Մատչելիության հղումներ

«Ադրբեջանական զինված հարձակումներն ուղեկցվել են դաժան վերաբերմունքով»․ փաստերը ներկայացվել են ԵԽ զեկուցողներին


2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Արցախում ադրբեջանական զինված հարձակումներն ուղեկցվել են անմարդկային ու դաժան վերաբերմունքով, գլխատումներով ու խոշտանգումներով ինչպես ռազմագերիների, այնպես էլ քաղաքացիական գերիների նկատմամբ, հայտարարել է մարդու իրավունքների պաշտպանը։

Արման Թաթոյանն ու փաստաբան Սիրանուշ Սահակյանն ադրբեջանական խախտումները կոնկրետ փաստերով ներկայացրել են Եվրոպայի խորհրդի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբին։

Ըստ օմբուդսմենի գրասենյակի, Պաշտպանը տեղեկություններ է փոխանցել նաև ադրբեջանական իշխանությունների կողմից Հայատանի սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերի վերաբերյալ՝ նշելով, որ պետական սահմանի հետ կապված հարցերը պետք է դիտարկվեն մարդու իրավունքների տեսանկյունից, որպեսզի դրանք երկրորդական պլան չմղեն, չսահմանափակվեն այդ իրավունքները պաշտպանելու պետության հնարավորությունները:

Մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Իրավիճակը պարբերաբար սրվում է, սահմանին բախումներ են լինում։

Շեշտելով, որ ադրբեջանական անօրինական արարքների հետևանքով մարդիկ զրկվել են նույնիսկ դեռ խորհրդային ժամանակներից իրենց պատկանող տներից, հողատարածքներից, խոտհարքերից՝ Թաթոյանը տեղեկացրել է՝ առաջ են եկել ոչ միայն սոցիալական, այլ նաև անվտանգային լուրջ խնդիրներ։

Թաթոյանն ու Սահակյանն անդրադարձել են նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությանը՝ նշելով, որ նրանց «ահաբեկիչներ» կամ «դիվերսանտներ» ներկայացնելը կոպտորեն խախտում է միջազգային պահանջները:

Պատերազմից հետո Ադրբեջանը 114 գերի է վերադարձրել՝ զինծառայողներ և քաղաքացիական անձինք։ Հայկական կողմի ոչ պաշտոնական տվյալներով՝ այսօր Բաքվի բանտերում մի քանի տասնյակ հայ գերիներ են պահվում։ Բաքուն բազմիցս հայտարարել է, թե վերադարձրել է բոլոր գերիներին՝ «ադրբեջանական բանտերում պահվող քաղաքացիներն ահաբեկիչներ ու դիվերսանտներ են»։

Հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք կարգավիճակով գերիներ են, պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ քաղաքական կամ այլ նախապայմանի՝ ասել է Սահակյանը՝ շեշտելով՝ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով գերիների և նրանց ընտանիքների իրավունքները, նրանց պատճառելով տառապանքներ և առաջացնելով լարվածություն հասարակությունում:

Նրանց համոզմամբ, խախտումները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ ադրբեջանական կողմը պատասխանատվության չի ենթարկվել պատերազմական հանցագործությունների համար։

XS
SM
MD
LG