողմից հարևան պետություններում ուժի ցուցադրության չորրորդ դեպքն է վերջին երկու տարիների ընթացքում», - գրում է The New York Times-ը՝ հիշեցնելով, որ նախորդ երեք դեպքերը տեղի են ունեցել Բելառուսում, Հայաստանում և Ուկրաինայում՝ երկրներ, որոնց «բարեհաճությունը Արևմուտքը փորձում էր շահել բավական տևական ժամանակ»։

Թերթը նաև մեջբերում է մոսկվացի փորձագետ Մաքսիմ Սուչկովի խոսքերը, որի պնդմամբ՝ «Ղազախստանի նման մեծ և ամուր թվացող պետության այսպիսի արագ ընկղմումը քաոսի մեջ շոկային էր։ Ղազախական դեպքերը, սակայն, ցույց տվեցին, որ երբ նախկին խորհրդային հանրապետությունները փորձում են հավասարակշռություն պահպանել Արևելքի և Արևմուտքի միջև՝ ի վերջո ճգնաժամ է ծագում, և այդ պետությունները հայտնվում են Ռուսաստանի գրկում»։

Ռուս խաղաղապահները Ղազախստանի օդանավակայանում, 7-ը հունվարի, 2022թ.
Ռուս խաղաղապահները Ղազախստանի օդանավակայանում, 7-ը հունվարի, 2022թ.

«Օտար խաղաղապահների ժամանումը Ղազախստան կարող է էլ ավելի թեժացնել կրքերը», - պնդում է CNN-ի մեկնաբանը՝ հիշեցնելով, որ Տոկաևի՝ ՀԱՊԿ զորախումբ ուղարկելու խնդրանքին «արագորեն պատասխանեց կազմակերպության գործող նախագահը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը»։

«Տոկաևի դիմումը ՀԱՊԿ-ին կարող է Ղազախստանի նախագահի նկատմամբ վստահության կորստի հանգեցնել երկրի ներսում», - CNN-ի հետ զրույցում նշում է Քարնեգի հիմնադրամի փորձագետ Փոլ Ստրոնսկին խորհուրդ տալով «չթերագնահտել ղազախական ազգայնականությունը»։

«ՀԱՊԿ-ին դիմելը ռիսկային քայլ էր», - համոզված է բրիտանական The Guardian-ի մեկնաբանը, նշելով, որ այդ որոշման պատճառներից մեկը կարող էր լինել այն, որ նախագահ Տոկաևը ցնցված էր տեսնելով, որ ուժայինների մի մասն անցնում է ցուցարարների կողմը, կամ էլ նրան մտահոգում էր իշխող վերնախավի այլ խմբերի պահվածքը։ Բրիտանական թերթի համոզմամբ՝ Մոսկվային դիմելով Տոկաևը ի ցույց դրեց իր թուլությունը, իսկ դա կարող է երկրի ներսում շատերին իր դեմ տրամադրել, քանի որ Ղազախստանում մշտապես «հպարտանում էին հատկապես երկրի վարած բազմավեկտոր արտաքին քաղաքականությամբ»։

«Կենսունակության քննություն», - Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի ղեկավար Ֆյոդոր Լուկյանովը մոսկովյան «Պրոֆիլ» հանդեսում հրապարակված հոդվածում այսպես է բնութագրում պատմական այն փուլը, որում, անկախության ձեռքբերումից 30 տարի հետո, հայտնվել են նախկին խորհրդային հանրապետությունները:

«Հայաստանի օրինակը վկայում է, որ այդ քննության հետևանքները ազգի համար կարող են շատ ծանր լինել։ Եվ սա այն դեպքում, երբ հայերի պարագայում գերակշիռ էր այն պատկերացումը, որ երկիրը, չնայած ակնհայտ խնդիրներին, ավանդական հակառակորդի հանդեպ ամուր ինքնություն ունի, ի վիճակի է հաջողությամբ մոբիլիազացվել և գոյատևել։ Ղազախստանը ևս կարող է երկար ժամանակ ամրապնդվող բարեհաջող թվացող ֆասադի և խորապես աղճատված էության միջև ապշեցուցիչ կոնտրաստի օրինակ դառնալ», -գրում է Լուկյանովը, համոզմունք հայտնելով, որ առաջիկայում հետխորհրդային տարածքում նման օրինակներ ևս կլինեն։

«Իսկ գոյություն ունե՞ր արդյոք ղազախական պետությունը», - «Ռուսաստանը համաշխարհային քաղաքականությունում» հանդեսի համար գրված հոդվածում նման հարց է հնչեցնում Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Կոնստանտին Սոնինը։ Նրա խոսքով՝ վերջին օրերի իրադարձությունները եկան վկայելու, որ 30 տարվա ընթացքում Ղազախստանում լիարժեքորեն կենսունակ պետություն այդպես էլ չի կառուցվել, պետություն, որ ունակ կլիներ դիմակայել սեփական քաղաքացիների դժգոհությանը»։

Ալմաթիի կենտրոնում գտնվող վարչական շենքի մոտ քանդված ցանկապատը, 7-ը հունվարի, 2022թ.
Ալմաթիի կենտրոնում գտնվող վարչական շենքի մոտ քանդված ցանկապատը, 7-ը հունվարի, 2022թ.

Սոնինի համոզմամբ՝ ներկա իրավիճակում Ղազախստանը Ռուսաստանին քաղաքականապես ենթակա պետություն է դառնալու։

«Այդ կախվածությունը շատ ավելի ուժեղ կլինի, քան Հայաստանի կամ Թուրքմենիայի այսօրվա կախվածությունն է Ռուսաստանից՝ նախևառաջ Ղազախստանում ռուս բնակչության զգալի համամասնության պատճառով», - գրում է փորձագետը։

«Ղազախական դեպքերը ցույց տվեցին, թե իրականում ինչից պետք է վախենա Ռուսաստանի նախագահը», - գրում է Washington Post-ը, պնդելով, որ դա գների կտրուկ աճն է։

Հիշեցնելով, որ ղազախական ճգնաժամը ծագեց հեղուկ գազի գնի աճի հետևանքով, ամերիկյան պարբերականի մեկնաբանը նկատում է. «Սա զուտ ղազախական խնդիր չէ։ Չարագուշակ զուգադիպությամբ սննդամթերքի և կենսական մյուս ապրանքների գները սրընթաց կերպով աճում են նաև Ռուսաստանում, պարզապես այդ երկրի քաղաքացիները, ի տարբերություն իրենց հարավային հարևանների դեռևս փողոց դուրս չեն եկել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG