Մատչելիության հղումներ

Ղարաբաղյան խնդիրը կարգավորված չէ, կարգավիճակի հարցը սպասում է լուծման. Արմեն Գրիգորյանն արձագանքում է Ալիևին


Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարգավորված չէ, կարգավիճակի հարցը սպասում է լուծման, արձագանքելով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին՝ այսօր պնդել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Հայաստանի համար, ըստ նրա, հակամարտության կարգավորման միակ հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է:

Ռուսաստանյան "Национальная оборона" թերթին տված հարցազրույցում Ալիևը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը բարձրացնելը վնասակար ու վտանգավոր է Հայաստանի համար ներկայիս անմխիթար վիճակում։

«Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարգավորված չէ, և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը սպասում է իր լուծմանը, և այդ լուծումը մենք տեսնում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Կարծում եմ, որ հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կարգավիճակ ենք քննարկելու, և անհասկանալի են Ադրբեջանի նման հայտարարությունները», - ասաց Գրիգորյանը:

Ադրբեջանի նախագահը երեկ էլ ՄԱԿ-ում հայտարարել է, թե Երևանը պետք է ընտրություն կատարի տարածաշրջանային համագործակցության և իր հարևանների նկատմամբ տարածքային պահանջների միջև, ղարաբաղյան հակամարտություն էլ, կրկնել է, անցյալում է։

Արցախի հարցը երբեք տարածքային հարց չի եղել, Ադրբեջանի նախագահի այդ կոշտ գնահատականներին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր կարճ արձագանքեց:

«Ղարաբաղի հարցը միշտ եղել է ինքնորոշման հարց և ինքնորոշման իրավունքի շրջանակներում պետք է կարգավորել, և հայտնի սկզբունքներից մեկը խնդրի կարգավորման հենց հանդիսանում է ինքնորոշման իրավունքը», - հավելեց ԱԽ քարտուղարը:

Ըստ Սաղաթելյանի` Թուրքիայի հետ փորձում են վերջնականապես ծնկի բերել Հայաստանին

Եթե Անվտանգության խորհրդի քարտուղարն անհասկանալի է որակում Ադրբեջանի նախագահի հայտարարությունները, խորհրդարանական ընդդիմության համար դրանք առավել քան թափանցիկ են` Բաքուն Անկարայի հետ փորձում է վերջնականապես ծնկի բերել Հայաստանին: Իշխանությունն, ըստ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքից ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի, չի կարողանում դիմադրել, քայլերն էլ պարտվողական են։

«Ցավոք և դժբախտաբար, մենք ընտրել ենք այդ ճանապարհը, մեր երկրից մաս-մաս տալիս ենք թշնամուն: Ամենակարևորը` եթե մեզ թվում է, որ շարունակ զիջելով` մենք կհասնենք խաղաղության, շարունակ զիջելով տարածաշրջանում կլինի կայունություն, այդտեղ սխալվում ենք` խաղաղություն չեն մուրում, խաղաղություն պարտադրում են», - նշում է Սաղաթելյանը:

Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահի խոսքով՝ իրենք չեն կարծում, որ բոլոր միջոցները սպառված են։ Ի՞նչ կանեին իրենք հետպատերազմյան այս վիճակում։ Ասում է՝ նախ կկազմակերպեին երկրի պաշտպանությունը, դաշնակիցների՝ Ռուսաստանի ու Իրանի հետ ավելի ակտիվ ու արդյունավետ կբանակցեին։ Սաղաթելյանը կարծում է՝ Հայաստանն այսօր չի ձևակերպել՝ ինչ ենք ուզում։

«Երկրի պաշտպանությունը կազմակերպելու կարողություն չունեն, ես չեմ կարծում, որ մենք ոչնչացման եզրին ենք, ես չեմ կարծում, որ մենք այլևս որևէ սպառազինություն չունենք: Եթե չունենք, ուրեմն պետք է քայլեր ձեռնարկենք: Չի կարող ինքը այս իրավիճակում, այսինքն` դու աշխարհին ի՞նչ մեսիջ ես ասում, երբ ասում ես` մեզ բանակ, ըստ էության, պետք չի, մենք կգնանք պայմանագրային սկզբունքով պրոֆեսիոնալ բանակ ունենալու հետևից: Լուրջ չի չէ՞», - հարցնում է նա:

Իշխանական պատգամավորներն առավոտից ձեռնպահ են մնում Ալիևի հայտարարություններին որևէ կերպ արձագանքելուց: Արտգործնախարարությունից էլ անպատասխան են թողնում մեր հարցերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG