Մատչելիության հղումներ

Էրդողանը Հարավային Կովկասի ապագան քննարկել է նաև Ֆրանսիայի նախագահի հետ


G20-ի մասնակիցները Հռոմում
G20-ի մասնակիցները Հռոմում

G-20-ի գագաթնաժողովից վերադարձի ճանապարհին Թուրքիայի նախագահը ինքնաթիռում տված ճեպազրույցում հայտնել է, թե Հարավային Կովկասի ապագան Հռոմում քննարկել է նաև Ֆրանսիայի նախագահի հետ։

Թայիփ Էրդողանն ասել է, թե Էմանյուել Մակրոնին պատմել է անցած շաբաթ տարածաշրջան կատարած այցի մասին՝ նշելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վճռական է տրամադրված Կովկասում խաղաղության հաստատմանը միտված քայլերը շարունակելու հարցում և նույնիսկ քննարկում է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում օրակարգում է եղել տարածաշրջանի վեց երկրների հարթակի ձևավորման հարցը:

Թե որտեղ, ինչ ֆորմատով և երբ են քննարկել Ալիևն ու Փաշինյանը վեցի հարթակը, պաշտոնապես երբեք չի հայտարարվել։ Էրդողանն էլ չի մանրամասնել, թե ինչ քննարկման մասին է խոսքը։

«Ազատությանը» չի հաջողվել այս հարցի շուրջ մեկնաբանություն ստանալ Հայաստանի վարչապետի աշխատակազմից։

Փաշինյանն ու Ալիևը վերջին անգամ դեմ առ դեմ հանդիպել էին ինը ամիս առաջ՝ հունվարին Մոսկվայում, հանդիպումից հետո երկու երկրների ղեկավարների արած հայտարարություններում ու պաշտոնական հաղորդագրություններում, սակայն, վեցի հարթակի մասին խոսք չկար։

Այս ձևաչափի մասին Թուրքիայի առաջնորդը խոսել էր նաև նախօրեին Հռոմում G20-ի շրջանակներում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ՝ ասելով, որ Անկարան Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը պատկերացնում է վեցի հարթակի գործարկման ճանապարհով:

«Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, Հայաստանը և Վրաստանը կարող են համատեղ քայլ անել և վերականգնել խաղաղությունը տարածաշրջանում», - հայտարարել էր Էրդողանը։

Նա նշել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանին խաղաղության առաջարկ արդեն արել է: Խոսելով Թբիլիսիի դիրքորոշման մասին՝ էրդողանը ասել է, որ Վրաստանը միասնական հարթակի ձևավորման վերաբերյալ բացասական մոտեցում ունի, սակայն եթե բոլորը համաձայնության գան, հնարավոր կլինի կյանքի կոչել այդ ձևաչափը: Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ տարածաշրջանային երկրների համագործակցության այս նոր հարթակի գործարկումը կնպաստի խնդիրներ ունեցող երկրների հարաբերությունների բարելավմանը՝ ինչպես Հայաստանի և Թուրքիայի, այնպես էլ Վրաստանի և Ռուսաստանի միջև:

«3+3» ձևաչափը, որը ենթադրում է տարածաշրջանի վեց պետությունների՝ Ռուսաստանի, Վրաստանի, Թուրքիայի, Հայաստանի, Իրանի և Ադրբեջանի համագործակցություն, ակտիվորեն սկսեց շրջանառվել անցած տարվա պատերազմից հետո տարածաշրջանում մնայուն խաղաղության ապահովման շուրջ մեծ երկրների առաջնորդների քննարկումներում: Էրդողանի խոսքով, այս հարցը նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ երեկ կայացած հանդիպման օրակարգում է եղել:

Ռուսաստանի ԱԳՆ-ի հաղորդմամբ` վեցի հարթակի թեմայով G20-ի ժամանակ քննարկում են ունեցել նաև Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Մևլյութ Չավուշօղլուն և Սերգեյ Լավրովը:

«Տեղի է ունեցել մտքերի փոխանակում «3+3» տարածաշրջանային մեխանիզմի գործարկման հեռանկարների շուրջ՝ տնտեսական և տրանսպորտային կապերը ապաշրջափակելու և Հարավային Կովկասում փոխշահավետ ենթակառուցվածքային նախագծերը խթանելու նպատակով»,- հայտարարել է Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը։

Անկարայից բացի, համագործակցության «3+3» ձևաչափին դրական են նայում նաև Մոսկվան, Թեհրանը և Բաքուն:

Պաշտոնական Երևանը դեմ չի արտահայտվել այս ձևավորմանը, բայց նաև շեշտում է՝ տարածաշրջանային համագործակցության ցանկացած ձևաչափ կարող է արդյունավետ լինել, եթե այն հիմնված է դրանում ներգրավված բոլոր պետությունների միջև փոխհարաբերություններում դրական միտումներ մատնանշող զարգացումների վրա: Նման տեսակետ «Ազատության» հետ զրույցում հայտնեց ԱԳ նախարարի խոսնակ Վահան Հունանյանը:

«Հակառակ պարագայում դա կարող է հանգեցնել պետությունների երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների տեղափոխմանը բազմակողմ ձևաչափ, ինչն էլ կարող է հանգեցնել թե՛ այդ բազմակողմ ձևաչափի, թե՛ երկկողմ երկխոսության խաթարմանը: Նաև մեզ համար սկզբունքային է, որ այն հնարավոր թեմաները, որոնք կարող են քննարկվել այդ ձևաչափում, որևէ կերպ չհամընկնեն այլ ձևաչափերի մանդատի և քննարկման հարցերի շրջանակի հետ», - հավելեց Հունանյանը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG