Մատչելիության հղումներ

Նավալնիի դեմ նոր քրեական գործ է հարուցվել


Ռուսաստան - Ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին դատարանում՝ իր դեմ հերթական գործի քննության ժամանակ, Մոսկվա, 29-ը ապրիլի, 2021թ․

Կալանքի տակ գտնվող ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին հայտնում է, որ իր դեմ նոր քրեական գործ են հարուցել՝ դատավորին վիրավորելու մեղադրանքով։ Ինստագրամի իր էջում այսօր նա գրել է, որ այդ մասին իրեն տեղեկացրել է նախօրեին կալանավայր այցելած քննիչը։

Սա Նավալնիի հանդեպ հարուցված երրորդ քրեական գործն է։ Նա գրել է, որ քննիչի փոխանցմամբ՝ իրեն մեղադրում են նաև Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի նվիրատվությունները յուրացնելու մեջ, ինչպես նաև՝ քաղաքացիներին դրդելու, որ չկատարեն իրենց քաղաքացիական պարտավորությունները։

«Այնպես որ, մի կարծեք, թե ես բանտախցում անգործ նստած պարզապես թեյ եմ խմում։ Իմ հզոր քրեական սինդիկատը մեծանում է։ Ես ավելի ու ավելի շատ հանցագործություններ եմ կատարում։ Ավելի ու ավելի շատ քննիչներ են զբաղվում ինձնով, այլ ոչ թե այնպիսի դատարկ բաներով, ինչպիսին են սպանությունները, կողոպուտներն ու առևանգումները», - Ինստագրամում գրել է Նավալնին՝ նշելով, որ բանտարկված է հափշտակության կեղծ մեղադրանքով, որն իր դեմ սարքել են քաղաքական գործունեության պատճառով։

Հիշեցնենք՝ մոսկովյան դատարանը փետրվարին Ալեքսեյ Նավալնիին դատապարտել է 3,5 տարվա ազատազրկման, ապա այդ ժամկետից հանել է տնային կալանքի պայմաններում և «Մատրոսկայա տիշինա» բանտում մնալու տևողությունը և վերջնական պատժաչափ է սահմանել 2,5 տարի:

XS
SM
MD
LG