Մատչելիության հղումներ

Միջոցներ են ձեռնարկվում՝ կանխելու «օմիկրոն» շտամի ներթափանցումը Հայաստան


HEALTH-CORONAVIRUS/
HEALTH-CORONAVIRUS/

Կորոնավիրուսի նոր շտամի՝ «օմիկրոնի» ներթափանցումը կանխարգելելու նպատակով աֆրիկյան մի շարք երկրներից Հայաստան մուտքը կսահմանափակվի։

Կորոնավիրուսի նոր շտամի՝ «օմիկրոնի» ներթափանցումը կանխարգելելու նպատակով աֆրիկյան մի շարք երկրներից Հայաստան մուտքը կսահմանափակվի։

Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. - «Նախատեսում ենք մի շարք երկրներից, որոնք ենք Հարավաֆրիկյան Հանրապետություն, Բոթսվանայի Հանրապետություն, Լեսոտոյի Թագավորություն, Նամիբիայի Հանրապետություն, Զիբաբվեի Հանրապետություն, Մոզամբիկի Հանրապետություն, Մադագասկար և Տանզանիա։ Այս երկրներից քաղաքացիների ժամանակավոր մուտքը Հայաստանի Հանրապետություն սահմանափակելու մասին»։

Առաջին անգամ Հարավաֆրիկյան Հանրապետությունում հայտնաբերված քովիդի նոր շտամի վտանգավորության աստիճանը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բարձր է գնահատում՝ նշելով այդուհանդերձ, որ «օմիկրոնի» մասին առայժմ շատ բան հայտնի չէ։ Նախնական գնահատականներով, այն կարող է ավելի արագ տարածվել, նաև նվազեցնել քովիդի դեմ առկա պատվաստանյութերի արդյունավետությունը։

ԱՀԿ-ն այժմ փորձում է ավելի հստակ պատկեր ստանալ նոր շտամի ռիսկայնության վերաբերյալ, ինչը, սակայն, ժամանակ կպահանջի։

«Օմիկրոնն» աշխարհի գերտերությունների ուշադրության կենտրոնում է։ Այսօր Մեծ յոթնյակի երկրների առողջպահության նախարարները հրատապ հանդիպում կունենան։

Մինչև այդ, ինչպես Հայաստանը, մի շարք պետություններ, արդեն սահմանափակել են քաղաքացիների մուտքը Հարավային Աֆրիկայից։ Այս շտամը հայտնաբերվել է նաև եվրոպական մի քանի երկրներում, Ավստրալիայում։

Վարակաբան Հասմիկ Ղազինյանի գնահատմամբ, այժմ պետք է առավել քան զգոն լինել, քանի որ քովիդի նոր շտամերը շատ արագ են տարածվում. - «Պահանջում էր վերահսկողություն, պահանջում է վերահսկողություն, պահանջելու է վերահսկողություն, որովհետև չգիտենք, թե դեռ ինչ անակնկալներ է պատրաստում այս չարիքը մեզ համար»։

ԱՀԿ-ն նոր շտամին «մտահոգիչ» դասակարգում է տվել և այժմ փորձում է նոր շտամի ռիսկայնության վերաբերյալ ավելի հստակ պատկեր ստանալ, ինչը , սակայն, ժամանակ կպահանջի։

Անահիտ Ավանեսյան
Անահիտ Ավանեսյան

Հայաստանում, որտեղ վերջին ամիսներին ակտիվորեն շրջանառվում է «դելտա» շտամը, վարակի տարածման տեմպերը նվազել են, նախորդ օրը 189 նոր դեպք է հայտնաբերվել, քովիդից մահացել է 21 մարդ։

«Մենք բոլորս գիտենք, որ քովիդով պայմանավորված ալիքի նվազման ժամանակ մահերի ցուցանիշների նվազումը տեղի է ունենում երկու-երեք շաբաթ անց։ Մեր գնահատականներով, առաջիկայում կունենանք նաև մահվան դեպքերի արձանագրված նվազում», - այսօր նշեց Ավանեսյանը։

ԱՀԿ-ն արդեն զգուշացրել է, որ «օմիկրոնի» տարածումը կարող է նոր բռնկումների պատճառ դառնալ՝ լուրջ հետևանքներով, հատկապես վակցինացիայի ցածր մակարդակ ունեցող երկրներում։ Հայաստանում, որտեղ թեև դեռևս այս շտամը չի հայտնաբերվել, այս պահին ամբողջությամբ պատվաստված է շուրջ 430 հազար քաղաքացի, կամ չափահաս բնակչության շուրջ 22 տոկոսը։ Սա ամենացածր ցուցանիշն է տարածաշրջանում։

«Իհարկե մտահոգությունը, թե նորանոր շտամերն ինչպես են ազդելու պատվաստանյութերի արդյունավետության վրա, մնում է։ Բայց, ինչպես տեսնում ենք, «դելտա» շտամը երբ որ նոր էր շրջանառվում, նմանատիպ մտահոգություններ ևս կային, և այն իհարկե փոխեց պատկերը պատվաստված քաղաքացիների վարակելիության առումով, բայց այնուամենայնիվ ծանր և ծայրահեղ ծանր ընթացքով և մահվանից պաշտպանության բավարար շեմ ապահովում են պատվաստումները», - հավաստիացրեց նախարարը։

Պատվաստված քաղաքացիների շրջանում, սակայն, մահեր եղել են։ Առողջապահության նախարարի խոսքով, 75-ից բարձր միջին տարիք ունեցող 23 մարդ հիվանդությունը չի հաղթահարել. - «Բոլորի մոտ գրանցված է եղել խրոնիկ հիվանդություններ, այնպիսին, ինչպիսին շաքարային դիաբետ, տարբեր օրգանների չարորակ նորագոյացություններ, սրտի իշեմիկ հիվանդություններ, լյարդի ցեռոզ, զարկերակային գերճնշում»։

Անահիտ Ավանեսյանն այսօր տեղեկացրեց նաև մոտալուտ նոր խստցումների մասին. եթե հոկտեմբերից գործող կարգավորումներով աշխատող քաղաքացիները կամ պետք է պատվաստված լինեն, կամ պարբերաբար քովիդի ՊՇՌ թեստ հանձնեն, ապա նախատեսվում է հունվարի 1-ից այս պահանջը կիրառել նաև հանրային վայրեր մուտք գործելու դեպքում. - «Հունվարի 1-ից նաև հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին մուտքը քաղաքացիների կարող է լինել միայն ՊՇՌ բացասական թեստի արդյունքով կամ պատվաստված լինելու հանգամանքը հավաստիացնելու դեպքով»։

Ի դեպ, գործատուին տասնչորս օրը մեկ ՊՇՌ թեստի պատասխանը ներկայացնելու պահանջը մի քանի օրից ավելի կխստացվի։ Աշխատող, բայց չպատվաստված քաղաքացիները դեկտեմբերի 1-ից պետք է արդեն յոթ օրը մեկ ներկայացնեն թեստի արդյունքը։

XS
SM
MD
LG