Մատչելիության հղումներ

Ադրբեջանի կողմից պարտավորությունների խախտումը պետք է պատշաճ արձագանք ստանա Եվրոպայի խորհրդի կողմից․ ՀՀ փոխարտգործնախարար


Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը, 2001 թվականի հունվարին անդամակցելով Եվրոպայի խորհրդին, պարտավորվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորել բացառապես խաղաղ միջոցներով, Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 20-ամյակի կապակցությամբ իր ելույթում այսօր ասել է Հայաստանի փոխարտգործնախարարն՝ ընդգծելով՝ հետևաբար, 2020 թվականի 44-օրյա պատերազմն Ադրբեջանի կողմից այդ պարտավորությունների խախտում է հանդիսանում և պետք է պատշաճ արձագանք ստանա Եվրոպայի խորհրդի կողմից:

Արցախի բնակչության դեմ սանձազերծված պատերազմի հումանիտար հետևանքները համարելով ամենահրատապ խնդիրներից մեկը՝ Վահե Գևորգյանն այս հարցում կարևորել է միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի ներգրավվածությունը։

«Մենք կարծում ենք, որ անձանց հիմնարար իրավունքները պահպանելու տեսանկյունից Եվրոպայում չպետք է լինեն «գորշ գոտիներ», - ասել է փոխարտգործնախարարը:

Գլխավոր քարտուղարը, Մարդու իրավունքների հանձնակատարը, ԵԽ Խորհրդարանական վեհաժողովը, Մարդու իրավունքների եվրոպական Դատարանը, համապատասխան մոնիտորինգային մարմիններն իրենց լիազորությունների շրջանակներում արդեն փորձել են արձագանքել խնդրին, ասել է փոխարտգործնախարարն ու շեշտել՝ Նախարարների կոմիտեն, այնուամենայնիվ, դեռևս չի դրսևորել իր դերակատարությունը։

«Լիահույս եմ, որ Կոմիտեի անդամների ներկայությունն այստեղ դրական ներգործություն կունենա այս հարցում առաջընթաց գրանցելու գործում», - եզրափակել է փոխարտգործնախարարը:

Պատերազմից հետո Ադրբեջանը 109 գերի է վերադարձրել՝ զինծառայողներ և քաղաքացիական անձինք։ Հայկական կողմի ոչ պաշտոնական տվյալներով՝ այսօր Բաքվի բանտերում մի քանի տասնյակ հայ գերիներ են պահվում։ Բաքուն բազմիցս հայտարարել է, թե վերադարձրել է բոլոր գերիներին՝ ադրբեջանական բանտերում պահվող քաղաքացիներին անվանելով «ահաբեկիչներ»։

XS
SM
MD
LG