Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ողջունում են ևս 15 հայ գերիների վերադարձը՝ կոչ անելով ազատել բոլորին


Գերիները վերադառնում են Հայաստան, արխիվ

ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ողջունում են Ռուսաստանի միջնորդությամբ ևս 15 գերիների ազատ արձակումը և Հայաստանի կողմից Ադրբեջանին անցած տարածքների ականապատման քարտեզների տրամադրումը։

Երկու երկրներն էլ կոչ են արել կատարել նոյեմբերի 9-ին կողմերի ստանձնած պարտավորություններն ու ազատել բոլոր հայ գերիներին։

ԱՄՆ-ն հիշեցնում է, որ դեռևս հունիսի 12-ին գերիների վերադարձն ու ականապատման քարտեզների տրամադրումը իրականացվեց ԱՄՆ աջակցությամբ նաև Վրաստանի միջամտությամբ՝ այդ կերպ հիմք դնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա համագործակցությանը։ Միացյալ Նահանգները նաև բարձր է գնահատել տարածաշրջանային կայունությանն աջակցելուն ուղղված Ռուսաստանի ջանքերը։

Այս և նախորդ փոխանակումը երկու երկրները կարևոր քայլ են համարում լարվածության նվազեցման և վստահության վերականգնման ուղղությամբ, մինչդեռ Ադրբեջանը չի կատարում վստահության վերականգնման կարևոր նախապայմաններից մեկը՝ չի ասում գերիների իրական թիվը՝ արձանագրում է հայկական կողմը։

Ադրբեջանն այս պահին միայն 45 հայ գերիների առկայությունն է հաստատել, սակայն հայկական կողմի ունեցած տվյալներով թիվն ավելի մեծ է՝ ասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Ունենք թե՛ տեսագրության միջոցով և թե՛ վերադարձած անձանց կողմից հաստատված տեղեկություններով մի քանի անձի վերաբերյալ, որ հաստատ իրենք գտնվել են գերության մեջ և այդ գործերի վերաբերյալ, կարծում եմ, մենք պետք է շարունակենք հետևողական լինել: Դատարանի միջոցով աշխատանքը այս տրամաբանության մեջ գուցե այդքան էֆեկտիվ չլինի, կարծում եմ, պետք է օգտագործել նաև այլ ճանապարհներ այս ճնշումն ավելացնելու համար քաղաքական հատկապես», - ասաց Կիրակոսյանը:

Ադրբեջանը անգամ նման հումանիտար հարցում փորձում է քաղաքական և այլ օգուտներ քաղել՝ գերիների թեմայով այսօր կազմակերպված քննարկմանն ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ռազմագերիների իրավունքների պաշտպան Սիրանույշ Սահակյանը։

«Ադրբեջանը թանկացնում է դարձյալ ռազմագերիների գինը և անգամ ռազմագերիների թիվն ընդունելը համարում է զիջում հայկական կողմին, որի դիմաց իր ձեռագրին համահունչ որոշակի քաղաքական պահանջներ է դնում», - նշեց Սահակյանը:

Ակնհայտ է, որ Ադրբեջանին չափազանց ձեռնտու է թիվ չհրապարակելը, այն աստիճան, որ նրանք ստում են նույնիսկ միջազգային կազմակերպություններին, արձանագրում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Պետք է կառավարությունը պաշտոնական թիվ հրապարակի՝ իր կարծիքով որքան առնվազն մենք այնտեղ ունենք գերի, որովհետև այդ կերպ մենք կյանքի իրավունքի համար յուրաքանչյուր մարդու համար առավել կմեծացնենք նախ պատասխանատվությունը, ճնշումը Ադրբեջանի նկատմամբ, երկրորդը պատասխանատվությունը կմնա նրանց վրա», - ասաց Թաթոյանը:

Բանախոսները վստահ են, որ հայկական կողմը կկարողանա ճշտել, թե իրականում քանի գերի կա Բաքվում։ Գերիների թվի հրապարակումը կվատացներ Ադրբեջանի դիրքերը միջազգային ատյաններում ու ռազմագերիների նկատմամբ դատական գործերի հարուցումը նաև պաշտպանվելու համար է, կարծում են իրավապաշտպանները։

Օրեր առաջ 14 հայ գերիներից 2-ը դատապարտվեցին 4 տարվա, իսկ 12-ը՝ 6 ամսվա ազատազրկման։ Դատական երկու գործ էլ դեռ ընթացքի մեջ է՝ մեկով անցնում է 13, մյուսով 26 զինծառայող։

Այսօր ավարվել է նաև «Նոր Հայաստան Հայրենիք-Սփյուռք» բարեգործական ՀԿ հիմնադիր նախագահ Գևորգ Սուջյանի և նրա ընկերոջ գործով նախաքննությունը և գործը ուղարկվել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարան։ Նրանք մեղադրվում են լրտեսության մեջ։ Շինծու ու անօրինական՝ այսպես են բնութագրում դատական այդ գործընթացները Սիրանույշ Սահակյանն ու Եղիշե Կիրակոսյանը։

«Այստեղ խախտվում են նաև կենսական այլ իրավունքներ՝ ինչպիսին է պաշտպանության իրավունքը, առանձին դեպքերում մեր ռազմագերիները ստորագրում են փաստաթղթերի տակ հարկադրանքի ուժով, որի բովանդակությանն անգամ ծանոթ չեն, մենք բոլորս գիտենք, որ կյանքի սպառնալիքի ներքո են որոշ ցուցմունքներ կորզվում և այլն: Այս պայմաններում այս դատավարության արդյունքը չի կարող ընդունվել միջազգային հանրության կողմից», - ասաց Սահակյանը:

«Փորձեցինք դատարանին ներկայացնել որոշակի խնդրանքներ, որպեսզի նախ դատարանը պարտավորեցնի Ադրբեջանին կասեցնել դատական գործընթացները, նաև տրամադրել Հայաստանի կառավարությանը բոլոր նյութերը քրեական գործի: Ցավոք սրտի, դատարանը մերժեց մեր ներկայացրած միջնորդությունը», - ներկայացրեց Եղիշե Կիրակոսյանը:

Անդրադառնալով բացթողումներին՝ Սիրանույշ Սահակյանը նշեց, որ պետությունը դեռ աշխատանք ունի կատարելու գերիների, նրանց ընտանիքի անդամների թե՛ հոգեբանական, թե՛ առողջության վերականգնման ուղղությամբ։ Խնդիրները շատ են նաև սոցիալական աջակցության ոլորտում, թեպետ կան աջակցության ծրագրեր, բայց դրանք բավարար չեն և շատ հարցեր առայժմ ընտանիքները փորձում են ինքնուրույն լուծել։ Փաստաբանը շեշտում է ավելի մեծ ծրագրեր իրականացնելու անհրաժեշտությունը։

XS
SM
MD
LG