Մատչելիության հղումներ

Մոսկվան ամենայն աջակցություն կցուցաբերի Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների նորմալացմանը


Ռուսաստանի ԱԳՆ շենքը Մոսկվայում, արխիվ
Ռուսաստանի ԱԳՆ շենքը Մոսկվայում, արխիվ

2021 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած Հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին թույլ տվեց վերջ դնել արյունահեղությանը և սկսել տարածաշրջանում խաղաղ կյանքի կարգավորման գործընթացը։ Այս մասին ասված է փաստաթղթի ստորագրման առաջին տարվա կապակցությամբ Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունում։

Նշելով, որ Հայտարարությունում ամրագրված պարտավորություններն «ընդհանուր առմամբ» իրականացվում են, և կարևորելով, որ «Բաքուն ու Երևանը պահպանում են դրա բոլոր դրույթների հետագա իրականացման և պահպանման հանձնառությունը», Ռուսաստանի արտգործնախարարությունը շեշտում է ռուսական խաղաղապահ զորախմբի էական ներդրումը իրավիճակի կայունացման գործում։ «Դա գնահատում են մեր ադրբեջանցի և հայ բարեկամները», - վստահեցնում է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը։

«Ռուսաստանցի խաղաղապահների մասնակցությամբ 2020 թվականի դեկտեմբերի 2-ից ընդհանուր առմամբ հայրենադարձվել են 122 ռազմագերիներ և պահվող անձինք։ Նրանցից Հայաստան են վերադարձվել 105-ը, Ադրբեջան՝ 17-ը։ Իր հերթին, ադրբեջանական կողմին է փոխանցվել ականապատ դաշտերի քարտեզների երեք փաթեթ», - նշում է Ռուսաստանի արտգործնախարարությունը՝ ներկայացնելով նաև խաղաղապահների գործունեությունը տարածաշրջանում խաղաղ կյանքը կարգավորելու գործում՝ մարդասիրական օգնության կանոնավոր փոխադրումներ, տարածքների և ճանապարհների ականազերծում, ինֆրակառուցվածքների վերականգնում․ - «Իրենց տներն են վերադարձել շուրջ 53 հազար փախստականներ»։

«Շարունակում ենք ջանքեր գործադրել մնացյալ մարդասիրական խնդիրների շուտափույթ լուծման նպատակով, այդ թվում՝ բոլոր պահվող անձանց ազատ արձակում, օժանդակություն անհետ կորածների ճակատագրերը պարզելու գործում, զոհվածների դիերի հանձնում և ականապատ դաշտերի հավաստի քարտեզների փոխանցում ամբողջ ծավալով։ Հրատապ է նաև մշակութային-կրոնական և պատմական ժառանգության օբյեկտների պահպանության ապահովումը», - ասված է հայտարարությունում։

«Մտադիր ենք գործընկերների հետ հետևողականորեն իրականացնել Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման խնդիրները՝ ձևակերպված Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների 2021 թվականի հունվարի 11-ի Հայտարարությունում», - շեշտում է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ բարձր գնահատելով փոխվարչապետների համանախագահությամբ Եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը և անհրաժեշտ համարելով շահերի հավասարակշռության վրա հիմնված կոնկրետ նախագծերի շուտափույթ գործարկումը, «որը կնպաստի Հարավային Կովկասի տնտեսական և տրանսպորտային ներուժի դրսևորմանը»։

«Կարևորում ենք ադրբեջանա-հայկական պետական սահմանին լարվածության նվազեցումը և սահմանազատման՝ հետագա սահմանագծմամբ, գործընթացի շուտափույթ մեկնարկը։ Պատրաստ ենք ցուցաբերել ամբողջ անհրաժեշտ խորհրդատվական աջակցությունը», - ասված է հայտարարությունում։

Պաշտոնական Մոսկվան կարևորում է նաև «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով ջանքերի շարունակումը՝ առաջին հերթին տարածաշրջանի առջև ծառացած սոցիալ-տնտեսական և մարդասիրական խնդիրների լուծման համատեքստում», «պահանջված է նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ պրոֆիլային միջազգային կազմակերպությունների ներդրումը»։

Ռուսաստանի արտգործնախարարությունը խոստանում է ամենայն աջակցություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացմանը, սատարել խաղաղ նախաձեռնությունները՝ ուղղված Հարավային Կովկասի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման ապահովմանը, նպաստել երկու ժողովուրդների միջև վստահության մթնոլորտի ձևավորմանը։

«Հանդես ենք գալիս Հարավային Կովկասի երկրների և նրանց հարևանների միջև բարիդրացիական հարաբերությունների ձևավորման, փոխշահավետ տարածաշրջանային համագործակցության զարգացման օգտին», - հայտարարում է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը։

XS
SM
MD
LG