Մատչելիության հղումներ

Վանաձորի նախկին համայնքապետը դեռևս չի հայտնում՝ ովքեր են իր թիմակիցները, ՔՊ թեկնածուն կասկածներ ունի այդ մասին


Արամ Խաչատրյան, Մամիկոն Ասլանյան
Արամ Խաչատրյան, Մամիկոն Ասլանյան

Վանաձորում դեկտեմբերի 5-ին կայանալիք ավագանու ընտրություններին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն կլինի Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։ Այդ մասին կուսակցությունը հայտարարել է տարածած հայտարարության մեջ։

Արամ Խաչատրյանը 2018 թվականի Ազգային ժողովի ընտրություններին ամենաշատ թվով՝ ավելի քան 15 հազար ձայն էր ստացել Լոռու մարզում։ 2020-ի դեկտեմբերին մանդատը վայր էր դրել ու նշանակվել մարզի ղեկավար։

Տարբեր անուններ էին շրջանառվում, որպես իշխող կուսակցության հավանական թեկնածու, բայց մինչև երեկ գաղտնի էր պահվում ընտրական ցուցակը գլխավորողի անունը։ Մարզպետը ոչ հաստատում, ոչ էլ հերքում էր, որ կարող է հենց ինքը լինել |«Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն, քանի դեռ Երևանում որոշում չէր կայացվել։

Կուսակցական ցուցակներով տեղի ունենալիք ընտրություններին «Ասլանյան» դաշինքով մասնակցելու մասին օրերս հայտարարել էր Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանը։ Այդ մասին նա իր ֆեյսբուքյան էջում էր գրել՝ առանց մանրամասնելու, թե որ քաղաքական ուժերն են մտնում իր ազգանվամբ ստեղծված դաշինքի կազմում։

Երեկ «Ազատությանը» հայտնեց, որ դաշինքը կազմավորել են Խաչատուր Քոքոբելյանի գլխավորած «Ազատ դեմոկրատներն» ու «Իմ հզոր համայնք» նորաստեղծ կուսակցությունը։ Մամիկոն Ասլանյանը դեռևս անպատասխան է թողնում «Ազատության» հարցերը, թե ովքե՞ր են լինելու իր հիմնական թիմակիցները։ Չի խոսում անգամ իր դաշինքի մեջ մտնող նորաստեղծ, դեռևս ընտրողներին անհայտ «Իմ հզոր համայնք» կուսակցության հիմնադիրների մասին, անգամ նշում, թե նրանք որևէ կարևորություն չունեն իր ստեղծած դաշինքի համար։

«Էս պահին որևէ մեկը որևէ կուսակցություն չի ներկայացնում, էս պահին ցուցակում ընդգրկված բոլոր մարդիկ ներկայացնելու են «Մամիկոն Ասլանյան» դաշինքը և դաշինքի մարտավարությունը և դաշինքի կողմից առաջ տարվող ծրագրերը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մամիկոն Ասլանյանը։

Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստի գործակալության տվյալներով՝ «Իմ հզոր համայնք» կուսակցությունն այս տարվա հոկտեմբերի 7-ից ղեկավարում է Արարատի մարզի Սիսավան համայնքի 13 տարվա ղեկավար Սպարտակ Թարթիկյանը։

Ըստ պաշտոնական տվյալների, կուսակցությունը մարտին հիմնադրել և մինչև հոկտեմբեր ղեկավարել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը, որ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի աջակիցն է։ Նա ակտիվ մասնակցել է հակաիշխանական ցույցերին, սուտ մատնության հոդվածով մեղադրյալ է։

Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի արդեն հայտնի մրցակիցներից մեկը՝ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն «Ազատության» հետ զրույցում համոզմունք հայտնեց, թե «Ասլանյան» դաշինքի իրական աջակիցներն այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը ներկայացնող կուսակցություններն են։

«Մամիկոն Ասլանյանը գործիք է, իրեն օգտագործելու են որպես գործիք՝ որոշակի ազդեցություն ունենալու համար», - ասաց Խաչատրյանը։

Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքններն առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Ընտրատարածքային հանձնաժողով կներկայացնեն մինչև հոկտեմբերի 31-ը, ժամը՝ 18:00-ն:

Թիվ 23 հանձնաժողովից «Ազատությանը» հայտնեցին, որ այսօրվա դրությամբ դեռ որևէ կուսակցություն փաստաթղթեր չի ներկայացրել։ Բայց հայտնի է, որ Վանաձորի ավագանու ընտրություններին «Լուսավոր Հայաստանի» թեկնածուն կլինի նախկին պատգամավոր Հրանտ Այվազյանը, «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն՝ գործարար Արտավազդ Ալավերդյանը, «Հայրենիք» կուսակցության ընտրական ցուցակը կգլխավորի ավագանու նախկին անդամ, կուսակցության մարզային կառույցի ղեկավար Վահե Դոխոյանը։

Ընտրություններին առանձին կուսակցությունով մասնակցելու մտադրության մասին հայտնել են նաև Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանի երկու ենթակաները՝ տեղակալ Արկադի Փելեշյանն ու գլխավոր խորհրդական Արտյոմ Գրիգորյանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG