Մատչելիության հղումներ

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարազատները վարչապետի հետ հանդիպում են պահանջում


Ադրբեջանում արդեն ավելի քան 8 ամիս գտնվող ռազմագերիների հարազատներն այսօր հավաքվել էին Կառավարության դիմաց՝ տեղեկանալու, թե ինչ փուլում են բանակցությունները և երբ տուն կվերադարձվեն իրենց որդիները։

Պատերազմի ավարտից հետո՝ այդ ժամանակ դեռ հայկական վերահսկողության տակ գտնվող Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի դիրքերից գերեվարված զինվորների մի մասն արդեն դատապարտվել են ադրբեջանական դատարանների կողմից, մի մասն էլ դատավճռի է սպասում։ Ի՞նչ է լինելու նրանց ճակատագիրը, այս հարցի պատասխանը հարազատներն ակնկալում են ստանալ վարչապետից, սակայն Փաշինյանն այսօր գերիների հարազատներին ընդունել չէր կարող։

«Ես ուղղակի ապշած եմ, որ 1,5 ժամ հայ մայրերը նստած են այս քարերին, ոչ մի արձագանք չկա կառավարությունից, չէ՞ ոչ մենք եկել ենք նրանց դուռը, եկել ենք խնդրանքով, աղաչանքով», - ասաց հավաքվածներից մեկը:

1,5 դարձավ 2-3 ժամ ու առանց արձագանք։ Հարազատները վճռական են տրամադրված, ասում են՝ չեն հեռանալու, մինչև չստանան իրենց հուզող հարցերի պատասխանները։ Ի՞նչ սրտով տուն գնան՝ տան անդամները հույսով պատասխանի են սպասում, ասում է միակ որդուն Ադրբեջանի բանտերից փրկելու հույս փայփայող Մացակ Ալեքսանյանը։

«Յուրաքանչյուր օր ինչ է տանում մարդկանց հոգեկան կյանքից, և նույնիսկ այն աստիճանի է հասել, որ մեր շարքերը կարծես աստիճանաբար նոսրանում են: Ես անկեղծ եմ ասում՝ մեր ծնողներից նույնիսկ մարդ կար սրտի կսկիծից մահացավ, թոռը վերադարձավ, փառք Աստծու, բայց էդ մարդն արդեն չկար, չկարողացավ տեսնել թոռանը: Այսինքն ես ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր օջախում մի հատ ծանր հոգեբանական վիճակ է տիրում և այն ակնկալիքը կտեսնի՞ իր երեխային, թե՞ ոչ, սա արդեն լրիվ հարց է», - նշեց Ալեքսանյանը:

Որդիների հետ ընդամենը 3 օր առաջ են ծնողները խոսել՝ Կարմիր Խաչի միջնորդությամբ, 3-ից 5 րոպե ունեն որդիների ձայնը լսելու, որպիսությունն իմանալու ու ամիսների կարոտը մեղմացնելու համար, ասում են։ Իրենք լավ են, ամեն ինչ կարգին է՝ սա են հիմնականում ասում՝ իրենց չանհանգստացնելու համար, մնացածը ծնողական բնազդով են փորձում հասկանալ։

«Մի ամիս առաջ ավելի լավ էր խոսում, քան 4 օր առաջվա խոսացածը: 44 օր երեխային պատերազմում սպասելուց հետո, այդքան տառապելուց հետո, հիմա մի հատ էլ էստեղ խայտառակ պիտի լինի: Չեմ խայտառակվում, երեխաս էլ այնտեղ է քարին քնած, Բաքվի բանտում քարերին քնում է իմ երեխան: Ես ամեն ինչ կանեմ, որ իմ երեխային հետ բերեմ», - ասաց հավաքվածներից Նելլի Ումրշատյանը:

Առաջին մի քանի ամիսներին հավատացել են խոստումներին, որ տղաները հետ կվերադառնան անվնաս, ասում են հուսալքված հարազատները, բայց երբ ականատես եղան Բաքվում կայացած դատավճիռներին՝ տագնապը մեծացավ՝ փոքրացնելով հույսը: Ծնողները մշտապես կապի մեջ են թե՛ մարզպետարանի, թե՛ Ազգային անվտանգության ծառայության հետ, տեղեկություններ հիմնականում նրանցից են ստանում, բայց վերջին լուրերը, թե տղաների խումբ է վերադառնալու, չիրականացավ։

«Մեզ հուսադրեցին, որ ամսվա վերջին՝ հուլիսի վերջին կլինի 20-25 հոգանոց վերադարձ, մնացած 20 հոգին էլ մինչև օգոստոսի 15-ը ու չկան, դատապարտվեցին էրեխեքը», - ասաց Սեյրան Եղիազարյանը:

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն է ընդունել 3 ծնողի, խոստացել է պահանջը ներկայացնել, բայց կլինի հանդիպում վարչապետի հետ, թե ոչ՝ ծնողնեը դեռ չգիտեն։

Խծաբերդի ու Հին թաղերի դիրքերից գերեվարված 64 զինծառայողների մեծ մասը Շիրակի մարզից են, նրանցից 24-ն արդեն վերադարձել են հայրենիք։ Այս ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանը քրեական գործեր է հարուցել՝ լրտեսության, ահաբեկչության, սահմանն ապօրինի հատելու և պատերազմական հանցագործությունների մեղադրանքներով։ Մեծ մասի դատավճիռներն արդեն կայացվել են, պատժի ամենափոքր ժամկետը եղել է 6 ամիսը, որոշները դատապարտվել են 6 կամ 15 տարվա ազատազրկման, ամենաերկարը՝ 20 տարին է։

Ծնողներին անհանգստացնող հարցերից մեկն այն է, թե ինչո՞ւ են նույն խմբի տղաներին տարբեր մեղադրանքներ ու պատիժներ նշանակել։ Այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանից։

«Ադրբեջանն այս քրեական գործերն ուղղակի արհեստականորեն ստեղծել է, որպեսզի իր կարծիքով կարողանա իրավական հիմք ունենալ մեր հայրենակիցներին իր մոտ պահելու համար: Հետևաբար այստեղ որևէ տրամաբանություն փորձել փնտրել, թե Ադրբեջանն ինչու է այս դեպքով ազատազրկում սահմանում, մյուսով՝ ավելի ցածր, իմ կարծիքով, բացատրության կարիք էլ չունի», - ասաց Զոհրաբյանը:

Ինչպե՞ս է հնարավոր հետ վերադարձնել արդեն դատապարտված գերիներին, հարազատներին տանջող մյուս հարցն էլ սա է։

«Ադրբեջանը մեր հայրենակիցներին պահում է իր մոտ պատանդի կարգավիճակով, որպեսզի բանակցությունների ժամանակ ունենա որոշ առավելություն: Բնականաբար, նա այդ ճնշման լծակն օգտագործելու է, Հայաստանի իշխանությունները դրան կարձագանքեն և ինչ գործողությունների կգնան կամ չեն գնա, դա հարցի երկրորդ կողմն է: Բոլոր դեպքերում, այո, կա Մինսկի կոնվենցիան, որին միացած է նաև Ադրբեջանը և այստեղ նաև դատապարտված անձանց հանձնման հետ հարաբերություններ կարգավորվում են», - նշեց Արա Զոհրաբյանը:

Հուլիսի 3-ին՝ գերիների 15 հոգանոց խմբի հետ վերադարձել էին նաև այն ռազմագերիները, որոնց Ադրբեջանը 6 ամսվա ազատազրկման էր դատապարտել, իսկ նրանց դիմաց Հայաստանը տրամադրել էր Աղդամի ականապատման քարտեզները։ Ադրբեջանը միայն 45 գերեվարված անձանց մասին է տեղեկություններ տալիս, մինչդեռ հայկական կողմը 280 գերեվարված անձի մասին տեղեկություններ է ուղարկել Եվրոպական դատարան։ Այս ամիսների ընթացքում 103 գերի է վերադարձել հայրենիք։

XS
SM
MD
LG