Մատչելիության հղումներ

Ինչ կարող է անել Եվրամիությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար. քննարկում Եվրախորհրդարանում


Եվրախորհրդարանի նիստ, արխիվ
Եվրախորհրդարանի նիստ, արխիվ

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները վաղը ևս մեկ հանդիպում կունենան Շվեդիայում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում, այսօր Եվրախորհրդարանում հայտարարեց Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Լյուկ Դիվինը։

Եվրոպացի պատգամավորները խորհրդարան էին հրավիրել Հարավային Կովկասի հարցերով զբաղվող Եվրամիության երկու բարձրաստիճան պաշտոնյաների՝ պարզելու՝ ինչ իրավիճակ է տեղում նոյեմբերի 9-ի հրադադարից մեկ տարի անց, և ինչ է անում Բրյուսելը Արևելյան գործընկերության անդամ երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու համար։

«Իրավիճակը շարունակում է մնալ լարված», - տեղեկացրեց Եվրահանձնաժողովի՝ Արևելյան հարևանության գծով ղեկավար Լոուրենս Մերեդիթը։ - «Ես Հարևանության հարցերով հանձնակատար Վարհեիի հետ մի քանի շաբաթ առաջ մասնակցել եմ Կովկասի երեք երկրներում արտգործնախարարների հետ հանդիպումներին։ Դա հենց Հայաստանի և Ադրբեջանի միջև ողբերգական բռնությունների վերսկսման օրն էր, կամ՝ դրանից քիչ առաջ։ Ուզում եմ մեր կողմից շատ հստակ ընդգծել՝ Եվրահանձնաժողովը ծայրաստիճան հանձնառու է անել ամեն բան, որ կայուն խաղաղությունը հնարավոր դառնա՝ ի շահ Կովկասի բոլոր երկրների»։

Այդ նպատակով Եվրահանձնաժողովն անցած տարվա պատերազմից հետո 17 միլիոն եվրո է տրամադրել՝ որպես մարդասիրական աջակցություն։ «Քննարկում ենք հնարավոր բոլոր տարբերակները՝ կողմերի միջև հաղորդակցությունն ամրապնդելու, ինչպես նաև ներդրումներ անելու համար, հատկապես՝ հակամարտությունից տուժած շրջաններում», - հայտարարեց Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը, միաժամանակ ընդգծելով՝ հնարավոր բոլոր ծրագրերն ու նախագծերը քննարկվում են մեկ սկզբունքով՝ դրանք պետք է բխեն բոլոր կողմերի շահերից։

«Բրյուսելը հանձնառու է նպաստել տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը։ Բայց մեր հնարավորությունները սահմանափակ են», - ընդգծեց Միության արտաքին քաղաքական գերատեսչության Արևելյան գործընկերության ու Ռուսաստանի գծով փոխտնօրեն Լյուկ Դիվինը՝ շարունակելով․ - «Ակնհայտ է, որ իրավիճակը մեծապես գտնվում է զինվորականների ձեռքում, և նրանց, ովքեր զենք ունեն տեղում, այդ պահին՝ դա լոկ Ռուսաստանն է»։

Դիվանագիտական պարզաբանումները, սակայն, պատգամավորներից ոչ բոլորին էին գոհացնում։ Մոտ մեկ ժամ շարունակված քննարկման ընթացքում քաղաքական տարբեր թևերի ու տարբեր երկրների ներկայացուցիչներ գրեթե նույն հարցն էին բարձրացնում՝ արդյոք Բրյուսելն արել է ամեն հնարավորը՝ բախումները կանխելու, գերիներին վերադարձնելու և նախաձեռնությունն իր ձեռքը վերցնելու համար։

«Համաձայն եմ, որ ուժը այն մարդկանց ձեռքում է, որոնք զորք ունեն տեղում, բայց դա չպետք է արդարացում լինի, որ Եվրամիությունն առավել մեծ ներգրավվածություն չունենա», - հայտարարեց Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, հավելելով՝ Բրյուսելն առայժմ լուսանցքում է․ - «Համաձայնությունները, որոնք ձեռք են բերվել, գերիների փոխանակումը, որ կատարվել է, հրադադարը, որ կնքվել է՝ ամենն արվել է Ռուսաստանի միջնորդությամբ»։

«Ես նոր միտում եմ տեսնում։ Ադրբեջանը մերժում է օրակարգ մտցնել Լեռնային Ղարաբաղի հարցը։ Հարցը, որ նրանք ուզում են ցույց տալ՝ հակամարտությունն է Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ինչ վերաբերում է հաղորդակցության միջոցների բացմանը՝ այստեղ ես դրական փոփոխություններ եմ տեսնում, բայց ․․․ չեմ ուզում կիրառել միջանցք բառը, սակայն այդ տարածքը լուրջ լարվածություն է ստեղծում։ Մինչ Հայաստանն ուզում է վերադառնալ ճանապարհներին, որոնք օգտագործվում էին նախկինում՝ խորհրդային տարիներին, Ադրբեջանը նորերն է ուզում։ Եվ այստեղ իմ հարցն է՝ ի՞նչ կարող է անել Եվրամիությունը և ինչպե՞ս կարող է իր քաղաքականությունը կատարելագործել», - ասաց Կալյուրանդը։

Ի պատասխան՝ Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Լյուկ Դիվինը պնդեց՝ Բրյուսելն անում է այն, ինչ կարող է անել։ Բարձրաստիճան դիվանագետը կտրականապես մերժեց քննադատությունը, թե արվածը բավարար չէ։

«Հավելյալ էլ ի՞նչ կարող է արվել Եվրամիության կողմից ռազմական ուժի բացակայության պայմաններում։ Ի դեպ, ԵԱՀԿ Մինսկի խմբում ոչ միայն Ֆրանսիան, այլև Միացյալ Նահանգներն էլ զորք չունի տեղում։ Եվ երբ հրացանները կրակում են, ինչը եղավ անցած տարի, շատ բարդ է դիվանագետների համար դա կանխել կամ կանգնեցնել», - հայտարարեց Դիվինը։

Ոչ թե «միջանցք»​, այլ տնտեսական կապերի ապաշրջափակում

Անդրադառնալով «միջանցքի» շուրջ Բաքվից հնչող պնդումներին՝ Եվրամիության արտգործնախարարության ներկայացուցիչը նոյեմբերի 9-ի հայտարարությունը մեջբերեց, փաստելով, որ այնտեղ խոսվում է ոչ թե միջանցքի, այլ՝ տնտեսական բոլոր կապերի ապաշրջափակման մասին։ Միաժամանակ, որևէ բառ չասաց այդ ճանապարհի տեղանքի հարցում հայկական կողմի բարձրաձայնած մտահոգությունների մասին։

Խոստումնալից չէր նաև եվրոպացի դիվանագետի արձագանքը պնդումներին, թե Բրյուսելը պետք է ավելին անի գերիների ազատ արձակմանը, կամ՝ տնտեսական վերականգնմանը նպաստելու համար։

«Մենք մի կողմից քաջալերում ենք կողմերին՝ ականազերծման քարտեզները տրամադրել, մյուս կողմից՝ ազատ արձակել բոլոր գերիներին և կալանավորվածներին, ինչն անհրաժեշտ է վստահությունն ամրապնդելու համար։ Բայց երկու կողմն էլ չեն համաձայնում։ Հայկական կողմն ասում է, թե արդեն տրամադրել է քարտեզները, Ադրբեջանն էլ հայտարարում է, որ այդ պահանջը համարժեք չէ, քանի որ ձերբակալվածները ռազմագերիներ չեն։ Այնպես որ, կրկին, դժվար է», - ասաց Լյուկ Դիվինը՝ շարունակելով․ - «Մենք պատրաստ ենք ավելին անել նաև տնտեսական առողջացման համար, բայց դրա համար պետք է խաղաղություն լինի։ Մասնավոր հատվածից ո՞վ ներդրում կանի տարածաշրջանում, որտեղ չգիտես՝ երբ է հաջորդ բախումը կամ պայթյունը լինելու»։

Համաձայնելով, որ Արևելյան գործընկերության անդամ երկու երկրների միջև չդադարող հակամարտությունը ծայրահեղ մտահոգիչ է, Եվրամիության արտգործնախարարության ներկայացուցիչը միաժամանակ ընդգծեց՝ Արևելյան գործընկերությունը խաղաղություն հաստատելու կամ հակամարտություն կարգավորելու հարթակ չէ։ «Բայց, ես ուրախ եմ, որ այն մնում է համարժեք ձևաչափ երկու երկրների համար, որոնք հաստատել են իրենց մասնակցությունը դեկտեմբերի 15-ի գագաթնաժողովին», - հայտարարեց եվրոպացի դիվանագետը։

Ի դեպ, չնայած պաշտոնական Երևանից շարունակաբար հնչող հայտարարություններին, թե միջազգային համայնքը հայ-ադրբեջանական վերջին բախումները պետք է ոչ թե սահմանային միջադեպեր կոչի, այլ՝ Ադրբեջանի կողմից ներխուժում Հայաստանի ինքնիշխան տարածք, այսօր թե՛ եվրոպացի պատգամավորները, թե՛ Եվրահանձնաժողովի ու ԵՄ արտգործնախարարության պաշտոնյաները խոսում էին միջազգայնորեն ճանաչված սահմանին արձանագրվող բռնությունների մասին՝ կարևորելով Սոչիում ձեռք բերված համաձայնությունները դեմարկացիայի և դելիմիտացիայի ուղղությամբ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG