Մատչելիության հղումներ

Էյվազլիի հատվածում Ադրբեջանի կողմից որևէ սահմանային հսկողություն չիրականացնելու գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը․ Փաշինյան


Հայաստանի քաղաքացիների և բեռների նկատմամբ Գորիս-Կապան ճանապարհի Էյվազլիի հատվածում Ադրբեջանի կողմից որևէ սահմանային հսկողություն չիրականացնելու գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը, այսօր կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դա անընդունելի որակելով։

«Տարաշրջանային կոմունիկացիաների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը մշտապես եղել է այն, որ դրանք պետք է վերաբացվեն՝ առանց որևէ էքստերիտորիալության համատեքստի և համապատասխան մաքսային և անձնագրային հսկողությամբ, այսինքն՝ երբևէ չենք քննարկել ու չենք քննարկելու որևէ միջանցքային տրամաբանություն, ինչպես նախկինում մի քանի անգամ հայտարարել ենք», - ընդգծեց վարչապետը՝ շեշտելով՝ սա ֆիքսված է փոխվարչապետերի եռակողմ՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ֆորմատում և դա հրապարակային հաստատել է նաև Ռուսաստանը։

Ադրբեջանը և Թուրքիան պարբերաբար խոսում են «Զանգեզուրի միջանցքի» մասին, պաշտոնական Երևանը, սակայն, բազմիցս հայտարարել է, որ չի քննարկել և չի քննարկելու «միջանցքային տրամաբանությունը»՝ ընդգծելով, որ 44-օրյա պատերազմում հրադադարի մասին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում խոսքը տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունները բացելու մասին է։

Ադրբեջանական կողմը երեկ տեղեկացրել է, որ նոյեմբերի 11-ի լույս գիշերվանից Գորիս-Կապան ճանապարհի Էյվազլիի հատվածում մաքսային, անձնագրային հսկողություն կիրականացնի նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և բեռների նկատմամբ։ Ադրբեջանը օգոստոսից ճանապարհի այդ հատվածում մաքսային տուրքեր է գանձում իրանցի վարորդներից։

Հայաստանը, Փաշինյանի խոսքով, նույնպես ըստ անհրաժեշտության մաքսային, անձնագրային հսկոցության կետեր կտեղադրի, իսկ այդ հատվածով երթևեկող քաղաքացիներին վարչապետը հորդորեց օգտվել Կապան-Աղվանի-Տաթև-Հալիձոր-Շինուհայր Մ2 ճանապարհից, որը շահագործման է հանձնվել նախորդ շաբաթ։ Իրանական բեռնատարների համար իրադրությունը չի փոխվի, այն տարբերությամբ, որ նրանք հիմա կարող են երթևեկել Տաթև-Աղվանի ճանապարհով՝ առանց լրացուցիչ մաքսատուրքի։

Գործադիրի ղեկավարը տեղեկացրեց, որ երեկվանից Կապան-Տաթև հատվածով անցել է շուրջ 100 կցորդիչով բեռնատար։

Վարչապետը վերահաստատեց՝ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների դրույթներին՝ մասնավորապես ընդգծելով տարածշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաների ապաշրջափակումը։

«Հույս ունենք առաջիկայում հասնել կոնկրետ լուծումների՝ եռակողմ աշխատանքային խմբում համաձայնեցված և հայտարարված սկզբունքների հիման վրա», - ասաց Հայաստանի ղեկավարը՝ եզրափակելով․ - «Հայաստանի շուրջ նոր միջավայր է ձևավորվում, և մենք պիտի ամեն ինչ անենք, որ այդ միջավայրը հնարավորինս համապատասխան լինի մեր երկարաժամկետ ռազմավարական շահերին: Եվ մենք գնում ենք այդ ճանապարհով»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG