Մատչելիության հղումներ

Ժամանցի վայրեր հաճախելու համար թեստի պատասխան ունենալու կամ պատվաստված լինելու հնարավոր պահանջը մտահոգություններ է առաջացրել


Հանրային սննդի սեփականատերերին ու մշակույթի կենտրոնների տնօրեններին մտահոգել է առողջապահության նախարարի երեկվա հայտարարությունը, թե նախագիծ են մշակում, որ այդ փակ տարածքներ հնարավոր լինի մտնել միայն ՊՇՌ թեստի պատասխանով կամ պատվաստման հավաստագրով։

«Ազատությունն» այցելեց Կասկադում գործող շուրջ տասը հանրային սննդի կետ: Այստեղ հիմնականում հրաժարվեցին խոսել, միայն ասացին, որ իրենց բիզնեսը կտուժի, եթե նախագիծը հաստատվի։ Այստեղ միայն երկու սրճարանի ղեկավարներ տեսախցիկի առաջ իրենց մտահոգություններով կիսվեցին։

Գևորգ Մարկոսյանն օրինակ` ասաց՝ սանիտարահիգիենիկ բոլոր պահանջները պահպանում են, աշխատակիցների 80 տոկոսը պատվաստված է, 20 տոկոսն էլ ՊՇՌ թեստ է ներկայացնում։ Մտահոգված է՝ համաճարակի օրերին Կասկադում գոծող իրենց սրճարաններից մեկն արդեն փակվել է։ Ռուսաստանում ռեստորանային բիզնեսով զբաղվող ընկերների փորձից ելնելով` մտավախություն ունի՝ սա էլ կփակվի, եթե այդ սահմանափակումն ուժի մեջ մտնի։

«Իմ կարծիքով` մենք չենք այն վերահսկող մարմինը, որը պետք է հետևի, թե հաճախորդները պատվաստվա՞ծ են, ՊՇՌ թեստ արվա՞ծ է: Մենք կարող ենք միայն կազմակերպել մեր աշխատակիցների թեստավորման կամ պատվաստման արդյունքները: Իմ ընկերները, որ այդ նույն բիզնեսի մեջ էին Մոսկվայում, բացասական վերաբերմունք ունեին, ու շատերն արդեն մտածում էին փակել այդ ժամանակահատվածով, մինչև ինչ-որ նոր փոփոխություններ լինեին, որովհետև շատ մեծ վնասներ էին կրում», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:

Երևանյան սրճարանները` համավարակի սկզբում, մարտ ամիս, 2020թ.
Երևանյան սրճարանները` համավարակի սկզբում, մարտ ամիս, 2020թ.

Կասկադում արդեն երեք տարի գործող սրճարաններից մեկի մենեջեր Հայկ Դատումյանի խոսքով՝ իրենք պատրաստ են աջակցել պետությանը՝ կանխելու վարակի տարածումը։ Իրենց սրճարանի օրինակով ասաց՝ աշխատակցիների մեծ մասը պատվաստված է։ Բայց ընդգծեց՝ բիզնեսը կտուժի. «Բնականաբար, ինչ-որ չափով կհարվածի առևտրին, աշխատանքին սրճարանների, բայց մյուս կողմից էլ` վատ էլ չի, որ կհանդիսանա որպես ստիմուլ, որ մարդիկ պատվաստվեն, որովհետև բոլորս էլ սիրում ենք հանգստանալ, ժամանց անցկացնել, և եթե արդեն ստիպված ես լինելու ինչ-որ բան անել, որ գոնե քո հանգիստը վայելես, ուզած-չուզած շատերը կանեն»:

Կողբացի փողոցում գործող երկու ռեստորանների սեփականատեր Արեգ Գևորգյանը կարծում է՝ ուշ թե շուտ Հայաստանում էլ նման կարգավորում կգործի, բայց նա ևս վստահ է, որ շրջանառության նվազում կլինի: Արեգ Գևորգյանն ասում է՝ դեմ չէ աջակցել պետությանը, բայց պատասխանատու օղակներն էլ պետք է գործընկերային հարաբերություններ ունենան իրենց հետ, ոչ թե ցանկացած սահմանափակում որպես մահակ կիրառեն բիզնեսի գլխին:

«Պետք է վերահսկեն, ավելի ռեսուրսներ պետք է ծախսի պետությունը` այդ ամեն ինչը վերահսկելու համար, որ եթե փոքր կենտրոնում ռեստորանը պահում է կանոնները, պահեն բոլորն այդ կանոնները: Իսկ եթե դա չեղավ, առաջացնելու է արդեն արդարության զգացման բացակայություն, ներդրումների գրավչության անկում այս ոլորտում: Վախենալու է, որ ևս մեկ գործիք վերահսկման ռեստորանների ոլորտի կարող է վերածվել ևս մեկ մահակի բիզնեսի դեմ», - նշեց Արեգ Գևորգյանը:

Սրճարանների հաճախորդներից քչերը համաձայնեցին խոսել, կային մարդիկ, որ առհասարակ դեմ էին որևէ սահմանափակման, բայց հակառակ կարծիք ունեցողներ էլ կային։

Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանն ընդգծում է՝ դերասանների ու մյուս բոլոր աշխատակցիների աշխատավարձը գոյանում է վաճառված տոմսերի գումարներից։

«Այո, վարակի տարածման դեմն առնելու միակ ելքը պատվաստվելն է, բայց առողջապահության ոլորտի ղեկավարը թող հենց իր ոլորտից սկսի,- ասաց Բաբայանը, մտահգովելով՝ թատրոնները կրկին կտուժեն, - Մեծ պրոբլեմներ կան պոլիկլինիկաներում, որովհետև բժիշկները մարդկանց ասում են, որ ձեզ հակացուցված է պատվաստումը, բայց մենք տեղեկանք չենք տա: Խուճապ են տարածում: Խնդիրն ամբողջ աշխարհում չպատվաստվելն է, բժշկական համակարգը պետք է ամբողջովին պատվաստված լինի, սեփական օրինակով դա ցույց տալ, ոչ թե մի մասը պայքարի, մի միասը փող աշխատի, մյուս մասը կանգնացնի ամբողջ գործընթացը: Կարո՞ղ է պետությունը փոխհատուցել թատրոնների վնասը, չեմ կարծում, որ դա կարող է լուծել այդ հարցը միայն Առողջապահության նախարարության հրահանգներով` առանց հաշվի առնելով մնացած բոլոր ոլորտները»:

Այսօր նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է խորհրդարանում հայտարարել, որ չպատվաստված կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան չունեցող մարդիկ շուտով չեն կարող ԱԺ մտնել։

Թե երբ Առողջապահության նախարարության այս նախագիծը կյանքի կկոչվի, հայտնի չէ, դեռ պետք է քննարկումներ անցկացվեն։ Մինչ այդ Հայաստանում համաճարակային իրավիճակը չի կայունանում, հիվանդանոցներում սպառվում են ազատ մահճակալները, բժիշկներն ուժասպառ են լինում։ Միայն այսօր քովիդից մահացել է 43 մարդ։ Սա կորոնավիրուսի տարածումից ի վեր մահերի ամենամեծ թիվն է։

Առնչվող թեմաներով

XS
SM
MD
LG