Մատչելիության հղումներ

Լեզվի կոմիտեն երկու ամիս չի կարողանում պարզել ռուսերենով անցկացված պաշտոնական միջոցառման կազմակերպչին


Երևանում  կայացած Armenian Business Forum-ի ընթացքում հայաստանցի պաշտոնյաների ելույթներն ու ցուցապաստառների վրայի տարբերանշանները միայն ռուսերեն էին՝ առանց հայերեն թարգմանության՝ հակառակ  «Լեզվի մասին» օրենքի պահանջի։

Լեզվի կոմիտեն շուրջ երկու ամսվա ուսումնասիրությունից հետո այդպես էլ չի կարողացել պարզել սեպտեմբերին Երևանում կայացած Armenian Business Forum-ի կազմակերպիչներին, չնայած տարածված պաշտոնական հաղորդագրությանը, որ միջոցառումը կազմակերպել էին Հայաստանի ու Ռուսաստանի կառավարությունները։

Այդ ֆորումի ընթացքում հայաստանցի պաշտոնյաների ելույթներն ու ցուցապաստառների վրայի տարբերանշանները միայն ռուսերեն էին՝ առանց հայերեն թարգմանության՝ հակառակ «Լեզվի մասին» օրենքի պահանջի։

«Ազատությանը» հասցեագրված կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի պաշտոնական գրությունում նշված է. «Այդ փաստերով վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ չի հարուցվել, քանի որ պաշտոնական խողովակով հնարավոր չի եղել պարզել 2021 թվականի սեպտեմբերի 20-ին Երևանում կայացած «Հայաստանյան գործարար համաժողով-2021» համաժողովի կազմակերպչին (պատասխանատվության սուբյեկտ)»։

Միևնույն ժամանակ, Լեզվի կոմիտեն փաստում է, որ նշված միջոցառման վերաբերյալ «Ազատության» «նյութերում առկա են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 189 3-րդ և 189 4-րդ հոդվածներով նախատեսված իրավախախտումներ»։ Ուշագրավ է, որ հայտնի լեզվաբան Դավիթ Գյուրջինյանի գլխավորած կառույցը չի ասում, թե միջոցառման ժամանակ են տեղ գտել իրավախախտումներ, ասում է՝ նյութերում են առկա իրավախախտումներ։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի նշված հոդվածները վերաբերում են Հայաստանի պետական մարմինների կողմից գործավարությունը ոչ հայերեն վարելուն, ցուցանակները, ձևաթղթերը ոչ հայերեն ձևավորելուն, ինչպես նաև՝ զանգվածային միջոցառումների ժամանակ ոչ հայերեն ելույթների համաժամանակյա թարգմանությունը չապահովելուն, ինչը առաջացնում է տուգանք մինչև 400 հազար դրամի չափով։

Ինչո՞ւ Լեզվի կոմիտեն չի կարողացել պարզել, թե Հայաստանի պետական որ կառույցը կամ ով էր Հայաստանի անկախության 30-ամյակի ճիշտ նախօրեին կայացած միջոցառման կազմակերպիչը, որի ժամանակ ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նախընտրեցին բացառապես ռուսերեն ելույթներ ունենալ՝ առանց հայերեն զուգահեռ թարգմանության, պարզ չէ։

«Ազատությանը» ուղղված Լեզվի կոմիտեի գրությունում նշված է, թե համաձայն Էկոնոմիկայի նախարարության գրավոր պարզաբանման, նախարարությունը Երևանում կայացած «Հայաստանյան գործարար համաժողով-2021» խորագրով համաժողովի և դրա շրջանակներում կազմակերպված միջոցառումների կազմակերպիչը չէ։

Մինչդեռ նշված միջոցառումից օրեր առաջ՝ սեպտեմբերի 17-ին Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական էլեկտրոնային փոստից լրատվամիջոցները, այդ թվում «Ազատությունը» հաղորդագրություն են ստացել, թե ամսի 20-ին Երևանում կայանալու է Armenian Business Forum-ը, լրատվամիջոցներին հրավիրում էին լուսաբանելու և նշված էր. «Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ կառավարության և Ռուսաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչներ։ Միջոցառմանը կմասնակցի նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Համաժողովի կազմակերպիչներն են ՀՀ և ՌԴ կառավարությունները և ՌԴ պետական զարգացման կորպորացիան»։

Կառավարության անդամ Վահան Քերոբյանից միջոցառման ժամանակ հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ է խախտվում «Լեզվի մասին» օրենքը։ «Եկեք չպատասխանեմ», - ասաց նախարարը։

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամ Արմեն Հովհաննիսյանի գնահատմամբ, 44-օրյա պատերազմից հետո նկատելի է Կրեմլի ջանքերի ակտիվացումը՝ ամրապնդել ռուսերենի դիրքերը Հայաստանում. - «Ռուսաստանի Դաշնության ռազմավարության մեջ նույնիսկ պաշտոնապես նշված է, որ պետք է նպաստել ռուսաց լեզվի տարածմանը և կարգավիճակի բարձրացմանը որտեղ դա հնարավոր է։ Եվ եկեք չմոռանանք, որ մենք ԵԱՏՄ անդամ ենք և միակ երկիրն ենք ԵԱՏՄ-ի, որտեղ ռուսերենը պաշտոնական կամ պետական կարգավիճակ չունի»։

Սահմանադրության համաձայն, հայոց լեզուն պետության հոգածության և պաշտպանության ներքո է, սակայն հասկանալի չէ` Հայաստանի իշխանությունները ինչպե՞ս են պատրաստվում պաշտպանել հայերենը, եթե իրենք էլ խախտում են լեզվի մասին օրենքը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG