Մատչելիության հղումներ

«Տեղեկատվական քաոս». հրադադարից ժամեր անց բազմաթիվ հարցեր դեռ անպատասխան են, ներառյալ զոհերի թիվը


Հայաստանի խորհրդարանի նիստերի դահլիճը, նիստ, արխիվ
Հայաստանի խորհրդարանի նիստերի դահլիճը, նիստ, արխիվ

Կրակի դադարից ժամեր անց կան բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանը իշխանությունը խուսափում է տալ։

Նախ զոհերի թվի վերաբերյալ հրապարակվել են հակասական տեղեկություններ։ ԱԺ-ի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի իշխանական նախագահ Էդուարդ Աղաջանյանը, հղում անելով չհաստատված տվյալներին, «Ազատության» եթերում դեռ երեկ հայտարարում էր՝ հայկական կողմը 15 զոհ ունի: Այսօր Պաշտպանության նախարարությունը հաղորդել է մեկ զոհի մասին, 24-ի ճակատագիրը դեռ անհայտ է մնում։

Իշխանությունը որևէ ձևով այս հակասությունը չի պարզաբանում։ Նաև վիրավորների մասին տեղեկություն չտվեցին, նրանց թվում առողջապահության նախարարը:

«Ես կխնդրեմ, որ հետևեք Պաշտպանության նախարարության կողմից անընդհատ հրապարակվող տեղեկություններին: Այս պահին ես որևէ ավել բան չեմ կարող ասել», - նշեց Անահիտ Ավանեսյանը:

Երեկ էլ Պաշտպանության և անվտանգության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էր Հանրային հեռուստատեսության եթերում խոսում հետ բերված դիրքերի մասին, մինչդեռ Պաշտպանության նախարարությունը այսօր վերահաստատել է հակառակորդի վերահսկողության տակ անցած երկու մարտական հենակետի մասին երեկվա տեղեկությունը։ Ինչպե՞ս հասկանալ այս հակասությունը:

«Հակասում են, ուրեմն կճշտվեն, զոհերի վերաբերյալ թվերն էլ են ճշտվում, անհետ կորածներին էլ, տեղակայման մասին պաշտպանական գերատեսչությունն անպայման մանրամասն կներկայացնի», - լրագրողներին միայն այսքանն ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Երեկվա ռազմական գործողությունների արդյունքում ինչքա՞ն է առաջ եկել ադրբեջանական կողմը, որտե՞ղ են այժմ տեղակայված, արդյոք կրակի դադարի համար պայման է առաջ քաշվել, հայկական կողմը մասնակցո՞ւմ է ընթացող բանակցություններին, թե՞ ոչ։ Այս հարցերի պատասխանները շատ պատգամավորներ հայտարարում էին` չունեն, հորդորում հետևել ՊՆ պաշտոնական հաղորդագրություններին։ Իսկ առաջինն ու վերջինը ռազմական գերատեսչությունը այսօր միայն վաղ առավոտյան է տարածել։

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողով նախագահ Գևորգ Պապոյանը տեղեկություն չուներ՝ երեկվա հրադադարը ինչ պայմանով է կայացել. «Կստանա անհրաժեշտ տեղեկատվությունը հանրությունը: Փաստացի հաստատվել է այս պահի դրությամբ մեկ տղայի մահվան դեպքը, հիմա սա է»:

Չնայած Պաշտպանության նախարարությունն ադրբեջանական երեկվա հարձակման արդյունքում մարտական երկու հենակետի կորստի մասին է հայտարարում և ոչ մի տեղեկություն հետ բերվածների մասին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, սյունեցի Արմեն Խաչատրյանը այսօր կրկին պնդեց. «Այո, դիրքեր կան, որ հետ ենք վերցրել, բայց այս պահին որտեղ ինչ ենք վերցրել, ինչ իրավիճակ է, որտեղ ինչ ուժեր են կենտրոնացված` չեմ կարծում նպատակահարմար հրապարակել, որովհետև նախ և առաջ ես պետք է ճշտեմ: Կարծում եմ` {հրադադարը} փխրուն է»:

Հարցին` սա նշանակո՞ւմ է, որ ամեն րոպե կարող են վերսկսվել ռազմական գործողությունները, Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Այո, իմ կարծիքով` այո: Քանի՞ անգամ է եղել հրադադար 44-օրյա պատերազմի ժամանակ, տեսել եք չէ՞ հրադադարի վերջը:

Բանակցություններ, իհարկե, լինելու են, այս պահի դրությամբ էլ, որքանով տեղյակ եմ, բանակցություններ կան: Գերի վերադարձ, հրադադարի շարունակություն, ելման դիրքերի վերադարձ. բանակցությունն այս հարցերի շուրջ է»:

Իշխանական պատգամավորը չբացառեց՝ ադրբեջանական երեկվա գործողությունների նպատակը կարող էր լինել նաև «Զանգեզուրյան միջանցք» ստանալը. «Ուժով որևէ երկիր, Ադրբեջանը` մեր թշնամի երկիրը չի կարող ստանալ այդ միջանցքը: Սա արդեն կվերածվի լայնածավալ պատերազմի, և Հայաստանի Հանրապետությունն ու մեր ժողովուրդը չի հանդուրժելու ոտնձգությունը մեր երկրի նկատմամբ»:

Ազգային ժողովի այսօրվա նիստում հպանցիկ անդրադարձ եղավ սահմանային խնդիրներին։ Քննարկվում էր հաջորդ տարվա բյուջեի նախագիծը: Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը միայն կարճ հայտարարեց՝ սահմանի արևելյան հատվածում իրավիճակը հանգիստ է:

Տեղեկատվական քաոս, երեկվանից հրապարակվող հակասական տեղեկությունները այսպես է որակում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը. «Պաշտպանության նախարարությունն ասում է մեկ զոհ, ԱԺ ղեկավարությունը խոսում է զոհերի հիշատակը հարգելու մասին: Ցանկացած մարդ, ում զավակը, ազգականը հիմա այնտեղ առաջնագծում է, թյուրիմացության մեջ է, փնտրտուքի մեջ է, անորոշության մեջ է: Սա ուղղական տեղեկատվական տեռոր է Հայաստանի քաղաքացու նկատմամբ»:

XS
SM
MD
LG