Մատչելիության հղումներ

«Պարոն Կարապետյանի կարծիքն է. նպատակահարմար չեմ համարում ռուսերենին պետական կարգավիճակ տալը». իշխանական պատգամավոր


«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վիլեն Գաբրիելյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վիլեն Գաբրիելյան

Կառավարությունն այսօր կրկին պաշտոնական միջոցառում էր անում ռուսերենով։ Էկոնոմիկայի նախարարությունը հանդիպում էր կազմակերպել Եվրասիական տնտեսական միության պաշտոնյաների ու հայ գործարարների հետ։

Լեզվի մասին օրենքով պահանջվում է Հայաստանում անցկացվող պաշտոնական միջոցառումները զուգահեռ թարգմանել հայերեն: Նախարարությունը նախապես տարածած հաղորդագրությամբ շեշտել էր՝ միջոցառման պաշտոնական լեզուն ռուսերենն է։

Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը լեզվի մասին օրենքի պահանջը՝ հայերեն պարտադիր թարգմանությունը, համարում է տեխնիկական հարց, որի համար ժամանակ չեն գտել։

«Չենք հասցրել զուտ, տեխնիկապես չենք հասցրել, այլ մանրամասներ չասեմ` ինչի հետ է կապված, բայց մենք տենց խնդիր չունենք», - վստահեցրեց նա:

Փոխնախարարն ասաց՝ նախորդ տարիներին ապահովել են զուգահեռ թարգմանությունը։ Ի՞նչ է փոխվել այս տարի, որ շրջանցել են Հայաստանի օրենքն ու Հայաստանում անցկացվող միջոցառման պաշտոնական լեզուն հռչակել ռուսերենը։

«Այս տարի ուղղակի զուտ տեխնիկական, ժամանակային առումով մենք սինխրոն թարգմանություն չունենք պրոֆեսիոնալ թարգմանիչի կողմից, բայց եթե մեր գործարարները նախկինում նույնպես հարցն ուղղում են հայերեն, իմ գործընկերները թարգմանում են, և հարցի պատասխանը տրվում է ռուսերեն», - «Ազատության» հարցին ի պատասխան ասաց նա:

Հենց փոխնախարար Սիմոնյանն է որոշել ռուսերենով անցկացնել։ Խնդիր չի տեսնում լեզվի հարցում, կարևորը` միջոցառումը հաջող անցնի։

Ռուսերենը Հայաստանում պետական լեզու դարձնելու առաջարկ է արել ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը։

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահն այդ առաջարկն արել է չորս օր առաջ Երևանում` հայկական բիզնես ֆորումին: Կառավարության ղեկավար Փաշինյանը լսել է դահլիճում, բայց ոչ այդ պահին, ոչ էլ օրեր անց չի արձագանքել գործարարի առաջարկին։ Փաշինյանի թիմակիցներն էլ, որ նախկինում ակտիվ պայքարում էին Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու դեմ, լուռ են։

Կառավարությունն արդյոք պատրաստվո՞ւմ է քննարկել Հայաստանում ու Արցախում միլիոնավոր ներդրումների ծրագիր ունեցող Կարապետյանի առաջարկը։ Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն «Ազատության» հարցին դեռ չի արձագանքել։ Հետաքրքիր է նաև Հարությունյանի կարծիքը, որը օտարալեզու դպրոցների դեմ ակցիայի ակտիվիստներից էր։

Իշխող խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը դեմ է ռուսերենը պետական դարձնելուն. «Պարոն Կարապետյանի կարծիքն է, որի հետ անձամբ ես համամիտ չեմ, քանզի նպատակահարմար չեմ տեսնում ռուսաց լեզվին տալ պետական ստատուս»:

Հնարավո՞ր է՝ ռուսաստանաբնակ խոշոր գործարարը, որ հայտնի է ռուսական իշխանությունների հետ սերտ կապերով, իրականում փոխանցում էր նրանց ցանկությունը, հարցին իշխանական պատգամավորը դժվարանում է պատասխանել. «Ոչ մի մեսիջ տենց չեմ տեսնում ու չեմ կարող մեկնաբանել, թե ինչ է ինքը ներդրել այդ իր ասելիքի ու մտքի մեջ: Հայաստանի Հանրապետությունն ունի իր պետական լեզուն, որը հայերենն է, որը մեր ինքնությունն է»:

Գործարարները թող զբաղվեն իրենց գործով, Սամվել Կարապետյանին արձագանքում է Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը։ Հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները զարգացնելու համար հայերենը խոչընդոտ չէ, ասում է նա:

«Խոշոր գործարարները թող գնան, իրենց գործերով զբաղվեն և խոսեն այն բաներից, որոնք իրենց առնչվում են. այդ հարցն իրենց լուծելիքը չէ, ՀՀ Լեզվի կոմիտեն երբեք պաշտոնապես չի համաձայնվի այդ դիրքորոշմանը, երբեք», - պնդեց նա:

Ըստ նրա` գործարարներն այդ առաջարկները կարող են անել նես ընկերական շրջապատում, ոչ ավելին. «Քաղաքական զարգացումները դեր չունեն, որովհետև Հայաստանի բնակչության 99 տոկոսը հայեր են, հայերի ստեղծած Հայաստանի Հանրապետությունն է, այստեղ պետական լեզուն պիտի լինի հայերեն: Հայաստանում եղել է, կա ու պիտի մեկ լինի մեկ պետական լեզու` հայերենը», - նկատեց կոմիտեի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG