Մատչելիության հղումներ

Եվրամիությունը խոստանում է օժանդակել Մոլդովային «Գազպրոմ»-ի հետ վեճի ընթացքում


Մոլդովան առաջին անգամ անկախության ձեռքբերումից ի վեր գազ կգնի ոչ թե Ռուսաստանից, այլ Եվրամիությունից։ Այս մասին հոկտեմբերի 25-ին պաշտոնապես հայտարարեց երկրի կառավարությունը՝ տեղեկացնելով, որ պետական Energocom ընկերությունը համաձայնագիր է կնքել լեհական էներգետիկ ընկերություններից մեկի հետ՝ պայմանավորվելով առաջիկայում այդ երկրից 1 միլիոն խորանարդ մետր գազ ձեռք բերել։

Պաշտոնական Քիշնևը այս քայլին է դիմել «Գազպրոմ»-ի հետ փակուղի մտած բանակցությունների և ռուսաստանյան գազային ընկերության կողմից հնչող սպառնալիքների ֆոնին։

Անցած շաբաթավերջին «Գազպրոմ»-ի պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը հայտարարեց, որ Մոլդովայի հետ նոր գազային պայմանագիրը կկնքվի միայն այն դեպքում, եթե Քիշնևը համաձայնի վճարել ռուսական գազի սպառման դիմաց կուտակված այսպես կոչված «պատմական պարտքը»։ «Գազպրոմ»-ի ներկայացուցիչները պնդում են, որ Մոլդովան 1994 թվականից ի վեր շուրջ 700 միլիոն ամերիկյան դոլարի պարտք է կուտակել։ Ռուսական ընկերությունը խոստանում է, որ եթե Մոլդովան ընդունի այս պարտքի գոյությունը և փոխհատուցի այն, ապա հետագա տարիներին ռուսական գազը կկարողանա ստանալ շուկայականից ցածր գնով։

Մոլդովայի իշխանությունները, սակայն, առայժմ չեն շտապում ընդունել այս առաջարկը։

«Մեր մոտեցումն անփոփոխ է։ Մեզ անհրաժեշտ է հստակ գնահատական, ներքին աուդիտ, որը կհաստատի նման պարտքի գոյությունը։ Առանց դրա մենք որևէ պարտավորության տակ ստորագրել չենք կարող», - հայտարարում էր «Գազպրոմ»-ի հետ Մոլդովայի գլխավոր բանակցող, փոխվարչապետ Անդրեյ Սպինուն։

Քիշնևում, այդուհանդերձ, նշում են, որ Լեհաստանից գնված գազը, որի գինն, ի դեպ, չի հանրայնացվում, Մոլդովայում առկա ամբողջ պահանջարկը բավարարել չի կարող։

«1 միլիոն խորանարդ մետր գազը այնքան էլ մեծ թիվ չէ։ Մենք գազի այդ ոչ մեծ ծավալը լեհական պետական ընկերությունից գնում ենք, որպեսզի բացառենք խողովակաշարերում ճնշման անկումը», - հայտարարել է Մոլդովայի վարչապետ Նատալյա Գավրիլիցան տեղական հեռուստաընկերություններից մեկի եթերում՝ նշելով նաև, որ հոկտեմբերին «Գազպրոմ»-ը մոլդովական շուկա է մատակարարել գազի նախապես համաձայնեցված ծավալների միայն 67 տոկոսը։

Այս ամենի հետևանքով, Մոլդովայի իշխանությունները հոկտեմբերի 22-ին ստիպված էին երկրի էներգետիկ ոլորտում արտակարգ դրություն հայտարարել՝ կոչ անելով բնակչությանը խնայողաբար ծախսել վառելիքը։

Երեկ արդեն, Մոլդովայում ստեղծված ճգնաժամը քննարկում էին Եվրամիության անդամ պետությունների էներգետիկայի նախարարները։ Հավաքի ավարտին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Twitter-ի իր էջում գրեց. - «Եվրամիությունը Մոլդովայի կողքին է։ Մեր փորձագետները տեղում ուսումնասիրում են օժանդակության հնարավոր տարբերակները։ Քննարկում ենք նաև [գազի] հավելյալ մատակարարումների հնարավորությունը»։

XS
SM
MD
LG