Մատչելիության հղումներ

Ազգային ժողովում այսօր նախատեսված է 2022-ի բյուջեի քննարկումը


Այսօր Ազգային ժողովում կքննարկի հաջորդ տարվա բյուջեի նախագիծը, որով նախատեսվում է 2022-ին 7 տոկոս տնտեսական աճ ապահովել։

Կառավարությունը պլանավորում է հաջորդ տարի 11 տոկոսով ավելացնել պաշտպանական բյուջեն, 27 տոկոսով՝ կրթությանը և գիտությանը տրամադրվող գումարը, ավելի քան15 տոկոսով՝ սոցիալական ծախսերը։

Ըստ նախագծի, հաջորդ տարվա բյուջետային եկամուտներն ընդհանուր առմամբ շուրջ 1 տրիլիոն 950 միլիարդ դրամ կկազմեն, ծախսերը՝ ավելի քան 2 տրիլիոն 189 միլիարդ, պակասուրդը՝ շուրջ 243 միլիարդ։

Տարեկան առնվազն 7 տոկոս տնտեսական աճ է նախատեսվում կառավարության հնգամյա ծրագրով, որով գործադիրը պարտավորվում է վերացնել ծայրահեղ աղքատությունը, նվազագույն աշխատավարձը առաջիկա տարիներին 68 հազարից դարձնել 85 հազար դրամ։

Հայաստանում շարունակվող սննադամթերքի շուրջ 16 տոկոս գնաճի ֆոնին՝ կառավարությունը հաջորդ տարի, սակայն, նվազագույն աշխատավարձի բարձրացում չի նախատեսում, ըստ նախագծի, կավելանա նվազագույն՝ բազային կենսաթոշակը՝ 26 հազար 500 դրամից դառնալով 28 հազար 600 դրամ։

«Գնաճի պատճառով կյանքը բարդացել է»

Գնաճի պատճառով կյանքը բարդացել է, «Ազատության» հետ զրույցներում ասում են քաղաքացիները՝ ընդգծելով, որ իրենց եկամուտները չեն ավելանում։ «Ստացածս եկամուտն արդեն չի հերիքում», - ասաց «Ազատության» զրուցակիցներից մեկը։ Մեկ այլ զրուցակից էլ նշեց․ - «Գները թանկանում են, բայց աշխատավարձը մնում է նույնը»։

Չնյած կառավարության՝ մարդկանց սոցիալական վիճակը բարելավելու ստանձնած պարտավարություններին, «Ազատության» հարցերին պատասխանած քաղաքացիները առաջիկա տարիներին ավելի լավ ապրելու հույսեր չունեն, ասում են՝ դրա համար ոչ մի նախադրյալ չեն տեսնում։

XS
SM
MD
LG