Մատչելիության հղումներ

Սոչիից վերադարձի ճանապարհին Էրդողանը կրկին անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին»


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան Էրդողան, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիից վերադարձի ճանապարհին լրագրողների հետ զրույցում ամփոփել է նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման արդյունքները:

Նա նշել է, որ օրակարգային մի շարք հարցերի թվում կողմերը քննարկել են նաև իրավիճակը կովկասյան տարածաշրջանում:

Էրդողանը անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին»՝ կարևորելով դրա կարևորությունը ողջ տարածաշրջանի համար:

«Այդ հատվածում գործարկվելիք ցամաքային և երկաթուղային ճանապարհները տարածաշրջանային բոլոր երկրների համար առևտրատնտեսական հնարավորություններ կբերեն: Ադրբեջանը այս միջանցքի համար լայնածավալ աշխատանքներ է տանում: Իհարկե, Հայաստանն էլ պետք է իր պարտավորությունները կատարի», -TRT Haber-ի փոխանցմամբ՝ ասել է Թուրքիայի նախագահը:

Շուրջ տասն օր առաջ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջոցով հանդիպելու առաջարկ է արել իրեն, միաժամանակ, կրկին խոսել էր «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Պաշտոնական Երևանը դրան արձագանքեց, որ «միջանցքային տրամաբանությունն» ընդունելի չէ իր համար, սակայն պատրաստ է Անկարայի հետ շփումների։

XS
SM
MD
LG