Մատչելիության հղումներ

Չպատվաստվածները կամ քովիդ թեստ չհանձնողները ու դրա հետևանքով աշխատանքի չներկայացող անձինք, ըստ մշակվող նախագծի, կարող են ազատվել աշխատանքից


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան

Չպատվաստվածները կամ քովիդ թեստ չհանձնողները ու դրա հետևանքով աշխատանքի չներկայացող անձինք կարող են ազատվել աշխատանքից։ Արդարադատության նախարարությունը նման նախագիծ է մշակել, որը դեռ քննարկման փուլում է։

Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում այն որոշումը, ըստ որի գործատուներն աշխատակիցներից պետք է պահանջեն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու հավաստագիր կամ ամսական երկու անգամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք և կամ բժշկական տեղեկանք այն մասին, որ պատվաստվելու համար աշխատակիցը ունի հակացուցումներ։

Այսօր կառավարության նիստից հետո այս որոշմանն անդրադարձավ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ասելով. - «Հետևանքը աշխատանքի ներկայանալու մեջ է լինելու... և հաջորդիվ իհարկե տվյալ կազմակերպությունը ևս որոշակի տույժ, տուգանքներ կկրի։ Եթե աշխատակիցը չի ներկայանում աշխատանքի որոշակի ժամկետներում, գործատուն իրավունք ունի նաև խզելու աշխատանքային պայմանագիրը»։

Որոշումը, սակայն, չի վերաբերում, օրինակ Հանրապետության նախագահին, վարչապետին, Ազգային ժողովի պատգամավորներին և այլ պաշտոնյաներին։

Հարցին, թե ինչո՞ւ օրենքը բոլորի համար չէ, և նման խտրականություն է դրվում, Ավանեսյանը պատասխանեց. - «Այս պահին կարող եմ ասել, որ վարչապետ, փոխվարչապետեր, նախարարներ, փոխնախարարներ... կարծեմ մենք արդեն հարյուր տոկոս պատվաստման ցուցանիշ ունենք. Եվ մինչև անգամ օրենքի, կանոնի ներմուծումը, դրսևորելով հանրային պատասխանատվություն, շատերը անգամ գարնանը, երբ որ նոր էր սկսվում պատվաստման գործընթացը, առաջինը ցանկություն հայտնեցին պատվաստվելու և պատվաստվեցին։ Այսինքն՝ որևէ խտրականության մասին այստեղ խոսք լինել չի կարող»։

Իսկ փաստաբան Արային Պապիկյանը սա խտրականության դրսևորում է համարում. - «Աշխատանքային օրենսգրքի սկզունք է, նաև Սահմանադրության նորմի սկզբունք է խտրականության անթույլատրելի լինելը։ Եվ եթե անգամ էսօր բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները հարյուր տոկոսով տեսականորեն պատվաստված են կամ բացասական թեստ ունեն, դա չի նշանակում, որ տասը օր հետո այդ անձանց կազմում նոր նշանակումներ կամ փոփոխություններ չեն լինլեու։ Եվ տրամաբանական չէ պատճառաբանել, որ այսօր բոլորը հարյուր տոկոսով պատվաստված են»։

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման դրված «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում նշվում է, որ խստացումները պայմանավորված են կորոնավիրուսի դեպքերի աճով։

Վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության 645 նոր դեպք է արձանագրվել, հիվանդությունից մահացել է 15 անձ։ Հիվանդությունից այս պահին հիվանդանոցներում և տանը բուժում են ստանում գրեթե 10 հազար մարդ։

Նախագիծը թեև իրավիճակից բխող քայլ է, այդուհանդերձ բազմակողմանիորեն վերլուծված ու կարգավորված չէ, կարծում է աշխատանքային իրավունքի մասնագետ Արայիկ Պապիկյանը.։Նրա խոսքով՝ չի կարելի մի իրավունքի ապահովման նպատակով խախտել մի շարք այլ իրավունքներ՝ օրինակ, աշխատանք ունենալու, սոցիալական պաշտպանվածության իրավունքը։

Մասնագետի խոսքով, համալիր լուծում պահանջող նախագիծ է հարկավոր. - «Աշխատանքային օրենսդրության սկզբունքները պիտի փոփոխվեն։ Օրենսդրական, Սահմանադրության համապատասխան առումով, կարծում եմ, մենք ամեն դեպքում խնդիր պետք է ունենանք»։

Ու մինչ իշխանությունները փորձում են խստացնել պատվաստման գործընթացը, Հայաստանը շարունակում է վերջինը մնալ տարածաշրջանում պատվաստված քաղաքացիների թվով։ Վերջին տվյալներով, առնվազն մեկ դեղաչափ պատվաստանյութ ստացել է բնակչության ընդհանուր թվի մոտ 7 տոկոսը։ Այն պարագայում, երբ Վրաստանում այս ցուցանիշը 17 տոկոս է, Ադրբեջանում՝ 35, Թուրքիայում՝ 58, Ռուսաստանում՝ 28, իսկ Իրանում՝ 16 տոկոս։

«Ազատության» հարցին, թե արդյո՞ք այս ցածր ցուցանիշը կառավարության ձախողումը չէ, նախարար Ավանեսյանը հակադարձեց. - «Այո, մեր ցուցանիշները դեռ շատ բարելավելու տեղ ունեն։ Ես սա իհարկե ձախողում չեմ համարում, որովհետև մենք գնացել ենք այն ճանապարհով, որ նախ մարդկանց ճիշտ տեղեկատվություն ենք փորձել տրամադրել, փարատել նրանց կասկածները»։

XS
SM
MD
LG