Մատչելիության հղումներ

Փաշինյանն ու Պուտինը կրկին հեռախոսազրույց են ունեցել


Փաշինյանը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերի համար

Ռուսաստանի նախագահը կիրակի օրը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում քննարկել է Հարավային Կովկասում իրավիճակի կայունացմանն ուղղած միջոցառումները, հաղորդում է Կրեմլը։

«Շարունակվել է քննարկումը տարածաշրջանի իրավիճակի և այն քայլերի շուրջ, որոնք ձեռնարկվում են այն կայունացնելու ուղղությամբ՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ նոյեմբերի 9-ին ու հունվարի 11-ին ձեռք բերված համաձայնությունների համատեքստում»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահական նստավայրը։

«Նիկոլ Փաշինյանը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերի համար»,- հավելում է Կրեմլը։

Սա երկու երկրների առաջնորդների արդեն երկրորդ հեռախոսազրույցն է այս շաբաթվա ընթացքում։ Առաջինը տեղի էր ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին սկսված բախումներից հետո, որոնք ամենաարյունալին էին անցած տարվա 44-օրյա պատերազմից ի վեր։ Հեռախոսազրույցից հետո հրադադար հաստատվեց՝ ռուսական կողմի միջնորդությամբ: Օրեր անց Փաշինյանը հայտարարեց, թե Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ առաջարկություններ է ներկայացրել, որոնք ընդունելի են Երևանի համար։

Բաքուն այդ առաջարկությանը պաշտոնապես դեռ չի արձագանքել։

Ավելի վաղ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել էր, թե Երևանը պատրաստվում էր գրավոր դիմել Ռուսաստանին՝ իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար ռազմական օգնություն տրամադրելու հարցով։ Պաշտոնական աղբյուրները, սակայն, չեն հստակեցնում՝ արդյոք նման դիմում եղել է, թե ոչ։ Կրեմլի այսօրվա հաղորդագրության մեջ ևս այս մասին որևէ հիշատակում չկա։Նշվում է միայն, որ կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա շփումների վերաբերյալ։

Ամսվա սկզբին Կրեմլի խոսնակը հայտարարել էր, թե Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հանդիպում է նախապատրաստվում Մոսկվայում։ Ռուսական պետական Россия-1 հեռուստաընկերությունն անգամ հաղորդել էր, թե հանդիպումը կարող է տեղի կունենալ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրման տարելիցին։ Հայաստանի վարչապետը, սակայն, հերքել էր այդ հայտարարությունները, պնդելով, թե եռակողմ հանդիպման մասին որևէ հստակ պայմանավորվածություն առայժմ չկա։

«Շատ կարևոր է այդ հանդիպումների կոնտեքստը, այդ հանդիպումների սիմվոլիկան, այդ հայտարարություններից ակնկալվող պոտենցիալ արդյունքը։ Այնտեղ, որտեղ մենք կարող ենք արձանագրել արդյունք, մենք ոչ մի հանդիպումից չենք հրաժարվի, բայց ինքնանպատակ հանդիպումներ անելու կողմնակից չենք նաև։ Եվ կոնկրետ նոյեմբերի 9-ի հետ կապված կարող եմ ասել, որ այս պահին պայմանավորվածություն այդպիսի չկա», - Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր Փաշինյանը։

XS
SM
MD
LG