Մատչելիության հղումներ

Ադրբեջանը «խաղաղությունը փորձում է վաճառել Հայաստանին»


Ադրբեջանում կարծում են, որ Հայաստանի համար հիմնական օրակարգը խաղաղությունն է և կարող են խաղաղությունը Հայաստանի վրա վաճառել, ցանկացած պարագայում բանակցությունները շեղել իրենց ուղղությամբ, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը՝ շեշտելով՝ Ադրբեջանում ցանկացած բանակցության առաջ դնում են այդ հարցը։

Սոչիում նոյեմբերի 26-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները 3 ժամ տևած եռակողմ հանդիպումից հետո համատեղ հայտարարություն ընդունեցին ու թեև պաշտոնական Երևանը հայտարարեց, որ Սոչիի հայտարարությամբ հերքվել է «միջանցքի թեզը», Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարները Սոչիի հանդիպումից օրեր անց Աշգաբատում կայացած գագաթնաժողովում կրկին խոսեցին այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» և դրա կյանքի կոչման հեռանկարի մասին։

Միքայելյանն այստեղ տերմինների հարց է տեսնում՝ նշելով՝ Հայաստանն ասում է, որ կոմունիկացիաների բացման մասին է խոսքը, Ադրբեջանն ասում է, որ դա «Զանգեզուրի միջանցք է»։ «Կամ նույնիսկ հիմա շատ հաճախ ասում են թյուրքական միջանցք։ Այսպիսով՝ այս միջանցքով նախատեսվում է կապել Թուրքիան, Ադրբեջանը և նաև ապահովել Թուրքիայի մուտքը դեպի Միջին Ասիա», - ասաց քաղաքագետը։

Շեշտելով՝ տևական ժամանակ է, որ բուն բովանդակային բանակցությունների ժամանակ Ադրբեջանը խոսում է մեկ միջանցքից՝ քաղաքագետ Արեգ Քոչինյանն էլ նշեց՝ դա ռուսական միջանցքն է՝ այն համարելով, ըստ էության, նոյեմբերի 9-ի համաձայնագրի 9-րդ կետի իմպլեմենտացում։

«Այսինքն՝ սա, իհարկե, դասական այն միջանցքը չէ, որի մասին այսքան ժամանակ խոսվում է մեր քաղաքական, վերլուծական դաշտում, որ «երկու կողմից նացիստները 20-րդ դարում կանգնած էին, արանքում խաղաղ բնակչությունը գնում գալիս է», բայց սա, ըստ էության միջանցք է, որովհետև, եթե Հայաստանը երաշխավորում է, որ տալու է անխոչընդոտ ճանապարհ և այդ ճանապարհի վերահսկողությունը (контроль) իրականացնելու է ռուսական կողմը, ապա սա հենց ռուսական միջանցքն է», - ասաց քաղաքագետը։

Քոչինյանի համոզմամբ՝ բովանդակային քննարկումների ժամանակ քննարկվում է սա, իսկ հանրային տիրույթում կրկնվող թյուրքական կամ ադրբեջանական միջանցքը, մահակ է նաև Հայաստանին վախեցնելու համար։ «Որ, եթե չհամաձայնեք ռուսական միջանցքին, կփորձենք ուժով վերցնել սա, մյուս կողմից թուրքական կողմը կփորձի սա օգտագործել որպես խաղաքարտ, այն պարագայում, եթե ռուսները որոշեն ետ քաշվել՝ իրացնելու համար արդեն սեփական ծրագիրը», - ասաց Քոչինյանը։

Միքայելյանը հակադարձում է՝ Ռուսաստանի վերահսկողություն չի նշանակում, որ միջանցքը ռուսական է։ «Առհասարակ միջանցք թեման դեռ համաձայնեցված չի և դեռ անհասկանալի է՝ ինչ կարգավիճակ է ունենալու այս տրանսպորտային կոլիդորը, եթե առհասարակ գոյություն կունենա։ Կարծում եմ, որ դեռ շատ լուրջ հարց է՝ գոյություն ունենալու է, թե՝ ոչ», - ասաց քաղաքագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG