Մատչելիության հղումներ

Բայրամով. «Հայաստանի տարածքային պահանջները Ադրբեջանի նկատմամբ շատ վտանգավոր են»


«Հայաստանի տարածքային պահանջներն Ադրբեջանի նկատմամբ շատ վտանգավոր են: Հայաստանի քաղաքական գործիչներին կոչ ենք անում ավելի խելամիտ և պատասխանատու վերաբերմունք ցուցաբերել և ճիշտ ընտրություն կատարել»,- այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում:

Ադրբեջանցի նախարարը համոզմունք է հայտնել, որ սահմանային լարվածությունը կդադարի, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև միասնական հանձնաժողով ստեղծվի, և սահմանների ճշգրտման գործընթաց սկսվի: Սահմանային վերջին լարման առաջին իսկ օրից պատասխանելով Երևանի հայտարարություններին, թե ադրբեջանական զինուժը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք, Բաքուն պնդում է, թե իր բանակը տեղակայված է իրեն պատկանող տարածքներում։

Բայրամովը նշել է, որ անկախութունից 30 տարի է անցել, բայց հայ-ադրբեջանական սահմանը մինչ օրս ճշգրտված չէ: Սակայն անցած տարվա պատերազմից հետո եկել է ժամանակը` որոշելու երկրների սահմանները՝ միջազգային իրավունքի սկզբունքների համաձայն, ասել է նախարարը: Նրա խոսքով` Հայաստանը պետք է հարգանք դրսևորի հարևանների նկատմամբ, ընդունի նրանց սահմանները և տարածքային պահանջներ չներկայացնի:

Մինչդեռ Երևանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է սկսել սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա:

Երեկ երեկոյան Անվտանգության խորհրդի նիստում Հայաստանի վարչապետը, հայտարարելով, որ մայիսից ի վեր Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի շուրջ 41 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածք, շեշտել էր՝ չկա սահմանային վեճ, կա Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիա։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները հստակ են դեռ Խորհրդային Միության ժամանակներին ընդունած իրավական պարտադիր ուժ ունեցող համաձայնություններով։ Եվ եթե խնդիրը սահմանային վեճը լիներ, Ադրբեջանը վաղուց պետք է ընդունած լիներ Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծի նկատմամբ զորքերը հայելային ետ քաշելու, սահմանագծի երկայնքով միջազգային դիտորդներ տեղակայելու, սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա սկսելու մեր առաջարկը», - նշել էր Հայաստանի վարչապետը։

Երեկվա սահմանային թեժ բախումներից հետո էլ Բաքվից ու Անկարայից կրկին հայտարարում են, թե պատրաստ են խաղաղության: Բայրամովը, հիշատակելով Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների խաղաղության գնալուՀայաստանին հասցեագրված կոչերը, «Անադոլուին» ասել է, որ հիմա Երևանը պետք է որոշում կայացնի. «Երկու առաջնորդների ուղերձները շատ կարևոր են: Հիմա Հայաստանի իշխանություններից է կախված, թե ինչպես կարձագանքեն խաղաղությանն ու կայունությանը ուղղված կոչերին:

Հուսով ենք, որ ճիշտ ընտրություն կանեն: Ցավոք, դեռ ականատես ենք Հայաստանի ռևանշիստական հայտարարություններին»:

Ադրբեջանցի դիվանագետը շեշտել է, թե Բաքուն կողմնակից է տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը, միևնույն ժամանակ զգուշացրել՝ եթե Հայաստանը միջազգային իրավունքի սկզբունքներով չառաջնորդվի և Ադրբեջանին ուղղված որևէ վտանգավոր քայլ ձեռնարկի, ապա առանց երկմտանքի անհրաժեշտ պատասխան կստանա:

Բայրամովը կրկին խոսել է միջանցքի մասին

Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը նաև խոսել է պատերազմից հետո Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված եռակողմ հայտարարությունների համաձայն տարածաշրջանի տրանսպորտային ուղիների ապաշրջափակման գործընթացի մասին՝ նշելով, որ երեք երկրների փոխվարչապետերի մակարդակով ստեղծված հանձնաժողովն արդեն 10 ամիս է` աշխատում է և բավական առաջընթաց է գրանցել: Այս համատեքստում Բայրամովը կարևորել է այսպես կոչված` «Զանգեզուրի միջանցքի» բացման հեռանկարը, մի զարգացում, որ մերժում է պաշտոնական Երևանը։

«Մենք շատ դրական ենք մոտենում եռակողմ հայտարարության կետերի լիարժեք իրագործմանը: Այս առումով Զանգեզուրի միջանքի բացումը չափազանց կարևոր է: Այս նախագիծը շահավետ է և՛ Հայաստանի, և՛ տարածաշրջանի մյուս երկրների համար: Հայաստանը, գիտակցելով այդ հնարավորությունը, պետք է կառուցողական քայլեր ձեռնարկի»:

Ուշագրավ է, որ Բայրամովը ասել է, թե միջանցքի բացման հստակ ամսաթիվ կդժվարանա նշել, բայց աշխատանքները շարունակվում են:

Թուրքիան ևս հորդոր է ուղղել Հայաստանին

Սադրանքներին վերջ դնելու և տարածաշրջանային խաղաղության օգտին հանդես գալու Հայաստանին ուղղված հորդոր այսօր հնչեցրել է նաև Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն: «Ինչպես մեր նախագահն է բազմիցս հայտարարել, մենք տարածաշրջանում կայունության կողմնակից ենք: Ուզում ենք նոր էջ բացել, կարգավորել մեր հարաբերությունները: Սրան զուգահեռ նայեք Հայաստանի արածներին: Ի՞նչ են շահելու: Ոչինչ»,-հայտարարել է նա:

Բահրեյնցի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը կրկին բարձրաձանել է եղբայրական երկրին անվերապահ աջակցության մասին:

XS
SM
MD
LG