Մատչելիության հղումներ

Ադրբեջանական զինուժը շարունակում է մնալ ՀՀ տարածքում. Արարատ Միրզոյան


Երեկ երեկոյան՝ կրակը դադարեցնելու պայմանավորվածությունից հետո ընդունելով Հայաստանում հավատարմագրված դեսպաններին՝ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, թե Ադրբեջանի ագրեսիան հաջորդում է ուժով միջանցք բացելու՝ Իլհամ Ալիևի սպառնալիքներին:

«Այս գործողություններին նախորդել են ամիսներ շարունակ Ադրբեջանի իշխանությունների կողմից շատ հստակ հայատյաց, քսենոֆոբիկ, ագրեսիվ հայտարարությունները, ուժի կիրառման անթաքույց սպառնալիքները, ՀՀ տարածքի նկատմամբ նկրտումները, հավակնությունները, ինչպես նաև, այսպես կոչված` «միջանցքային տրամաբանությունը»․ միջանցք ունենալու հայտարարությունները, այդ թվում՝ ուժով միջանցք վերցնելու վերաբերյալ ուղղակի հայտարարությունները», - ասել է նա։

Միաժամանակ Արարատ Միրզոյանը դիվանագետներին դժգոհել է, թե Ադրբեջանի այս վարքագիծը հետևանք է, որ նրանք պատշաճ և հասցեական չեն արձագանքում Ադրբեջանի կողմից ուժի կիրառմանը. «Կողմերի միջև հավասարության նշան դնող շարունակական հայտարարություններն Ադրբեջանի կողմից ուղղակիորեն ընկալվել են իբրև խրախուսանք՝ շարունակելու այդ վարքագիծը: Մենք ակնկալում ենք, որ մեր գործընկեր ու բարեկամ երկրներն անհապաղ և հասցեական կարձագանքեն այս գործողություններին և նաև կկիրառեն իրենց անմիջական ազդեցությունն Ադրբեջանի Հանրապետության վրա»:

Արտգործնախարարը հայտարարել է, որ ՄԱԿ-ի կանոնադրությամբ և բոլոր միջազգային պայմանագրերով Հայաստանը պաշտպանելու է իր տարածքային ամբողջականությունը: Նախարարի մամուլի քարտուղարն, այսօր պատասխանելով ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ դիմելու մասին հարցին, միայն ասել է, որ Արտգործնախարարությունն արդեն իսկ տեղեկացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին ստեղծված իրավիճակի մասին:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի աջակցությունը խնդրելուն, հայկական կողմը նշում է, որ երեկ Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույցում քննարկել են հնարավոր համատեղ քայլերը՝ ամրագրված երկկողմ իրավապայմանագրային հենքով և համահունչ դաշնակցային հարաբերություններին:

Միացյալ Նահանգների, Եվրամիության, հետխորհրդային ու այլ տարածաշրջանների դեսպաններին Արարատ Միրզոյանն ասել է, թե ադրբեջանական կողմը երեկ կիրառել է ամեն ինչ` բացի օդուժից:

«Այդ հատվածում ներթափանցման արդյունքում ադրբեջանական զինուժի ներկայությունը ՀՀ-ում շարունակում է մնալ: Մեր համոզմամբ՝ Ադրբեջանը, միջազգային հանրության ուշադրությունը, նաև լարվածությունը տեղափոխելով Հայաստան-Ադրբեջան սահմանագիծ, Հայաստանի Հանրապետության տարածք, փորձում է շեղել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից: Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու է ինչպես իր տարածքային ամբողջականությունը, այնպես էլ՝ Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը», - հավաստիացրել է նախարարը:

XS
SM
MD
LG