Մատչելիության հղումներ

«15 րոպեի փոխարեն, այժմ ավելի քան 3 ժամ»․ Կապան-Ճակատենի փակ լինելու պատճառով 6 գյուղեր զրկվել են հիմնական ճանապարհից 


Գորիս-Կապան ճանապարհ, օգոստոս, 2021թ․
Գորիս-Կապան ճանապարհ, օգոստոս, 2021թ․

Կապան-Ճակատեն ճանապարհի փակ լինելու պատճառով Կապան խոշորացված համայնքի 6 գյուղեր, այդ թվում՝ Ճակատենը, Շիկահողը, Սրաշենը, Ներքին Հանդը, Ծավը և Շիշկերտը զրկվել են իրենց հիմնական ճանապարհից:

Այս գյուղեր հասնելու համար հիմա նախ Մեղրի պետք է գալ: Եթե նախկինում մարզկենտրոն Կապանից առավելագույնը15 րոպե էր պահանջվում Ճակատեն գնալու համար, այժմ ավելի քան 3 ժամ է պետք՝ շուրջ 150 կմ ճանապարհն անցնելու համար:

Ի դեպ, Ճակատեն ու մյուս գյուղեր հասնելու այլընտրանք հանդիսացող ճանապարհը բազմաթիվ շրջադարձերով է. բարդ է երթևեկելը: Գյուղացիներն ասում են՝ իրավիճակը էլ ավելի կբարդանա, եթե ձյուն գա:

Երեկ «Ազատությունը» Ճակատեն հասավ, այսպես ասած, այլընտրանքային ճանապարհով։ Այս ու մյուս գյուղերում փակ ճանապարհի պատճառով բազմաթիվ խնդիրներն են առաջացել:

Անասնապահ Բորիկ Սարուխանյանի կաթնամթերքը գյուղում է մնացել, մեկ օր առաջ դեռ ապրուստի միջոցը Կապան էր հասցնում՝ վաճառելու: Հիմա չգիտի՝ ինչ է անելու: Նա հաշվում է՝ շուրջ 150 կմ ճանապարհ կտրել-հասնել Կապան չի կարող, նույնքան էլ պահանջվելու է գյուղ վերադառնալու համար: Ժամանակից բացի, վառելիքի համար է մեծ գումար վճարելու, ասում է՝ ձեռք չի տա:

«Մեր կաթնամթերքը հիմնականում Կապանում էինք վաճառում, «ժիգուլի» ավտոմեքենայով ես էդ ճանապարհով հիմա չեմ կարող գնալ, մթերքս էլ կփչանա, էս ճանապարհով էլ ձեռք չի տա՝ 150 կմ է ճանապարհը․ 150 գնամ, 150 հետ դառնամ, իհարկե ձեռք չի տալիս։ Մոտ մի 15-16 գլուխ անասուն ունեմ, դրանով ենք մենք էլ ապրում», - ասաց Բորիկ Սարուխանյանը։

Գյուղացիները հոգսերն ավելացել են դեռ 44-օրյա պատերազմից հետո, երբ Ճակատենը սահմանակից դարձավ Ադրբեջանին: Ադրբեջանական դիրքերն արոտավայրերից շատ հեռու չեն. հիմա զգուշավոր են՝ հանկարծ անասուններն ադրբեջանական կողմ չանցնեն:

«Դժվարացել է մեր ապրելակերպը․ մի կողմից ճանապարհն է փակվել, մի կողմից էլ սահմանն է․ թուրքն արոտավայրերից մոտ 200 մետր հեռավորության վրա է։ Պոստերը դրել են, պոստ կա 3 կմ պոստից հեռու է, բայց հիմնականում արոտավայրերի մասերում է գտնվում», - ասաց անասնապահը։

Ազգայի անվտանգության ծառայությունը նախօրեին հայտնեց, որ Կապան-Ճակատեն ճանապարհի վիճահարույց հատվածում ադրբեջանական կողմը մաքսակետ է տեղադրում: Այդ հայտատարությունից հետո Ճակատեն տանող ճանապարհին հսկողություն են իրականացնում Ազգային անվտանգության ծառայության սահմանապահները: Նրանք արգելում են երթևեկն այդ ուղղությամբ:

5 օր առաջ էլ ադրբեջանական կողմը մաքսակետեր տեղադրեց Գորիս-Կապան ճանապարհի՝ իր վերահսկողության տակ գտնվող հատվածում: Այս ճանապարհի փակ լինելու պատճառով էլ փաստացի շրջափակման մեջ են մնացել Բարձրավանը, Շուռնուխն ու Որոտանը: Այս գյուղեր հասնելու այլընտրանքային ճանապարհները դեռ կառուցվում են:

Մինչ այդ իշխանությունները հավաստիացնում են՝ Գորիս-Կապանին ու Կապան-Ճակատենին այլընտրանք ճանապարհներ են կառուցվում, որոնք պատրաստ կլինի առաջիկայում, հստակ ժամկետներ, սակայն, չեն նշվում:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG