Մատչելիության հղումներ

14 օրը մեկ ՊՇՌ թեստի բացասական պատասխանով աշխատանքի ներկայանալու մասին հրամանը՝ ՍԴ քննարկման առարկա


ԱԺ ընդդիմադիր պատգամավորները Սահմանադրական դատարանից (ՍԴ) պահանջում են պարզել՝ հակասահմանադրական չէ՞ արդյոք առողջապահության նախարարի այն հրամանը, որով աշխատող և չպատվաստված քաղաքացիները պետք է 14 օրը մեկ ՊՇՌ թեստի բացասական պատասխանով ներկայանան աշխատանքի, իսկ, եթե դա չանեն ու տևական ժամանակ բացակայեն, ապա գործատուն կարող վերջինիս աշխատանքից հեռացնել։

Դիմող կողմի ներկայացուցիչը ՍԴ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբան Արամ Վարդևանյանն է, որն այսօր հայտարարեց՝ ինքն ու իր հարազատները պատվաստվել են, բայց ոչ թե պարտադրված, այլ՝ բժիշկների հետ խորհրդակցելով։ Վարդևանյանն ասաց՝ 450 հազարից ավելի մարդ այսօր ստիպված է սեփական գրպանից 7-10.000 դրամ վճարել 14 օրը մեկ թեստ հանձնելու համար։ Դիմելով բարձր դատարանին՝ ընդգծեց՝ նախարարի հրամանով չի կարելի աշխատողի ու գործատուի իրավահարաբերությունների վրա ազդել, դա պետք է աշխատանքային օրենսգրքով կարգավորել։

«Ինչպե՞ս է ստացվել, որ առողջապահության նախարարը ենթադրել է, որ ինքը կարող է իր հրամանով նախատեսել պարտականություններ Հայաստանի Հանրապետության բոլոր աշխատողների համար, բոլոր գործատուների համար և մի հատ էլ որոշել է, որ եթե մի հատ էլ այդ կարգավորումներին համապատասխան չգնաք, հենց հիմա չպատվաստվեք, կգնաք ձեր միջոցների հաշվին կկատարեք թեստավորման ծախսերը, կներկայացնեք գործատուին, գործատուն էլ պետք է դա հաշվառի: Իսկապե՞ս: Կարծես թե նման հարցերը որոշվում են մեկ այլ մակարդակում, դա կոչվում է օրենք, ոչ թե հրաման», - ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

Պատասխանող կողմի ներկայացուցիչ՝ առողջապահության նախարարության իրավաբանական վարչության պետ Աննա Մկրտումյանը հակադարձեց՝ համաճարակով պայմանավորված ու հանրային առողջությունը կարևորելով Առողջապահության նախարարությունն իրավունք ունի համապատասխան հրամաններ արձակելու։ Մկրտումյանը պնդում է՝ հրամանն համապատասխանում է Սահմանադրության բոլոր նորմերին, չի ոտնահարվում նաև մարդու իրավունքը։ Վստահ են, որ ՍԴ-ում չեն պարտվի։ Ըստ նրա, քաղաքացուն տրված է այլընտրանքային հնարավորություն՝ պատվաստվել, կամ ՊՇՌ թեստ հանձնել:

«Վիճարկվող հրամանով նշված դրույթի սահմանումը նպատակ չի հետապնդել անձի վրա դնելու պարտականություն իր հաշվին իրականացնելու թեստավորում, քանի որ արդեն իսկ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորված են, այդ թվում՝ նախատեսված են դրանց ծավալները», - ընդգծեց նա:

Շուրջ 8 ժամ ընթացած նիստի ընթացքում բարձր դատարանի դատավորները հարցեր ուղղեցին դիմող ու պատասխանող կողմերին՝ հիշեցնելով ՀՀ-ում քովիդի բռնկման օրերին վարչապետի ու առողջապահության նախկին նախարարի խոսքերը՝ որոնցով կասկածի տակ էր դրվել քովիդի վտանգավորության աստիճանը։

Դատավորներ Արևիկ Պետրոսյանն ու Հրայր Թովմասյանը պատասխանող կողմին հարցրին՝ արդյոք հասարակության վստահությունը չի՞ տուժել դրանից։ Նախարարության ներկայացուցիչը պատասխանեց՝ այդ արտահայտություններն արվել են այն ժամանակ, երբ վիրուսը նոր էր ու հստակ տեղեկություններ դեռ չկային դրա վտանգավորության մասին, անգամ պատվաստանյութերը չէին ստեղծվել։ Դիմող կողմի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի կարծիքով՝ այդ վերաբերմունքը տվյալ ժամանակահատվածում հստակ նպատակ է ունեցել:

«Որովհետև այդ ժամանակ քաղաքական իշխանությունը որոշել էր, որ պետք է անցկացնի հանրաքվե և բարձր դատարանի երեք դատավորների լիազորությունները դադարեցնի, այսինքն այդ ժամանակ կորոնավիրուսն՝ ում շունն ա, բայց հիմա արդեն մենք երբ դիմում ենք ներկայացնում այս հրամանի վերաբերյալ, մենք վերածվում ենք հակապատվաստումային քարոզ անողի», - ասաց Վարդևանյանը:

Նախարարության ներկայացուցիչը մասնագիտական արձագանք հնչեցրեց՝ եթե միջոցներ չձեռնարկվեն, ապա առաջիկա 7 օրերին քովիդի դեպքերը կրկին կաճեն, մարդկանց 30 տոկոսը կհոսպիտալացվի, 3 տոկոսը կհայտնվի ռեանիմացիայում։ Այսպիսով պետությունը ստիպված կլինի ծախսել ավելի քան 248 միլիոն դրամ։ Մասնագետները մտահոգված են՝ եթե վիճարկվող հրամանը համարվի հակասահմանադրական՝ պատվաստման գործընթացը կտապալվի։ Հայաստանն, ի դեպ, չի առանձնանում պատվաստման բարձր ցուցանիշներով ու շարունակում է տարածաշրջանում վերջինը մնալ։

«Հրամանով առաջարկվող միջոցառումների չեղարկումը կհանգեցնի կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկերի ավելացմանը, որը կնպաստի հիվանդության ցուցանիշների աճին, ավելի շատ ծանր, ծայրահեղ ծանր դեպքերի գրանցմանը, առողջապահական համակարգի գերծանրաբեռնվածությանը, մահվան դեպքերի ավելացմանը», - նշեց Մկրտումյանը:

Նախարարության ներկայացուցիչները մատնանշեցին տարբեր երկրների փորձերը, որտեղ պահանջվող պայմաններն ավելի խիստ են, որոշ դեպքերում քաղաքացների մուտքն արգելված է որևէ փակ տարածք՝ առանց QR կոդերի: Նրանք պնդում են՝ վեճի առարկա դարձած հրամանի շնորհիվ է Հայաստանում 450 հազարից ավելի աշխատող քաղաքացիների 69 տոկոսն արդեն պատվաստվել։

Բարձր դատարանը շուրջ 8 ժամ քննելուց հետո հայտարարեց՝ նիստը կշարունակվի վաղը. կողմերը հանդես կգան եզրափակիչ ելույթներով։ Դատավորներից Հրայր Թովմասյանն էլ հայտնեց, որ պատրաստվում է միջնորդություն ներկայացնել, չասաց սակայն, ինչի մասին։

XS
SM
MD
LG