Մատչելիության հղումներ

Նյու Յորքում բացվել է Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու լուսանկարների ցուցահանդեսը


Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին, արխիվ

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության կողմից կազմակերպված «Անատոլիայի թաքնված հուշարձանները երևան են գալիս» նախագծի շրջանակում Նյու Յորքում բացվել է Վանի Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցու լուսանկարների ցուցահանդեսը:

«Անադոլու» գործակալության փոխանցմամբ, Մանհեթենի ցուցասրահներից մեկում տեղի ունեցած միջոցառմանը ներկա են գտնվել Նյու Յորքում Թուրքիայի հյուպատոս Ալփեր Աքթաշը, Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն, Թուրքիայի ոչ մուսուլման փոքրամասնությունների համայնքի հիմնադրամների ներկայացուցիչ Մորիս Լևին, Ասորական եկեղեցու հիմնադրամների նախագահ Սաիդ Սուշին, Ամերիկյան ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոս Էլպիդոֆորոս Լամբրինիադիսը և հայկական ու թուրքական համայնքի մի շարք ներկայացուցիչներ:

Ցուցահանդեսի բացմանը հնչել են դաշնակահար Շահան Արծրունու կատարումները, Սուրբ Խաչ եկեղեցու մասին պատմող ֆիլմ է ցուցադրվել: Պատրիարքական տեղապահ արքեպիսկոպոս Մաշալյանն իր խոսքում երախտագիտություն է հայտնել թուրքական իշխանություններին Սուրբ Խաչ եկեղեցու և մյուս պատմամշակութային կառույցների նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար:

«Աղթամարը հայ և թուրք ժողովուրդների միջև տեղի ունեցած բազում ողբերգական դեպքերի ականատեսն է եղել, սակայն միևնույն ժամանակ հանդիսանում է երկու ժողովուրդների հազարամյա բարեկամության և համատեղ պատմության վկան: Աղթամարը կրկին կարող է խաղաղության հանգրվան դառնալ», - իր խոսքում ընդգծել է Մաշալյանը:

Ցուցահանդեսին ներկայացվել է թուրք լուսանկարիչ Իզզեթ Քերիբարի հեղինակած 88 լուսանկար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG