Մատչելիության հղումներ

Ըստ ԱԳՆ-ի, Սոչիի հայտարարությամբ հերքվել է «միջանցքի թեզը», ընդդիմադիրները կասկածում են


Ի տարբերություն Բաքվի, Երևանը մինչև այժմ գնահատականներ չի տվել Սոչիում՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների հայտարարությանը։

Պաշտոնական Բաքուն անմիջապես էր հայտարարել, որ Սոչիի հանդիպման արդյունքում ընդունված եռակողմ հայտարարությունն ամբողջությամբ արտացոլում է իրենց տեսակետները։ Այսօր Հայաստանի արտգործնախարարության խոսնակը կարծիք է հայտնել, որ Սոչիի հայտարարությունը մի քանի կարևոր արձանագրում է կատարել:

Վահան Հունանյանը նախ շեշտել է այն, ինչ մոտավորապես գրված է 4 օր առաջ ընդունված եռակողմ հայտարարության տեքստում, որ կողմերը վերահաստատում են իրենց պարտավորությունը 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր դրույթների հետևողական և անվերապահ իրականացման վերաբերյալ։ Սա վերաբերում է նաև Ադրբեջանի կողմից մինչ այժմ չկատարված, նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետով ամրագրված՝ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձին ու այլ կետերով չկատարված պարտավորություններին, մասնավորապես գրել է Հունանյանը։

Հղում է կատարվում մի փաստաթղթի, որի 8-րդ՝ գերիների փոխանակումը երաշխավորող կետը Ադրբեջանը մեկ տարուց ավելի է փաստացի չի կատարում։ Հայկական կողմի ոչ պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական բանտերում դեռ պահվում են մի քանի տասնյակ հայ գերիներ։ Ինչին ի պատասխան Բաքուն պնդում է, թե վերադարձրել է բոլորին՝ պահվող քաղաքացիներին անվանելով «ահաբեկիչներ»։

Իսկ նոյեմբերի 16-ի սահմանային վերջին լարումների ընթացքում, ըստ հայկական կողմի չճշտված տեղեկությունների, Ադրբեջանը 3 տասնյակից ավելի նոր գերիներ է վերցրել։

Ըստ Մելքոնյանի՝ այս հայտարարությամբ ԱԳՆ-ն ասում է՝ Ադրբեջանը կվերադարձնի հայ գերիներին, ԱԺ ընդդիմադիրները չեն կիսում տեսակետը

«Այսօրվա հայտարարությամբ Արտգործնախարարությունն ասում է՝ Ադրբեջանը կվերադարձնի հայ գերիներին»,- իշխանական «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի մեկնաբանությունն է։

«Ես հասկանում եմ, որ այնտեղ հարցը բարձրացվեց, որովհետև նոյեմբերի 9-ի ստորագրած համաձայնագիրը լիովին չի կատարվել, մենք կատարել ենք, բայց ադրբեջանցիները չեն կատարել: Նաև վարչապետն այդ հարցը բարձրացրեց, շոշափեց այնտեղ, որ այդ հարցը պետք է լուծվի, եթե նորից ենք մենք, ասենք, սահմանազատման, սահմանագծման համար հանձնաժողովներ կազմում, ուրեմն նաև այդ հարցն էլ պետք է լուծվի: Ինձ թվում է, որ այդ հարցը պետք է լուծվի», - ասաց Մելքոնյանը:

Խորհրդարանական ընդդիմադիրները չեն կիսում իշխանության լավատեսությունը։ «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը կարծում է՝ Արտգործնախարարության այսօրվա հայտարարությունը ներքին լսարանի համար էր: Եթե գերիների վերադարձի պայմանավորվածություն է ձեռք բերվել, ինչո՞ւ այդ մասին ուղիղ գրված չէ Սոչիի փաստաթղթում, հարցնում է ընդդիմադիր պատգամավորը։

«Որովհետև ներհայաստանյան լուրջ քննադատության ալիք բարձրացավ՝ 2021 թվականի Սոչիի հայտարարության մեջ գերիների հարցի բացակայությանը: Նրանք ներքին լսարանին մի փոքր հանդարտեցնելու համար ասում են ներքին՝ հայաստանյան լսարանի համար, ինչպես Ալիևը շատ հարցերով խոսում է իր ներքին լսարանի համար, բայց խոսքը վերաբերում է բուն գործողություններին: Գործողություններ չենք տեսնում», - ասաց Մանուկյանը:

Ընդդիմության քննադատություններին, թե գերիների վերադարձի մասին կոնկրետ դրույթ պետք է լիներ Սոչիի փաստաթղթում, Մելքոնյանը պատասխանում է. «Լավ կլիներ, բայց մեզնից չի կախված դա, դա կախված է Ադրբեջանից և Ռուսաստանից»:

Արտգործնախարարության խոսնակը այսօր նաև տեսակետ է հայտնել, թե Սոչիի հայտարարությամբ «հերթական անգամ հերքվում են «միջանցքի» կամ միջանցքային տրամաբանության մասին քարոզչական թեզերը»:

Որ Հայաստանն իր ինքնիշխան տարածքով Ադրբեջանին միջանցք չի տալու, այսօր «Հրապարակի» հետ զրույցում նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է պնդել. - «Ճանապարհների ապաշրջափակման պարագայում թե՛ երկաթգիծը, թե՛ ավտոմոբիլային ճանապարհները լինելու են լիարժեք Հայաստանի իրավազորության և ինքնիշխանության ներքո գործող ճանապարհներ»։

Իշխանական պնդումները չեն համոզում ընդդիմադիր «Պատիվ ունեմ»-ից Թագուհի Թովմասյանին. - «Միջանցքի մասին որքան ինտենսիվ հերքում է հայկական կողմը, նույնքան ինտենսիվ թուրքալեզու պետությունների ղեկավարները, ի վերջո ցածր մակարդակի մասին չենք խոսում, հռչակագիր են ընդունում և այդ հռչակագրով ֆիքսում են, այսպես ասած «Զանգեզուրի միջանցքի» մասին, նշանակում է՝ իրենք որևէ հույս ունեն, իրենք առաջարկություն են ստացել կամ, չգիտեմ, իրենք պայմանավորվածություն ունեն դա կյանքի կոչելու»:

Չնայած Ռուսաստանի նախագահը Սոչիի եռակողմ հանդիպումից հետո հայտարարել էր, որ այս շաբաթ Մոսկվայում տեղի կունենա երեք երկրների փոխվարչապետերի հանդիպումը, Մհեր Գրիգորյանի գրասենյակը դեռ չի հստակեցնում թե՛ ժամկետները, թե՛ օրակարգը։ Պուտինի հայտարարության համաձայն՝ հենց նրանք պետք է հայտարարեին ապաշրջափակման հարցով Սոչիում համաձայնեցված որոշումները։

XS
SM
MD
LG