Մատչելիության հղումներ

Միրզոյանն ու Լավրովը քննարկել են հրատապ հումանիտար խնդիրների լուծմանն առնչվող հարցեր


Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունները՝ «հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լիակատար հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների մասին նոյեմբերի եռակողմ փաստաթղթի մոտալուտ տարելիցը»։

Ռուսական կողմի փոխանցմամբ` «հատուկ ուշադրություն է դարձվել հրատապ հումանիտար խնդիրների լուծման առաջխաղացմանը, առաջին հերթին՝ պահվող անձանց վերադարձին, ականապատ դաշտերի քարտեզների փոխանցմանը և մշակութային - կրոնական ժառանգության պահպանմանը»:

Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն` Սերգեյ Լավրովն ու Արարատ Միրզոյանը «համադրել են մոտեցումները հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացման, Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, տարածաշրջանային համագործակցության համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու հարցերի շուրջ»։ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները շեշտադրել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային միջադեպերի քաղաքական և դիվանագիտական կարգավորմանն ուղղված ջանքերի շարունակականության կարևորությունը։

Ռուսաստանյան արտգործնախարարության հաղորդմամբ` կողմերը քննարկել են նաև «հայ-ռուսական համագործակցության արդիական ասպեկտները՝ հաշվի առնելով տարբեր մակարդակներում առաջիկայում սպասվող երկկողմ շփումները։ Թե ինչ հանդիպումների մասին է խոսքը, և երբ են դրանք նախատեսված, պաշտոնական Մոսկվան չի մանրամասնում։

Հայաստանի ԱԳՆ-ն էլ ավելի ուշ հայտնեց, որ Արարատ Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատանքները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և մանդատի ներքո՝ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ խաղաղ կարգավորմանը հասնելու համար:

XS
SM
MD
LG