Մատչելիության հղումներ

«Առաջին միտքը, որ մեր ուղեղում առաջացավ՝ մեր երեխաները չվախենան, համայնքը չցրվի». Որոտանի դպրոցի ուսուցչուհի


Ադրբեջանական անցակետը Սյունիքի մարզի Որոտան գյուղում
Ադրբեջանական անցակետը Սյունիքի մարզի Որոտան գյուղում

Որոտան, Շուռնուխ, Բարձրավան գյուղերի դպրոցների ուսուցիչներին «Ուրալն» է Գորիսից աշխատավայր հասցնում։

Տրամադրության ու ճնշման տատանումներն ամեն օր են։ «Էս ճանապարհը նոր են սարքում, էլի ոլորաններ ա, ավելի երկար ենք գնում։ Որոտանից անցնում ենք, էլի ոլորաններ ա։ Երկու ոլորան անցում ենք, ճնշման հետ կապված ոլորաններ», - ասում է Բարձրավանի միջնակարգ դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Անժելա Արզումանյանը։

Նոյեմբերի 11-ից ադրբեջանական կողմը Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում մաքսային, անձնագրային հսկողություն սահմանեց։ Ադրբեջանի հսկողության տակ անցած ճանապարհը շրջանցելու համար երեք համայնքների ուսուցիչները մեկ ու կես ժամանոց դժարանցանելի այլընտրանքային ճանապարհով են անցնում ՝ հընթացս հետևում այդ շրջանցիկ ճանապարհի շինարարությանը, որ սկզբում մի լեռնային կածան էր։

«Առաջին օրերին ոչ մեկ չէր իջնի էդ ճանապարհով, որովհետև լեռնային կածանի էր նման, իսկ մեկ ամիս ա արդեն կատարվում են լուրջ ճանապարհաշինարարական աշխատանքներ, օր-օրի է ամեն ինչ փոխվում։ Այս պահին էլ դեռ աշխատանքները վերջացած չեն, դեռ վաթսուն տոկոս և ավելի աշխատանքները մնում են», - ասում է Որոտանի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի Անուշ Գրիգորյանը։

Նրա խոսքով, Որոտանում հոգեբանական կրակոցները ամեն օր են ՝ գյուղի մուտքի մոտ տեղակայաված ադրբեջանական բազմաթիվ հենակետերից մինչև ծածանվող դրոշները։ Միակ ցանկությունն այն է, որ Որոտանի դպրոցի 43 աշակերտները չպակասեն անվտանգության խնդիրների պատճառով. - «Երեք կողմից ադրբեջանական հենակետեր են, երկու կողմից կային, երրորդ կողմից փակ ճանապարհն է։ Առաջին միտքը, որ մեր ուղեղում առաջացավ՝ մեր երեխաները չվախենան, համայնքը չցրվի»։

Որոտանն այս պատերազմից հետո սահմանային գյուղ դարձավ ու սահմանամերձի կարգավիճակ ստացավ, բնակիչները կոմունալ վճարների փոխհատուցում են ստանում։ Ամեն օր դժվար ճանապարհով Որոտանի իր աշակերտներին հասնող մաթմատիկայի ուսուցչուհի Սուսաննա Սարգսյանը շատ կուզեր, որ վերևում նստածները այս արտակարգ իրավիճակին համարժեք որոշում ընդունեին։

Որոտանի ուսուցիչները կիսով չափ են վճարվում, որվհետև դպրոցում աշակերտների թիվը փոքր է։ «Մենք մեզ անտեսված ենք զգում, որ էս դժվարությունները հաղթահարելով գալիս ենք, փոխարենը լիարժեք չեն վարձատրում։

Ուսուցիչների «Ուրալը» Գորիս - Կապան մայրուղուց կտրված գյուղերի բնակիչների համար էլ է փրկություն՝ ում ինչ պետք է Գորիսի խանութներից «Ուրալը» գյուղեր է հասցնում։

Կառավարությունը գարնանն է ասֆալտապատելու Գորիս - Կապան մայրուղու ադրբեջանական դարձած հատվածներին փոխարինող ճանապարհները։ Ուսուցիչները հույս ունեն, որ գոնե այդ ժամաանակ «Ուրալն» ավելի փափուկ մեքենայով կփոխարինվի։ Բարձրավանում նրանց սպասում են դպրոցի 5 աշակերտները, որոտանում 43, շուռնուխի դպրոցում 15 սովորողները։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG