Մատչելիության հղումներ

«Առկա մարտահրավերներն ավելի նշանակալից են դարձնում հայ-վրացական համագործակցությունը»․ Ղարիբաշվիլին ուղերձ է հղել Փաշինյանին


Հայաստանի և Վրաստանի վարչապետների հանդիպումը Թբիլիսիում, 8-ը սեպտեմբերի, 2021թ․

Տարածաշրջանի աշխարհաքաղաքական դինամիկան և առկա մարտահրավերներն ավելի նշանակալից են դարձնում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությունը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային ձևաչափում։ Այս մասին գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Հայաստանի Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հղած շնորհավորական ուղերձում։

Ղարիբաշվիլին պատրաստակամություն է հայտնում «այս փոխշահավետ համագործակցության ավելի ամրապնդման համար»։

«Ուրախ եմ, որ Ձեզ Վրաստանում հյուրընկալելու հնարավորություն ունեցա։ Համոզված եմ՝ մեր երկրների համար նշանակալից հարցերի քննարկման համար դարձյալ շատ հնարավորություններ կունենանք», - Հայաստանի վարչապետի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասված է ուղերձում։

«Հայ ժողովուրդը երկար և բազմաթիվ մարտահրավերներով լի ուղի է անցել հաջողակ և անկախ պետության կառուցման համար։ Չնայած բազում դժվարություններին՝ հավատում եմ, որ հայ ժողովուրդն ապագայում ևս հաջողությամբ կշարունակի անկախ, ժողովրդավարական և հզոր պետության կառուցումը», - իր ուղերձում գրել է Վրաստանի ղեկավարը։

Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշեց իր անկախության 30-ամյակը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստան պաշտոնական այց կատարեց սեպտեմբերի 8-9-ը։

Այդ այցից տասն օր անց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարեց, թե Հայաստանի վարչապետը վրացի պաշտոնակցի միջոցով հանդիպելու առաջարկ է փոխանցել իրեն։

Էրդողանն ու Ղարիբաշվիլին երեկ հանդիպում են ունեցել Նյու Յորքում և քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը՝ անդրադառնալով նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակին։

XS
SM
MD
LG