Մատչելիության հղումներ

Առայժմ հայտնի չէ, թե ինչ բովանդակություն ունեն եռակողմ աշխատանքային խմբի ստորագրելիք փաստաթղթերը


Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի  ղեկավարների բանակցությունները Մոսկվայում։ 26-ը նոյեմբերի, 2021 թ.
Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի  ղեկավարների բանակցությունները Մոսկվայում։ 26-ը նոյեմբերի, 2021 թ.

Առաջիկա օրերին Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետերը Մոսկվայում կհայտարարեն, թե ինչի շուրջ են պայմանավորվել երեք երկրների ղեկավարները անցած շաբաթ Սոչիում կայացած հանդիպման ժամանակ։

Առաջիկա օրերին Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետերը Մոսկվայում կհայտարարեն, թե ինչի շուրջ են պայմանավորվել երեք երկրների ղեկավարները անցած շաբաթ Սոչիում կայացած հանդիպման ժամանակ։

Հնարավոր է, որ եռակողմ աշխատանքային խմբի հերթական այդ նիստի արդյունքներով ստորագրվեն փաստաթղթեր տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։ Թե ինչ բովանդակություն կարող են դրանք ունենալ, արդյո՞ք հնարավոր պայմանավորվածությունները կնախանշեն, թե որտեղով են անցնելու ավտոմոբիլայաին և երկաթուղային ճանապարհները, և կամ ովքե՞ր ու ինչպե՞ս են դրանք վերահսկելու, այս պահին դեռ հայտնի չէ։

Նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, որ կողմերը համաձայնության են եկել երեք կետերի շուրջ։ Առաջինը, պայմանավորվել են մինչև տարեվերջ ստեղծել սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեկնարկի համար անհրաժեշտ մեխանիզմներ, սակայն հստակ չէ, թե որոնք են դրանք։ Բացի այդ, ըստ Պուտինի, հաջողվել է առաջ շարժվել նաև հումանիտար հարցերի շուրջ։ Թե կոնկրետ որոնց և ինչպես՝ Պուտինը կրկին չի հստակեցրել։ Եվ երրորդ հարցը, որի շուրջ,Պուտինի խոսքով, հաջողվել է պայմանավորվել, ճանապարհների ու տրանսպորտային կապերի ապաշրջափակումն է։

Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո ստորագրված նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Հայաստանը պարտավորվել էր ապահովել տրանսպորտային հաղորդակցություն Նախիջևանի և Ադրբեջանի միջև։ Միաժամանակ, փաստաթուղթը արձանագրում է, որ այդ հաղորդակցությունը վերահսկելու են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերը։

Ուշագրավ է, որ Ալիևի և Փաշինյանի հետ հանդիպումից առաջ Պուտինը նախ հանդիպել էր Անվտանգության դաշնային ծառայության ղեկավարի հետ, իսկ եռակողմ բանակցություններից հետո դրանց արդյունքները ներկայացրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նիստում։

Եռակողմ հանդիպումը ռուսաստանյան լրատվամիջոցների գլխավոր նորությունների շարքում էր

Սոչիի եռակողմ հանդիպումը անցած օրերին ռուսական հեռուստածրագրերի և մամուլի գլխավոր նորություններից էր։ Հիմնական շեշտադրումը հետևյալն էր. Ռուսաստանի նախագահին հերթական անգամ հաջողվեց «հաշտեցնել» միմյանց հետ «պայմանավորվելուն ընդդիմացող» Ալիևին և Փաշինյանին։

«Կոմերսանտը», մասնավորապես, գրել է, որ եռակողմ հանդիպման սկզբում Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ մայսիսի 12-ից ադրբեջանական զորքերը ներխուժել են Հայաստանի սուվերեն տարածք։ Հոդվածագիրը նկատում է. - «Առաջին հայացքից, դա մի մարդու խոսքեր չէին, ով եկել էր ինչ-որ բան պայմանավորվելու։ Լավ է, որ մյուս երկու բանակցողներն արդեն տեսել էին երրորդի նման պահվածքը և գիտեին, որ կես ժամ անց նա կարող է անճանաչելիորեն փոխվել»։

«Կոմերսանտի» թղթակիցը հեգնում է նաև Արդբեջանի նախագահին՝ մեջբերելով Ալիևի հայտարարությունը, թե ռազմական գործողություններից հետո Բաքուն հարյուրից ավելի ձերբակալված հայ զինծառայողների է հանձնել հայկական կողմին, այդ թվում՝ մեկին այդ օրը առավոտյան։ «Այդպես ի նշան բարի մտադրությունների, բանկ թալանողները պատանդներից մեկին են բաց թողնում ՝ շարունակելով իրենց մոտ պահել վաթսուն հոգու», - գրել է Անդրեյ Կոլեսնիկովը։

