Մատչելիության հղումներ

Փաշինյանը հանձնարարում է պատվաստման գործընթացում գործի դնել վարչական լծակները


Վարչապետ Փաշինյանը վարում է կառավարության նիստը

Կառավարության այսօրվա նիստում կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացի քննարկմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնյաների նկատմամբ աննախադեպ կոշտ արտահայտվեց. - «Խնդիր եմ դրել, գնացեք լուծեք։ Վատ ա, շատ վատ ա պատվաստման թվերը, և որևէ ուրիշ մեկից չբողոքեք։ Եվ վերաբերում ա դահլիճում նստած բոլոր մարդկանց»։

Առողջապահության նախարարը նախ զեկուցեց, որ պատվաստման գործընթացում թեև ակտիվացում կա, սակայն դա բավարար չէ։ Ավանեսյանը սլաքներն ուղղեց այլ կողմ՝ նշելով, որ այստեղ պատասխանատվության մեծ բաժին ունեն պատվաստման դեմ քարոզ տանողները։

Փաշինյանը, սակայն, ընդգծեց՝ առողջապահության նախարարությունից արդարացումներ, բողոքներ չպետք է հնչեն, թե ով է խանգարում պատվաստման գործընթացին, ասաց՝ պետք է գործի դնել վարչական լծակները. - «Մենք ամեն անգամ կառավարության նիստում պիտի ասենք չորս հոգի կամ հարյուր հոգի ինչ-որ բա՞ն ա ասում։ Ես ձեր առաջ խնդիր եմ դրել, ինձ մի ասեք ով ա խանգարում, ով չի խանգարում։ Գնացեք լուծեք, առողջապահության նախարարությունը, պետական մնացած մարմինները... մենք հո ստեղ չե՞նք հավաքվել՝ ասելու, որ ինչ-որ մարդիկ խանգարում են մեզ գործել։ Ոչ մեկ չի կարող մեզ խանգարել գործել»։

Փաշինյանը դիմեց նաև ուժային կառույցներին՝ հորդորելով պատասխանատվության ենթարկել պատվաստման կեղծ փաստաթղթեր հատկացնողներին։ Վերջերս ԱԱԾ-ն մեկ դեպքի մասին էր հայտնել, երբ պոլիկլինիկայի բժիշկը գումարի դիմաց քաղաքացուն պատվասման կեղծ սերտիֆիկատ էր տրամադրել։ Արդյո՞ք կան հայտնաբերված այլ դեպքեր, ոստիկանությունից «Ազատությանը» դեռ չեն պատասխանել։

«Ազգային անվտանգության ծառայությանը և ոստիկանությանը. կեղծ պատվաստումների մասին ես էլ ահազանգ չլսեմ։ Ձերբակալե'ք, կալանավորե'ք։ Էդ բժիշկները, ովքեր որ օգտվում են առիթից չպատվաստելու մարդկանց և պատվաստանյութը փչացնելու համար... շատ խիստ է միջոցներ ա պետք ձեռնարկել։ Գլխավոր դատախազին եմ դիմում, նաև՝ մեր քննչական մարմիններին», - ասաց Փաշինյանը։

Անահիտ Ավանեսյան
Անահիտ Ավանեսյան

Արդեն կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում առողջապահության նախարարն ասաց, որ վարչապետի դժգոհությունը տեղին է։ Միևնույն ժամանակ ասաց, որ ինքը պատվաստման գործընթացը ձախողված չի համարում, բայց հաջողված էլ չի համարում։

Հայաստանում վակցինացիան մեկնարկել է ապրիլից։ Մինչև օրս առնվազն մեկ դեղաչափով պատվաստվել է բնակչության 11,5 տոկոսը ,ու այս ցուցանիշով Հայաստանը շարունակում է վերջինը մնալ տարածաշրջանում։ Այս պահին կիրառվում է 4 տեսակի պատվաստանյութ՝ բրիտանա-շվեդական «ԱզտրաԶենեկա», ռուսական «Սպուտնիկ Վի», չինական «Սինոֆարմը», որի պակաս է առաջացել Հայաստանում և արդեն «Մոդեռնա» ընկերության պատվաստանյութը, որը երկու օր առաջ բերվեց Հայաստան։

Երևանի թիվ 13 պոլիկլինիկայում առավոտյան արդեն տասը մարդ էր պատվաստվել «Մոդեռնայով»։ Այդ պատվաստանյութի սրվակը, ինչպես «Աստրազենակայինը», բացվում է, եթե նախապես տասը հոգի դիմած է լինում բուժկենտրոն։

«Մենք ունենք ցուցում, որպեսզի ոչ մի դեղաչափ չպետք է փչացնենք, վեց ժամվա մեջ էդ տասը դեղաչափը պետք է օգտագործվի», - ասաց պոլիկլինիկայի աշխատակիցը։

Պոլիկլինիկաներում այսօր պատվաստման համար հերթեր չէին գոյացել, ավելին՝ վերջին օրերին պատվաստվողների թիվը նվազել է։

Թիվ 13 պոլիկլինիկայի տնօրեն Ռուզան Դուրգարյանն ասում է՝ սեպտեմբերի վերջին օրերին պատվաստվողների թիվը ավելի քան տասն անգամ ավելացել էր, ինչը կապում է նաև հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած նոր սահմանափակումների հետ, ըստ որի՝ աշխատող քաղաքացիները կա'մ պետք է պատվաստման սերտիֆիկատ ներկայացնեն, կա'մ ամիսը 2 անգամ գործատուին տրամադրեն քովիդ թեստի բացասական արդյունք։

«Երկու պայմանով է բացատրվում հոսքի պակասումը։ Մեկը այն, որ այս պահին «Սինոֆարմի» քանակը մի փոքր ավելի քիչ է։ Մյուսը, որ մենք ունենք նախարարի հրամանի մի փոքր երկարաձգում, այսինքն՝ հետաձգված է մինչև հոկտեմբերի 14-ը։ Մեր ազգաբնակչությունը, իր սովորության համաձայն, կարծում եմ, որ սպասում է վերջին օրերին», - ասաց Դուրգարյանը։

Բժիշկը նկատում է՝ վերջին մեկ ամսվա ընթացքում պոլիկլինիկայում քովիդով հիվանդների հոսքն ավելացել է։ Ասում է՝ անհանգստացնում է հատկապես այն, որ հիմնականում երիտասարդների մոտ ծանր դեպքեր են գրանցվում. - «Վերջին մեկ շաբաթվա ընթացքում մենք ունեցել ենք երկու երիտասարդ կին, որ դիմել են պոլիկլինիկա, մուտք գործել պոլիկլինիկա գիտակցության կորուստով, ուշագնացությունով հենց պոլիկլինիկայում, ցածր սատուրացիայով։ Առաջին օգնությունը ցույց է տրվել պոլիկլինիկայում, և ապա տեղափոխվել են հիվանդանոց; Հիմա երկու երիտասարդ կինն էլ գտնվում են արհեստական շնչառության ապարատի ներքո, բնականաբար, հաստատվել է քովիդը։ Ես կարծում եմ, որ էս գծերը բնորոշ են Դելտա շտամից»։

Երեկ գրանցվել է տարեսկզբից ի վեր կորոնավիրուսով վարակման ամենաբարձր թիվը՝ 1309։ Աճում են նաև մահերը, միայն նախօրեին մահացել է 26 մարդ, ևս 4 վարակակիր մահացել է այլ պատճառներով։

Աճող թվերի պատճառով Հայաստանը ավելի վաղ ընդգրկվել էր Եվրամիության կարմիր գոտում։ Օրերս էլ Միացյալ Նահանգներն է իր քաղաքացիներին հորդորել չայցելել Հայաստան համաճարակի օրեցօր վատթարացող վիճակի պատճառով։

XS
SM
MD
LG