Մատչելիության հղումներ

44-օրյա պատերազմի հետևանքով 40 000 մարդ զրկվել է տնից, հարյուրավոր քաղաքացիական անձինք սպանվել կամ վիրավորվել են․ ՀՀ ԱԳՆ հայտարարությունը


44-օրյա պատերազմի հետևանքով 40 հազար մարդ զրկվել է տնից և ունեցվածքից, ավերվել են ավելի քան 17 հազար քաղաքացիական օբյեկտներ ու ենթակառուցվածքներ, հարյուրավոր քաղաքացիական անձինք սպանվել կամ վիրավորվել են, իսկ շատերի ճակատագիրը դեռևս մնում է անհայտ, 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տարելիցի կապակցությամբ իր հայտարարությունում նշել է Հայաստանի արտգործնախարարությունը։

2020-ի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ ստորագրվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին եռակողմ հայտարարությունը, որի հիման վրա Արցախում տեղակայվեցին Ռուսաստանի խաղաղապահ ուժեր։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը շեշտում է՝ միայն 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների լիակատար իրագործումը, մասնավորապես` առաջնային կարևորություն ունեցող հումանիտար խնդիրների հրատապ կարգավորումը, նախևառաջ՝ բոլոր ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց անվերապահ հայրենադարձումը, անհայտ կորած անձանց ճակատագրի բացահայտումը և բռնի անհետացումների դեպքերի հետաքննությունը, հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանությունը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք վերականգնումը կարող են նախադրյալներ ստեղծել տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության ապահովման համար։

Պատերազմից հետո Ադրբեջանը 114 գերի է վերադարձրել՝ զինծառայողներ և քաղաքացիական անձինք։ Հայկական կողմի ոչ պաշտոնական տվյալներով՝ այսօր Բաքվի բանտերում մի քանի տասնյակ հայ գերիներ են պահվում։ Բաքուն բազմիցս հայտարարել է, թե վերադարձրել է բոլոր գերիներին՝ ադրբեջանական բանտերում պահվող քաղաքացիներին անվանելով «ահաբեկիչներ»։

Հակամարտության համապարփակ և տևական լուծումը հնարավոր է միայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատի ներքո

Հակամարտության համապարփակ և տևական լուծումը հնարավոր է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո խաղաղ բանակցությունների միջոցով, վերահաստատում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ շեշտելով՝ ինչը ենթադրում է Արցախի կարգավիճակի հստակեցում և տեղահանված արցախահայության՝ Արցախի ողջ տարածքում իրենց բնակավայրեր անվտանգ վերադարձի ապահովում և Արցախի ժողովրդի՝ իր բնօրրանում ազատ ու արժանապատիվ ապրելու իրավունքի իրացում՝ հիմնված ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի վրա:

«Հայաստանը վերահաստատում է իր պատրաստակամությունը գործնական ջանքեր գործադրելու տարածաշրջանում իրավիճակի լիցքաթափման, քայլ առ քայլ թշնամանքի մթնոլորտի հաղթահարման, տարածաշրջանում կայունության և խաղաղ զարգացման դարաշրջանի բացման ուղղությամբ։ Միաժամանակ գործընթացի արդյունավետության համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանը ևս կառուցողական դիրքորոշում որդեգրի՝ հրաժարվելով հայատյացության, ագրեսիվ հռետորաբանության և գործողությունների իր քաղաքականությունից», - ասված է հայտարարությունում։

Պաշտոնական Բաքուն հայտարարում է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանալին խաղաղության պայմանագրի կնքումն է՝ միևնույն ժամանակ շեշտելով՝ «Ղարաբաղի հարցը փակված է, Ղարաբաղը Ադրբեջանի համար այլևս արտաքին քաղաքական օրակարգի թեմա չէ, այլ ներքին հարց է»։

«Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»

Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության շենքը Ստեփանակերտում
Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության շենքը Ստեփանակերտում

Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տարելիցի կապակցությամբ տարածած հայտարարությունում նշել է Արցախի արտգործնախարարությունը՝ շեշտելով՝ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումն ու Արցախի ժողովրդի կամքն անփոփոխ են։

«Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման և տարածաշրջանում կայուն ու տևական խաղաղության հաստատման անկյունաքարը Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման անքակտելի իրավունքի ճանաչումն է և այն տարածքների դեօկուպացիան, որոնց վրա արցախահայությունն ինքնորոշվել է, ստեղծել անկախ պետականություն և զարգացրել այն», - ասված է հայտարարությունում։

XS
SM
MD
LG