Մատչելիության հղումներ

Տեղի է ունեցել «Աղթամարի Սուրբ Խաչ Եկեղեցի» խորագրով հոդվածների ժողովածուի շնորհանդեսը


2014 թվականին Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրատան՝ Մատենադարանի նախաձեռնությամբ Փարիզում տեղի ունեցավ միջազգային գիտաժողով, որը նվիրված էր հայկական միջնադարյան լավագույն կոթողներից մեկի՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու հիմնադրման 1100-ամյակին: Գիտաժողովին բազմաբնույթ բանախոսություններով հանդես էին եկել մի շարք անվանի հայագետներ աշխարհի տարբեր երկրներից։

Եվ ահա Մատենադարանի գիտաշխատող, միջնադարյան հայկական արվեստին նվիրված մի շարք հետազոտությունների հեղինակ, Փարիզի միջերկրյածովյան պատմության և քաղաքակրթության կենտրոնի դոցենտ Էդդա Վարդանյանը և միջնադարյան Հայաստանի կրոնական ու մշակութային տարբեր ասպեկտներին նվիրված ուսումնասիրությունների հեղինակ, Գերմանիայի Բոխումի Ռուր համալսարանի հետազոտող Զարուհի Պողոսյանը երեկ Մատենադարանում շնորհանդեսի ներկայացրեցին իրենց կազմած համահավաք երկլեզու (անգլերեն և ֆրանսերեն) հատորը, որն ամփոփում է վերոնշյալ միջազգային գիտաժողովի նյութերը՝ «Աղթամարի Սուրբ Խաչ Եկեղեցի» խորագրի ներքո:

Գիրքը հրատարակել է հոլանդական հանրահայտ «Բրիլ» հրատարակչությունը, որն ունի հայագիտական ուսումնասիրությունների մատենաշար:

Շնորհանդեսի մասնակիցները , այդ թվում և տեսակապի միջոցով իր ուղերձը հղող անվանի ֆրանսիացի հայագետ Ժան Պիեռ Մահեն, շատ բարձր գնահատեցին շնորհանդեսի ներկայացված գրքի հրատարակությունը:

«Աղթամարի Սուրբ Խաչի մասին տպվել են բազմաթիվ հոդվածներ և մեկ տասնյակից ավելի գրքեր, բայց հիմնականում դրանք անդրադարձել են զուտ ճարտարապետական կամ քանդակագործական... հարթաքանդակների գեղարվեստական արժեքին և այլն։ Բայց այս ժողովածուն տասնհինգ տարբեր հեղինակների կողմից գրված հոդվածների միջոցով այնպես է կառուցված, որ ցույց է տալիս այն երկիրը՝ Վասպուրականը, Արծրունյաց թագավորության դարաշրջանի մթնոլորտը, պայմանները, այն միջավայրը, որի ծնունդ է հանդիսանում այդ հրաշք եկեղեցին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը։

Մատենադարանի փոխտնօրեն և գիտական քարտուղար Կարեն Մաթևոսյանի խոսքով. - «Պատահական չի, որ 2019 թվականին տպված գրքի շնորհանդեսը մենք անում ենք այս տարի, որովհետև Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու կառուցումը ավարտվել է 921 թվականին, այսինքն՝ ուղիղ 1100 տարի առաջ։ Այս գիտաժողովը որ կազմակերպվել էր, կազմակերպվել էր ընդառաջ Աղթամարի եկեղեցու կառուցման 1100-ամյակին։ Ես շատ ուրախ եմ այս գրքի տպագրության համար, շնորհավորում եմ բոլոր հեղինակներին։ Դա շատ խորը մտածված բան է, և ուղղակի բարեբախտություն է, որ այս եկեղեցին հասել է մեր օրերը շատ քիչ վնասված։ Ես կարծում եմ, որ Աղթամարը անսպառ ուսումնասիրության նյութ ունի։ Հիմա մենք տեսանք քանի հեղինակներ գրել են տարբեր հարցերի մասին, և վստահաբար դեռ նորից պիտի գրվեն։ Աղթամարի առաջ դեռ շատ պարտք ունենք մարելու, և կարծում եմ, որ դա կանենք»։

«Աղթամարի Սուրբ Խաչ Եկեղեցի» գրքի կազմողներից Էդդա Վարդանյանն ասաց. - «Գիրքը արվեստաբանական չէ, այսինքն՝ այդտեղ Աղթամարը դիտարկվում է ոչ միայն որպես ճարտարապետական կոթող և արվեստի գործ, այլ այս հուշարձանը ուսումնասիրվում է տարբեր գիտությունների լույսի ներքո՝ պատմագրություն, աստվածաբանություն, մասունքների պաշտամունք և, իհարկե, ճարտարապետություն և արվեստի պատմություն։ Դա հնարավորություն է տալիս ավելի համապարփակ, ավելի խորը հասկանալ այդ բացառիկ հուշարձանի ֆենոմենը»։

Հավելենք, նաև, որ շնորհանդեսին ներկայացվեցին նաև Մատենադարանի ֆոնդերում պահվող Փանոս Թերլեմեզյանի ձեռքով 1914 թվականին արված Աղթամարի Սուրբ Խաչ Եկեղեցու գծանկարները, որոնք առաջին անգամ տպագրվել են շնորհանդեսի ներկայացված գրքում:

XS
SM
MD
LG