Մատչելիության հղումներ

Ըստ մասնագետների՝ Covid-19-ի դեպքերի թվի նվազումը պայմանավորված է պատվաստված քաղաքացիների ավելացմամբ


Կորոնավիրուսի դրական դեպքերի թիվը վերջին օրերին նվազել է, եթե շաբաթներ առաջ օրական հաստատված նոր վարակակիրների թիվը հասնում ու նույնիսկ անցնում էր 2000-ից, ապա նախորդ օրվա տվյալներով՝ 799 նոր դեպք է գրանցվել։ Մահերը ևս որոշակիորեն նվազել են, երեկ քովիդից 29 մարդ է մահացել, այն ինչ վերջին մեկ ամսում օրական մահերը հասնում ու անցնում էին 50-ից։

Վարակի տեմպի նվազումը հնարավորություն է տալիս հոսպիտալացնել դրա կարիքն ունեցող քաղաքացիներին, հերթերում սպասողներ չկան, օրերս հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հույս հայտնելով, որ նվազման միտումը կպահպանվի:

Մասնագետների կարծիքով՝ թվերի նվազումը նախ և առաջ պայմանավորված է պատվաստված քաղաքացիների թվի ավելացմամբ, նախարարության հրապարակած վերջին տվյալներով Հայաստանում ամբողջությամբ պատվաստված է չափահաս բնակչության 16,1 տոկոսը՝ 322 հազար մարդ, քովիդի դեմ պատվաստանյութի մեկ դեղաչափ է ստացել ավելի քան 682 հազար անձ։

Վարակաբան Հասմիկ Ղազինյանի գնահատմամբ՝ քաղաքացիները վերջին շրջանում ավելի պատասխանատու մոտեցում են դրսևորում՝ հասկանալով քովիդի վտանգները. - «Որքան էլ ունենք պատվաստանյութ, այնուամենայնիվ, հակահամաճարակային միջոցառումները իրենց արժեքը դեռ չեն կորցրել: Երկու տարբեր ուղղություններով աշխատանքը բերում է նրան, որ մենք ունենք և՛ քիչ վարակներ, և՛, բնականաբար, մահացության քիչ դեպքեր»:

Շաբաթներ առաջ քովիդի պատճառով առողջապահական համակարգը գերծանրաբեռնված էր, ազատ մահճակալներ չկային, օրական մահերի հակառեկորդներն էլ պարբերաբար թարմացվում էին, հիվանդության նոր ալիքի վտանգ հիմա էլ կա, հերթական ծանր վիճակից խուսափելու համար բոլոր քաղաքացիները պետք է հետևեն մասնագետների խորհուրդներին, շեշտում է Հասմիկ Ղազինյանը:

«Չմոռանաք, որ ինքը դեռ մեր կողքին է, որ դեռ կարող է ալիքներ տալ: Այսինքն այն, ինչ որ առաջարկվում է այսօրվա օրով, դա պետք է պահպանենք բոլորս, ազգաբնակչության բոլոր խավերում», - նշեց վարակաբանը:

Ծանր և ծայրահեղ վիճակում գտնվող հիվանդներին սպասարկող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժինը, սակայն, շարունակում է ծանրաբեռնված մնալ, ասում է բժշկական կենտրոնի փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը:

«Հաշվի առնելով, որ նախկինում բավականին ծանր հիվանդներ, որոնք վերակենդանացման բաժանմունքում բուժման կարիք ունեին, բուժում ստանում են, վերակենդանացման բաժանմունքները նորից գերծանրաբեռնված են, բայց սովորական սոմատիկ բաժանմունքներում ազատ մահճակալների խնդիր այս պահին չունենք, ունենք ազատ տեղեր», - ասաց Մանուկյանը:

Բժշկի կարծիքով՝ կորոնաթվերի նվազմանը նպաստեց նաև դպրոցների երկարացված արձակուրդը. - «Իհարկե, չենք կարող անտեսել նաև վիրուսի բնական ընթացքը, ցիկլը, որը պարբերաբար տալիս է պիկեր և նվազման միտումներ, այս բոլոր գործոնների ազդեցության տակ, այո, այս պահին մենք ունենք որոշակի նվազման միտում»:

Մասնագետի գնահատմամբ՝ առաջիկայում դրական այս միտումը կշարունակվի և որոշ ժամանակ անց թվերն ավելի ցածր կլինեն։

Առողջապահության նախարարությունից էլ հայտնում են՝ դեկտեմբերի 1-ից աշխատող չպատվաստված քաղաքացիները պարտավորված կլինեն ՊՇՌ թեստ հանձնել արդեն ամեն շաբաթ, ոչ թե 14 օրը մեկ։ Պատվաստվելու կամ ՊՇՌ թեստ հանձնելու պահանջը հոկտեմբերից է գործում, հենց այս կարգավորումից հետո բազմաթիվ քաղաքացիներ որոշեցին պատվաստվել։

XS
SM
MD
LG