Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն և 44 այլ երկրներ Կրեմլին հարցեր են ուղղել՝ Նավալնիի թունավորման, քիմիական զենքի կիրառման վերաբերյալ


ԱՄՆ-ն և 44 այլ երկրներ կազմել են անցած տարվա օգոստոսին Նավալնիի թունավորման վերաբերյալ Ռուսաստանի իշխանություններին ուղղված հարցերի ցանկ՝ Կրեմլից պատասխաններ ստանալու համար քիմիական զենքի կիրառման վերաբերյալ:

Այդ հարցը քննարկվել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության գործադիր խորհրդի նիստի ժամանակ, որը տեղի է ունեցել երեքշաբթի Հաագայում, հայտնում եմ պետքարտուղարությունից:

Նման պահանջ ներկայացվել է Քիմիական զենքի մասին կոնվենցիայի կանոնների համաձայն, որի մասնակից են ինչպես ԱՄՆ-ը, այնպես էլ Ռուսաստանը: Դա թույլ է տալիս մասնակից պետություններին «պարզաբանումներ պահանջել ցանկացած հարցի վերաբերյալ, որը կասկած է հարուցում քիմիական զենքի օգտագործման արգելքի համապատասխանության վերաբերյալ »:

Քիմիական զենքի մասին կոնվենցիայի 4-րդ հոդվածի 2-րդ կետում սահմանված կանոնների համաձայն՝ Ռուսաստանը պարտավոր է պատասխանել 10 օրվա ընթացքում:

2020-ի օգոստոսին Տոմսկից Մոսկվա մեկնելու ժամանակ Կրեմլի կոշտ քննադատ Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակն օդանավում կտրուկ վատացել էր։ Օդանավն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկում: Այստեղ 44-ամյա Նավալնիին անգիտակից վիճակում տեղափոխել էին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Օմսկի շտապօգնության հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում երկու օր կոմայի մեջ մնալուց հետո հարազատները, տեղացի բժիշկների, նաև իշխանությունների համառ, եռօրյա դիմադրությունը հաղթահարելուց հետո նրան տեղափոխեցին Գերմանիա։ Բեռլինի «Շարիթե» հիվանդանոցը հայտարարեց՝ Նավալնիին թունավորել են․ նրա օրգանիզմում հայտնաբերվել են նյարդային համակարգը կաթվածահար անող քիմիական նյութի հետքեր։

Պաշտոնական Մոսկվան իր հասցեին հնչող մեղադրանքները «դատարկ աղմուկ» որակեց։

Գերմանիայում բուժումն ավարտելուց հետո Նավալնին հունվարի 17-ին վերադարձավ Ռուսաստան և անմիջապես ձերբակալվեց, ապա՝ կալանավորվեց։ Փետրվարի 2-ին դատարանը նրան 3,5 տարվա ազատազրկման դատապարտեց։

XS
SM
MD
LG