Մատչելիության հղումներ

Արցախի պետական համալսարանի դասախոսները պատգամավորներից պահանջում են ռուսերենին պաշտոնական կարգավիճակ չտալ 


Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի շենքը Ստեփանակերտում
Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի շենքը Ստեփանակերտում

Արցախում ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տալու հարցն այսօր մտավ Լեռնային Ղարաբաղի խորհրդարան։ Ճիշտ է, առայժմ՝ հանրային լսումների տեսքով, որին մասնակցում էին նաև պատգամավորները։

Միաժամանակ, սպասվում է, որ առաջիկա օրերին Արցախի կառավարությունը իր դրական կամ բացասական կարծիքը պետք է հայտնի խորհրդարանի երեք պատգամավորների ներկայացրած օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ, և եթե գործադիրի դիրքորոշումը դրական լինի, ապա Լեռնային Ղարաբաղում ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տալու օրենսդրական նախաձեռնությունը կմտնի խորհրդարանի օրակարգ, ուր հավանություն ստանալուց և նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից ստորագրվելուց հետո կստանա իրավական ուժ։

Այս ֆոնին հայտարարությամբ են հանդես եկել Արցախի պետական համալսարանի ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանի անվան Հայոց լեզվի ամբիոնի դասախոսներն ու աշխատակիցները՝ բաց նամակով դիմելով Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավորներին. - «Հայոց լեզուն հավասարեցնել այլ լեզվի, նշանակում է կորցնել ազգային կերպարն ու պետականությունը: Լեզվի դեմ ոտնձգությունը ոտնձգություն է մեր ինքնության դեմ, սպառնալիք ներկայի ու ապագայի հանդեպ»։

Բաց նամակի հեղինակները պահանջել են. - «Արցախում պաշտոնական լեզվի կարգավիճակ վերապահել միայն պետական լեզվին, այսինքն`հայոց լեզվին: Հայոց լեզվի գերակայությունը բոլորիս պարտքն է, արցախահայության գոյապահպանության հիմնաքարը: Կարելի է ձևակերպել, որ ռուսերենը Արցախի Հանրապետության տարածքում ազգամիջյան հաղորդակցության լեզու է: Առաջարկում ենք ռուսերենը ընդունել որպես աշխատանքային լեզու, որը կարող է գործածվել պետական և այլ հաստատություններում»:

Արցախի պետական համալսարանի միջազգային իրավունքի դասախոս Յանա Ավանեսյանն այսօր տեսակապի միջոցով Ստեփանակերտից «Ազատության» հետ զրույցում «անհիմն» ու «իրականությունից կտրված» որակեց Արցախում ռուսերենի պաշտոնականացմանն ուղղված նախաձեռնությունը։

«Արցախը, ինչպես գիտեք, միատարր է, այստեղ 99 տոկոսը բնակչության հայեր են, պետական լեզուն հայերենն է, խոսակցությունները, լինեն պաշտոնական թե ուղղակի, կամ բարբառով են, կամ հայերեն են։ Ռուսերենը այժմ ոչ ավելին է, քան օտար լեզու։ Ճիշտ է, ռուսերենի դերը ավելի բարձր է, քան այլ օտար լեզուներինը, ունենք ռուսական դպրոց, շատերը դեռ Սովետական Միությունից մնացած ռուսերենով են շփվում, բայց այնպես, որ ռուսերենը պաշտոնական լեզու հայտարարվի, ընդհանրապես անհրաժեշտություն չկա»։

Արցախում ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տալու հարցը ծագեց անցած ամիս, երբ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի հինգ խմբակցություններից ամենամեծ երեքի՝ «Ազատ հայրենիք ՔՄԴ»-ի, «Միասնական հայրենիքի» և «Արդարության» մեկական պատգամավորներ՝ Արամ Հարությունյանը, Գագիկ Բաղունցը և Մետաքսե Հակոբյան,ը հանդես եկան նախաձեռնությամբ՝ փոփոխություններ և լրացումներ իրականացնել «Լեզվի մասին» ու «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքներում։

Հիմնավորման մեջ նշված է. - «Հաշվի առնելով Արցախի և Ռուսաստանի մշակութային, ռազմական, տնտեսական հարաբերությունների պատմական հիշողությունը և այն փաստը, որ բազմաթիվ արցախցիների համար շփման երկրորդ լեզու է հանդիսանում ռուսերենը` կարևոր ենք համարում նոր որակի հարաբերությունների վերաարժեվորումը և նոր օրակարգի ձևավորումը»։

«Այդ հիմնավորումը, իհարկե, ռուսական խաղաղապահ զորքերի կոնտեքստում միգուցե որոշակի տրամաբանություն ունի, բայց եկեք մի այլ անկյունով նայենք։ Ասենք, եթե մեզ մոտ տեղակայվեին ոչ թե ռուսական, այլ նորվեգական խաղաղապահ զորքեր, արդյո՞ք այդ նույն պատգամավորները շփումը հեշտացնելու համար կնախաձեռնեին նորվեգերենը պաշտոնական լեզու հայտարարելու հարցը։ Վստահ եմ, որ ոչ», - ասաց Ավանեսյանը։

Նրա խոսքով, ռուսական կողմի հետ շփման համար պետք չէ պաշտոնական լեզվի կարգավիճակ տալ ռուսերենին, պետք է թարգամինչներ աշխատանքի ընդունել։

Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ընդգծեց, որ ռուսերենին չի տրվում պետական լեզվի կարգավիճակ, այլ միայն՝ պաշտոնական։

«Փոփոխությունը զուտ նրա համար է, որ դա որպես պաշտոնատար անձանց միջև հաղորդակցման լեզու նաև թույլատրելի լինի ռուսերենը։ Եթե մենք պիտի առնչվենք ռուսական կողմի հետ, ապա ինչպես պաշտոնատար անձինք իրենց գրագրությունը կատարեն։ Դրա համար նպատակահարման գտանք, որ պիտի կատարվեն այդ փոփոխությունները։ Ես գրավոր ներկայացրել եմ պարոն Հարությունյանին իմ առարկությունները և իմ առաջարկը, որը եթե ընդունվի, մեր խմբակցությունը կողմ կլինի այդ նախագծին։ Եթե ոչ, ապա՝ դեմ։ Նոր խմբագրությամբ միտքը հետևյալն է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական լեզուներն են գրական հայերենը և ռուսերենը։ Ես առաջարկել եմ, որ օրենքը մնում է նույն խմբագրությամբ, ոնց կար, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական լեզուն գրական հայերենն է, և ավելացվում է, որ կարող է հայերենի հետ մեկտեղ օգտագործվել նաև ռուսերենը»։

XS
SM
MD
LG