Մատչելիության հղումներ

Վանաձորի նախկին քաղաքապետը ընտրություններին կմասնակցի առանց ՀՀԿ-ի` «Ասլանյան դաշինքով»


Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանը
Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանը

2016-ին Հանրապետական կուսակցության ցուցակով Վանաձոր համայնքի ղեկավար ընտրված Մամիկոն Ասլանյանը դեկտեմբերի 5-ի ընտրություններին կմասնակցի առանց Հանրապետականի։ Երեկ ուշ երեկոյան Ասլանյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրած ուղերձում հայտարարել էր. «Նպատակ ունենալով ապահովել հասարակության ավելի լայն համախմբում` դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին որոշել ենք մասնակցել «Ասլանյան դաշինքով»:

Ասլանյանը չէր հստակեցրել, թե որ քաղաքական ուժերն են մտնում նորաստեղծ այս դաշինքի մեջ։ Նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանն «Ազատությանը» խոստացել էր այսօր մանրամասներ հայտնել այդ մասին, բայց մինչ այս պահը լռում է։

Այն, որ Հանրապետականն «Ասլանյան» դաշինքի մաս չի կազմի, «Ազատությանը» հայտնեց կուսակցության Լոռու մարզային կառույցի ղեկավար, Լոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանը. «Դեռ մենք վերջնական որոշում չունենք, քննարկման փուլում է, չի բացառվում, որ Հանրապետականը հայտարարի, որ չի մասնակցում, և Հանրապետական կուսակցության անդամներն ազատ են իրենց ընտրության մեջ։ Բայց նաև չի բացառվում, որ մենք մասնակցենք ընտրություններին»։

Հարցին, թե հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ն Մամիկոն Ասլանյանին աջակցելու մասին որոշում կայացնի, պատասխանեց. «Օֆիցիալ հայտարարություն նմանատիպ ես վստահ եմ, որ Հանրապետականը չի անի` հաշվի առնելով, որ այս պարագայում, չեմ կարծում, որ նման որոշում կկայացնի»։

Ավելի վաղ Մամիկոն Ասլանյանն «Ազատությանն» ասել էր, որ «փորձում է գտնել վանաձորցու համար ավելի ընկալելի ձևաչափ, որով կմասնակցի առաջիկա ընտրություններին»՝ առանց հստակեցնելու, թե որ քաղաքական ուժերն է ընդունելի համարում իր և վանաձորցիների համար։ Պաշտոնից հեռանալուց ընդամենը երկու օր առաջ նա «Ազատությանն» ասել էր, որ դեռևս անդամակցում է Հանրապետական կուսակցությանը։

Վանաձորը 5 տարի ղեկավարած Մամիկոն Ասլանյանը պաշտոնից հեռացել է հոկտեմբերի 12-ին։ Վարչապետի որոշմամբ նրա փոխարեն պաշտոնակատար է նշանակվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Վանիկ Օհանյանը, որ իշխող ուժի թեկնածուն չի լինելու առաջիկա ընտրություններին։ Այդ մասին հայտարարել էր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը նրան համայնքապետարանի աշխատակազմին ներկայացնելիս։

Դեկտեմբերի 5-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտարարել են նաև ԱԺ ընտրություններին Հանրապետականի հետ կոալիցիա կազմած «Հայրենիք» կուսակցությունը, «Լուսավոր Հայաստանը», «Ապրելու երկիրը» և իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»։ Եվս մեկ կուսակցություն` «Նոր Վանաձոր» անունով հիմնելու մտադրության մասին օրերս «Ազատությանը» հայտնեց նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի գլխավոր խորհրդական, արդեն լուծարված ավագանու Հանրապետական խմբակցության անդամ Արտյոմ Գրիգորյանը։ Նա հայտարարեց, որ իր կուսակցությունը, որով հավանաբար կմասնակցի ընտրություններին, չի առնչվելու իր նախկին ղեկավարի՝ Մամիկոն Ասլանյանի հետ։

«Մասնակցելու ենք միայն «Նոր Վանաձոր» կուսակցությունով, որը հիմա գրանցման փուլում է», - ասել էր նա:

Տեղեկություններ կան, որ Վանաձորի ընտրություններին մասնակցելու է նաև Մամիկոն Ասլանյանի տեղակալ Արկադի Փելեշյանը, որ 2016-ին ավագանու անդամ էր ընտրվել Արթուր Բաղդասարյանի գլխավորած «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակով և ընտրություններից հետո Հանրապետականի հետ ստորագրած հուշագրի համաձայն նշանակվեց տեղակալ։ Նա հաստատեց՝ մասնակցելու է, բայց չհստակեցրեց, թե որ քաղաքական ուժի ցուցակով։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG