Մատչելիության հղումներ

Ռուսաստանն իսկապես ցանկանում է փորձել կարգավորել ԼՂ հակամարտությունը, ասում է Միջազգային ճգնաժամային խմբի վերլուծաբանը


Հունվարի 11-ին Մոսկվայում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները նոր հայտարարություն ստորագրեցին։ 4 կետից բաղկացած հայտարարության տեքստը վերաբերում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի կատարմանը, որով նախատեսվում է ապաշրջափակել տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։

Թուրքիայի նախագահը մեկ շաբաթ առաջ հայտարարեց, թե Հայաստանի վարչապետն իրեն հանդիպելու առաջարկ է արել, ապա կրկին խոսեց «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ պնդելով, որ հայկական կողմը պետք է հստակ քայլեր ձեռնարկի։ Ադրբեջանը ևս խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Պաշտոնական Երևանը, սակայն, հայտարարում է, որ միջանցքային տրամաբանությունը ընդունելի չէ հայկական կողմի համար։

Այս թեմայի շուրջ Հրայր Թամրազյանը «Կիրակնօրյա վերլուծականի» եթերում խոսել է Միջազգային ճգնաժամային խմբի վերլուծաբան Օլեգ Իգնատովի հետ։

Ստորև՝ հատված հարցազրույցից․

«Ազատություն»․ - Ինչպես հայտնի է, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի վարչապետի միջոցով Թուրքիայի նախագահ Էրդողանին փոխանցեց մի ուղերձ՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավման վերաբերյալ հնարավոր հանդիպման անցկացման իր ցանկության մասին։ Բայց, ինչպես մենք գիտենք, մինչ այդ եղել է Մոսկվայի պաշտոնական հայտարարությունը՝ արտգործնախարար Սերգեյ Լավրովի շուրթերով՝ Անկարայի և Երևանի միջև երկխոսության միջնորդ դառնալու պատրաստակամության մասին։ Ինչպե՞ս հասկանալ այս ամենը, արդյո՞ք Մոսկվան դա իսկապես ուզում է, թե՞ ուղղակի խանդով է վերաբերվում Անկարայի և Երևանի, Բաքվի ու Երևանի միջև միջնորդության ցանկացած նախաձեռնությանը։ Արդյո՞ք միջնորդ դառնալը բխում է Մոսկվայի շահերից, թե՞՝ ոչ։

Օլեգ Իգնատով․ - Կարծում եմ, որ սա Մոսկվայի շահերից է բխում, ու կարծում եմ, որ այս հայտարարությունը պետք է հասկանալ այնպես, որ Ռուսաստանն իսկապես ցանկանում է փորձել կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ Որքան էլ դա բարդ ու անիրատեսական այժմ թվա, բայց Ռուսաստանն իսկապես ստանձնեց խաղաղապահի դերը ու փորձում է այն իրականացնել։

Այս հակամարտությունը բարդ է Ռուսաստանի համար, և այն համեմատելի չէ հետխորհրդային տարածքում այլ հակամարտությունների հետ՝ ո՛չ Դոնբասի, ո՛չ Հարավային Օսիայի, ո՛չ Աբխազիայի, ո՛չ Մերձդնեստրի հետ։ Սա յուրօրինակ իրավիճակ է, և Ռուսաստանի դերը այս հակամարտությունում ևս յուրօրինակ է։

Այո, Ռուսաստանը ուժի դիրքից հանդես չի գալիս, Ռուսաստանը երկխոսություն է վարում թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ հավասար հիմունքներով և երկու կողմերին էլ ընկալում է որպես հավասար գործընկերների։ Մենք նման չենք տեսնում, օրինակ, Ուկրաինայի կամ Մոլդովայի հետ երկխոսությունում, կամ Վրաստանի հետ երկխոսությունում։ Եվ այս առումով սա յուրօրինակ իրավիճակ է։

Բնականաբար, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը, Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացումը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծման մի մասն է։ Դրա մասին վաղուց են խոսում, պայմանավորվում էին, բայց գործընթաց չկար։ Բնականաբար, Ռուսաստանը ցանկանում է, որ դա լինի, և կփորձի դա անել։ Հիշեցնեմ, որ հակամարտության կարգավորման այն փաստաթղթերում, որ ստորագրվել են, և այն բանակցություններում, որ ընթացել են, խոսվում էր տարածաշրջանում տրանսպորտային միջանցքների կարգավորման, կապուղիների վերականգնման, բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների մասին, և դա առանցքային խնդիր է։ Ռուսաստանը այժմ հենց դրան է առաջնային ուշադրություն դարձնում։

Նկատի ունեմ, որ եթե փակագծերից դուրս դնենք տարբեր հարցեր, որոնք վերաբերում են ռազմական ոլորտին, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային տարաձայնություններին և այլն, եթե վերցնենք բուն հակամարտությունը, ապա, կարծում եմ, այո, Ռուսաստանն իսկապես պատրաստ է մասնակցել, պատրաստ է օգնել Թուրքիային և Հայաստանին երկխոսություն հաստատելու հարցում։

Դա չի նշանակում, որ դա կստացվի, չի նշանակում, որ դա հաջողություն կբերի, ու ես կարծում եմ՝ Ռուսաստանում շատ լավ են հասկանում, որ դա շատ բարդ խնդիր է լինելու՝ հաշվի առնելով կողմերի միջև գոյություն ունեցող հարաբերությունների ողջ բեռը, հաշվի առնելով այն հակամարտությունը, այն դերը, որ Թուրքիան խաղում էր այս հակամարտության մեջ։

Բայց ընդհանուր առմամբ այս հակամարտությունը Ռուսաստանի համար շատ բարդ հակամարտություն է։ Կրկին ասեմ, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը այս հակամարտության լուծման մի մասն է։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG