Մատչելիության հղումներ

Նախնական տվյալներով՝ «օմիկրոնը» կարող է ավելի քիչ ծանր ախտանիշներ առաջացնել, քան «դելտան»


Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի գրաֆիկական պատկերը, արխիվ
Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի գրաֆիկական պատկերը, արխիվ

Նախնական տվյալները ցույց են տալիս, որ կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը կարող է ավելի քիչ ծանր ախտանիշներ առաջացնել, քան ներկայումս գերիշխող «դելտա» շտամը, որը շարունակում է հոսպիտալացումների աճի պատճառ լինել, ասել են ԱՄՆ առողջապահության ոլորտի պաշտոնյաները:

Միաժամանակ, Սպիտակ տան գլխավոր բժշկական խորհրդական Էնթոնի Ֆաուչին երեկ ասել է, որ գիտնականներին ավելի շատ տեղեկություններ և ժամանակ է հարկավոր «օմիկրոնի» ծանրությունը որոշելու համար:

Հարավային Աֆրիկայից ստացված հաղորդումների համաձայն՝ շտամը կարող է ավելի քիչ ծանր ախտանիշներ առաջացնել, քան նախորդ տարբերակները: Հենց այնտեղ է առաջին անգամ հայտնաբերվել և արագորեն տարածվել «օմիկրոնը»:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ աշխարհում մահվան ոչ մի դեպք չի գրանցվել «օմիկրոնով» վարակվելու հետևանքով։

Միաժամանակ, գիտնականներն ու բժիշկները զգուշացնում են, որ պետք է զգույշ լինել, քանի որ խոսքը նոր շտամի տարածման սկզբի մասին է։ Նույնիսկ եթե «օմիկրոնը» պակաս վտանգավոր է, քան «դելտան», այն մնում է խնդրահարույց, CBS News-ին ասել է ԱՀԿ համաճարակաբան Մարիա Վան Կերխովը: - «Նույնիսկ եթե մենք ունենք մեծ թվով դեպքեր, որոնք մեղմ են, այդ անհատներից ոմանք հոսպիտալացման կարիք կունենան»:

Դե իսկ առայժմ «օմիկրոնի» հետ կապված սահմանափակումներն ավելանում են:

Իռլանդիայի իշխանությունները երկիր մուտք գործողներից պահանջում են թեստի բացասական պատասխան ներկայացնել, ավելի ճիշտ՝ երկուսը․ մեկը՝ ժամանելուն պես, երկրորդ թեստը պետք է կատարվի տեղում։

Շվեյցարիայում այսօրվանից խստացվում է պատվաստումների վկայականների ստուգումը և ավելանում է այն վայրերի ու իրավիճակների ցանկը, որտեղ քաղաքացիները կրկին պարտադիր պետք է դիմակ կրեն։

Երեքշաբթի օրվանից Մեծ Բրիտանիայի բոլոր այցելուները պետք է թեստի բացասական պատասխան ներկայացնեն սահմանին և երկու օրվա ընթացքում տեղում հանձնեն ևս մեկ թեստ, իսկ մինչև պատասխանը ստանալը մեկուսանան։

Ֆրանսիայի իշխանությունները պատրաստվում են առաջիկա ժամերին որոշել՝ արդյոք լրացուցիչ սանիտարահիգիենիկ միջոցներ կկիրառվե՞ն, թե՞՝ ոչ։

Բրյուսելում սահմանափակումների դեմ բողոքի ցույցեր են անցկացվել, ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է օգտագործել: Ցուցարարները փորձել են ներխուժել եվրոպական կառույցների կենտրոնակայան, սակայն կանգնեցվել են։

XS
SM
MD
LG