Մատչելիության հղումներ

Թուրքիան նոր նախապայմաններ է դնում՝ հարաբերությունների հաստատման համար. Միրզոյան


Անկարան նոր պայմաններ է առաջադրում, դրանց թվում «​միջանցքն» է, դա չի կարող քննարկման առարկա լինել. Միրզոյան

Թուրքիան նոր նախապայմաններ է դնում՝ հարաբերությունների հաստատման համար, ֆրանսիական «Լը Ֆիգարո» օրաթերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Մենք մշտապես հայտարարել ենք, որ պատրաստ ենք կարգավորել մեր հարաբերություններն առանց նախապայմանների՝ չնայած Արցախի դեմ պատերազմի ընթացքում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերված հսկայական աջակցությանը՝ ինչպես քաղաքական առումով, այնպես էլ՝ սպառազինության մատակարարմամբ և հազարավոր օտարերկրյա վարձկանների տեղակայմամբ», - անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ ընդգծել է նախարարը։

«Մենք դրական ազդակներ ենք ստացել Թուրքիայի կողմից երկխոսությունը վերաբացելու ուղղությամբ, բայց այն խրթին է մնում։ Անկարան նոր պայմաններ է առաջադրում։ Դրանց թվում Ադրբեջանը և Նախիջևանը կապող «միջանցքն» է։ Դա բացարձակապես չի կարող քննարկման առարկա լինել։ Պետությունները պետք է տարանցում թույլ տան՝ պահպանելով սեփական տարածքի նկատմամբ ինքնիշխանությունը։ Տարածաշրջանի հաղորդակցության բոլոր ուղիները պետք է վերաբացվեն», - հավելել է Միրզոյանը։

Ադրբեջանը հաստատել է 40 հայ ռազմագերիների առկայությունը, իսկ ևս 100-ինը՝ ժխտել. Միրզոյան

«Բազմաթիվ են վկայությունները՝ հայ ռազմագերիների հանդեպ կիրառվող անմարդկային և արժանապատվությունը վիրավորող վերաբերմունքի ու կտտանքների մասին», - հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ հավելելով. «Նրանք կարող են արտադատական մահապատժի ենթարկված լինել, պահվել ընդհատակյա բանտերում կամ մարդկային օրգանների թրաֆիքինգի զոհ դարձած լինել»:

«Մեզ մոտ առկա են նաև փաստագրված տեսանյութեր և լուսանկարներ, որոնք վկայում են այդ անձանց գերեվարված լինելու մասին, սակայն Ադրբեջանը չի հաստատում նրանց գոյությունը», - ասել է Միրզոյանը։

Ադրբեջանն, ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի, հաստատել է 40 հայ ռազմագերիների առկայությունը, իսկ ևս 100-ինը՝ ժխտել։

Իրավիճակը սահմանին և Լեռնային Ղարաբաղում լարված է մնում

Իրավիճակը սահմանին և Լեռնային Ղարաբաղում լարված է մնում, նշել է Միրզոյանը:

«Այս մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի կողմից արձանագրվել է հրադադարի շուրջ երեսուն լուրջ խախտում, որի արդյունքում հայկական կողմից եղել են զոհեր և վիրավորներ։ Սպանվել են նաև քաղաքացիական անձինք։ Այնուամենայնիվ, Հայաստանն ամեն ջանք գործադրում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ։ Սակայն, որպեսզի այս գործընթացն արդյունավետ լինի, ջանքերը պետք է երկկողմանի լինեն», - ասել է Միրզոյանը։

Հայաստանը պատրաստ է փոխանցել իր տրամադրության տակ գտնվող տարածաշրջանում տեղակայված ականների բոլոր քարտեզները, ընդգծել է Միրզոյանը՝ նշելով սակայն, որ Ադրբեջանը, «պարտավորություն ունենալով հանդերձ, ազատ չի արձակում հայ ռազմագերիներին»։

«Այն ժամանակ, երբ մենք խոսում ենք խաղաղության մասին, Ադրբեջանը բազմապատկում է այլատյաց հայտարարությունները։ Դրանց մասին են վկայում Ադրբեջանի նախագահի ելույթները, Բաքվում այս տարվա գարնանը բացված «Ռազմավարների պուրակը», որտեղ հայերը ներկայացված են նսեմացված և ծաղրի ենթարկված», - հայտարարել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո բանակցությունների վերսկսման կարևորությունը. - «Անշուշտ, հակամարտության վերջնական կարգավորման հարցը օրակարգում է: Բայց այս փուլում մենք պայմանավորվեցինք առաջ շարժվել փոքր քայլերով՝ կապված ռազմագերիների ազատ արձակման, հումանիտար նպատակներով Լեռնային Ղարաբաղ միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մուտքի ապահովման հետ, որը նպատակաուղղված կլինի հայկական պատմամշակութային ժառանգության վիճակի վերահսկմանը, քանզի Արցախի պատմամշակութային հուշարձանները գտնվում են Ադրբեջանի կողմից դիտավորյալ ոչնչացման սպառնալիքի ներքո։ Նման օրինակ է պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների կիրառմամբ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ տաճարի ռմբակոծումը։ Արցախի շուրջ 1․500 մշակութային հուշարձաններ, 19․000 թանգարանային նմուշներ վտանգված են»:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցին Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից «հրադադարի խախտումները ուղղված են նաև ռուս խաղաղապահների հեղինակության դեմ»։

XS
SM
MD
LG