Ռուսական մեկ այլ հեղինակավոր պարբերական՝ РБК-ն եռակողմ հանդիպման օրը ծավալուն հոդված էր հրապարակել «Ղարաբաղյան երկրորդ պատերազմ․ ինչո՞ւ է այն սկսվել և ինչո՞վ է ավարտվել» վերնագրով։ Հեղինակը գրում է, թե պատերազմից հետո չլուծված գլխավոր ինտրիգներից մեկն այն է, թե ինչու ադրբեջանական բանակը կանգ առավ և չգրավեց Լեռնային Ղարաբաղի ողջ հայկական մասը և մայրաքաղաք Ստեփանակերտը։ РБК-ի՝ բանակցությունների բովանդակությանը ծանոթ երկու անանուն աղբյուրներ պնդում են, թե դա տեղի է ունեցել այն պատճառով, որ Մոսկվան խստացրել է Բաքվի հետ հռետորաբանությունը. - «Պատերազմի վերջին օրերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «կոշտ» զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ»։

Սակայն Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեկովը հերքել է, թե Պուտինը սպառնացել է Ալիևին։

Միևնույն ժամանակ, РБК-ն հիշեցնում է, որ հրադադարի մասին հայտարարությունից մի քանի ժամ առաջ լիովին չբացահայտված հանգամանքներում ադրբեջանցիները ուղղաթիռ էին խոցել Նախիջևանի հետ սահմանին, ինչից հետո Ալիևը ներողություն էր խնդրել և խոստացել էր պատժել մեղավորներին։ Սակայն հետաքննության արդյունքները այդպես էլ չեն հրապարակվել։

Ընդ որում, անդրադառնալով դրանից հետո տեղակայված խաղաղապահներին՝ РБК-ն, հղում անելով իր աղբյուրին, գրում է, որ նրանց մանդատը մինչև օր հստակեցված չէ։ Բաքուն պնդում է, որ պատրաստ է քննարկել առաքելության մանրամասները միայն Մոսկվայի հետ՝ առանց Հայաստանի մասնակցության, և սեփական տարածքային ամբողջականության համատեքստում։

Ռուսական պարբերականը որոշ մանրամասներ է հայտնում պատերազմին նախորդած իրավիճակի վերաբերյալ։ «Այն, որ ամեն բան գնում է դեպի պատերազմ, հայտնի դարձավ հուլիսին տավուշյան մարտերից հետո», - ասել է հայաստանցի մի դիվանագետ, ով մասնակցել է Անվտանգության խորհրդի նիստերին։ - «Այդ միջադեպը պատահականության արդյունք էր, բայց դրանից հետո պատերազմը դարձավ Ալիևի համար կենսական հարց՝ սեփական իշխանությունը պահելու համար»։ Սակայն մինչ այդ, ըստ РБК-ի զրուցակիցների, կողմերի միջև բավականին ակտիվ բանակցություններ են ընթացել, որոնց արդյունքներով Երևանն ու Բաքուն պետք է մայիսից անցնեին առարկայական բանակցությունների և քննարկեինք միմյանց առաջարկները։

Երևանը, օրինակ, առաջարկել է հրաժարվել «անվտանգության գոտու» բաժանումը յոթ շրջանների՝ փոխարենը առաջարկելով «գծել ԼՂՀ-ի նոր սահմանները՝ ըստ կոորդինատների», որպեսզի հայերի համար «հարմար լինի այն պաշտպանել էսկալացիայի դեպքում»։ «Անվտանգություն կարգավիճակի դիմաց». այսպես է հայ դիվանագետը բնութագրել այդ առաջարկը, որի շուրջ քննարկումներն ընդհատվել են համավարակի պատճառով։

Հոդվածի հեղինակը նաև մանրամասներ է հայտնում հոկտեբմերի 19-20-ի բանակցություններից, երբ Պուտինին, ինչպես ինքն է ձևակերպել՝ «հաջողվել էր հրադադարի իրական հնարավորություն ստեղծել», սակայն հայկական կողմը անսպասելիորեն հրաժարվել էր։ Պուտինի այս թեզը կրկնում է նաև РБК-ն՝ հավելելով, որ այդ առաջարկով, ի տարբերություն նոյեմբերի 9-ի հայտարարության, անվտանգության գոտիներից երկուսը՝ Քելբաջարը և Լաչինը, գումարած Շուշին մնում էին հայկական վերահսկողության տակ։

«Այդ դեպքում ապահով կլիներ նաև Սյունիքը», - РБК-ին ասել է բանակցությունների ծանոթ ռուս դիվանագետներից մեկը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG