Մատչելիության հղումներ

«Զանգեզուրյան միջանցքի բացումը ամենակարևոր հարցերից է». Ադրբեջանի վարչապետ


Բաքուն վերստին խոսում է այսպես կոչված զանգեզուրյան միջանցքի բացումից։ Այդ մասին այսօր Ադրբեջանի խորհրդարանում հայտարարել այդ երկրի վարչապետ Ալի Ասադովը:

«Զանգեզուրյան միջանցքի բացումը ամենակարևոր հարցերից է: Տարածաշրջանում տրանսպորտային միջանցքների բացումը բխում է Ադրբեջանի շահերից», - ասել է Ասադովը:

Այլ մանրամասներ Ադրբեջանի կառավարության ղեկավարը չի նշել։ Փոխարենն Ասադովը հիշատակել է Ֆիզուլիի օդանավակայանի բացման և Լաչինում ու Զանգելանում օդանավակայանների, նրա հավաստմամբ, շարունակվող շինարարության կարևորության մասին։

Ադրբեջանի իշխանությունները Զանգելանի օդանավակայանը ներկայացնում են որպես տրանսպորտային հանգույց, որը Հայաստանի հարավով «նախատեսված» ցամաքային ճանապարհով Ադրբեջանի հիմնական մասը կմիացնի Նախիջևանի հետ։

«Զանգեզուրյան միջանցքի» բացման մասին Ադրբեջանի վարչապետի հայտարարությունը հնչում է Պուտին-Ալիև -Փաշինյան եռակողմ հանդիպումից մի քանի օր անց։

Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցությունների արդյունքում ընդունված հայտարարությունում «միջանցք» բառը բացակայում է։ Ի պատասխան «Զանգեզուրյան միջանցքի առաջիկա բացման» մասին պաշտոնական Բաքվի հայտարարությունների՝ Երևանը պնդում է, որ եռակողմ հայտարարություններում «միջանցքային տրամաբանություն չկա»։

Չնայած կողմերը պայմանավորվել են ապաշրջափակել տարածաշրջանային հաղորդակցության ուղիները, այդուհանդերձ Երևանն ու Բաքուն դեռևս չեն հստակեցնում, թե կոնկրետ որ ավտոճանապարհներն ու երկաթուղիներն են սպասում բացման։

Ադրբեջանից դեպի Հայաստան կա երկու ճանապարհ, երկուսն էլ հասնում են Նախիջևան, ապա՝ Թուրքիա․ այդ ուղիներից մեկն անցնում է Իջևանով, մյուսը՝ Զանգելանով։ Խորհրդային տարիներին գործող երկու ճանապարհներն էլ փակ են 90-ականներից՝ ղարաբաղյան առաջին պատերազմից ի վեր։ Բաքուն նախապատվությունը տալիս է երկրորդ ճանապարհի բացմանը, որն արդեն անվանել է «Զանգեզուրյան միջանցք»։

«Հայաստանը շահագրգիռ է, որ երկաթուղային ու ավտոմոբիլային կապը վերականգնվի: Այո՛, Ադրբեջանը պետք է ստանա ճանապարհ, տվյալ դեպքում, Նախիջևանի մասին չէ խոսքը, խոսքը Թուրքիա-Ադրբեջան կապի մասին է, ես հույս ունեմ` ճիշտ կհասկացվեմ՝ այդտեղ էլ Հայաստանը շահագրգռություն ունի», - անցած օրերին հայտարարում էր Հայաստանի վարչապետը։

Զանգեզուրյան միջանցքի բացման կարևորության մասին Ադրբեջանի կառավարության ղեկավարը խոսել է Միլի Մեջլիսում՝ հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի շուրջ քննարկումների ժամանակ, որը երկրի խորհրդարանն այսօր երրորդ ընթերցմամբ ընդունեց։ Վարչապետ Ասադովի բնորոշմամբ՝ հաջորդ տարվա պետբյուջեն անկախ Ադրբեջանի պատմության ամենամեծ բյուջեն է։

«Բյուջեում Որպես գերակա ուղղություն են ընտրվել ազատագրված տարածքների հետ կապված հարցերը», - ասել է Ալի Ասադովը։

Այդպիսով՝ Ադրբեջանի հաջորդ տարվա պետբյուջեի եկամուտների բաժինը կազմում է 15 միլիարդ 800 միլիոն դոլար, ընդ որում՝ այդ գումարի ավելի քան կեսը մոտ 55 տոկոսը ապահովելու է նավթից ստացվող եկամուտները։ Պաշտպանական ոլորտին կառավարությունը կհատկացնի ավելի քան 2,5 միլիարդ դոլար։ Ադրբեջանի կառավարության գնահատականներով տնտեսական աճը հաջորդ տարի կկազմի 3,9 տոկոս։

44-օրյա պատերազմում տարած հաղթանակից հետո Ադրբեջանի իշխանությունները ազդարարել են առաջիկայում հարյուր հազարավոր քաղաքացիների Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում վերաբնակեցնելու մասին։ Հստակ թվականներ չեն նշվել։ Ադրբեջանի կառավարությունը հարցումներ է իրականացնել այդ շրջանների նախկին բնակիչների հետ հասկանալու, թե քանի մարդ է պատրաստ վերաբնակեցնել վերադարձրած շրջանները։ Արդյունքները դեռևս չեն հրապարակվել։

Մինչ այդ Ալիևի վարչակազմը հատուկ հայեցակարգ է ընդունել «խելացի գյուղեր» հավակնոտ անվանմամբ։

Աշխարհում հայտնի և լայնորեն կիրառվող այդ նախագիծը կոչված է ավտոմատացման շնորհիվ նվազագույնի հասցնել մարդուժը գյուղատնտեսական աշխատանքներում։ Բաքուն նախատեսում է շուրջ 1.3 միլիարդ դոլար հատկացնել ծրագիրը կյանքի կոչելու համար, սեպտեմբերին այս մասին հայտարարել է Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում։

«Թուրան» գործակալության հետաքննությունն, ի դեպ, պարզել է՝ Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում ներդրված այդ նախագծերի հետևում կանգնած են կառավարության հետ կապ ունեցող խոշոր գործարարներ, իսկ ագրոպարկերի գլխավոր օպերատորն է Ալիևի դուստրերին պատկանող Pasha Holding-ը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG