Մատչելիության հղումներ

Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի արդարադատության դատարան


Ադրբեջանի դեմ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան Հայաստանի ներկայացրած հայցից մեկ շաբաթ անց Բաքուն նույնանման հայց է ներկայացրել Հայաստանի դեմ։ Կողմերը միմյանց մեղադրում են ռասայական խտրականություն դրսևորելու համար և խնդրում դատարանին միջոցներ ձեռնարկել դրան վերջ դնելու համար։

30 տարի ձգվող ղարաբաղյան հակամարտության ընթացքում երկրորդ անգամն է, որ խտրականության համար կողմերը օգտագործում են միջազգային դատարան դիմելու լծակը։ Առաջին դիմումները ներկայացվել են նախորդ տարվա 44-օրյա պատերազմի ընթացքում՝ ուղղված Եվրադատարանին։

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի կարծիքով, անցած տարիներին հակամարտության կարգավորման հարթակը եղել է ԵԱՀԿ Մինսկի խումբը, բայց վերջին երկու՝ 2016-ի և 2020-ի պատերազմներում Բաքվի խտրական վարքագիծը հայկական կողմին մտածել տվեց ատելության դրևորումները քննարկել հեղինակավոր միջազգային ատյանում. - «Այս պատերազմի արդյունքում Հայաստանի ռազմական կարողությունները զգալիորեն նվազել են, և դիվանագիտությունը, ինչպես նաև միջազգային ասպարեզում մարդու իրավունքների տեսանկյունից ղարաբաղյան հարցը ներկայացնելու խնդիրը առաջնահերթ է դարձել»։

Ստեփան Գրիգորյան
Ստեփան Գրիգորյան

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը ևս կարծում է, որ սեպտեմբերի 27-ի պատերազմը առիթ էր Երևանի համար Ադրբեջանին պատասխանատվության կանչելու համար։ Քաղաքագետը պնդում է, որ Արդարադատության միջազգային դատարանով չպետք է սահմանափակվել, Հայաստանը պետք է Ադրբեջանի վարքագիծը քննարկման առարկա դարձնի նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։

Քաղաքագետը չի կարծում, թե Հաագայի դատարանում դատավարության գործընթացին զուգահեռ բանակցությունները չեն կարող շարունակվել. - «[Ադրբեջանը] Խախտեց միջազգային կարևորագույն սկզբունքը. դա կոչվում է՝ խաղաղությամբ լուծել կոնֆլիկները։ Փորձեց ուժով լուծել։ Դա նոր դարաշրջան էր Ղարաբաղի հարցում»։

Ադրբեջանն արդեն հայտարարում է հակամարտության լուծման ավարտի մասին և այս ֆոնին արդիական են դառնում Մինսկի խմբի ձևաչափից դուրս գործընթացները, կարծում է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։ Նրա խոսքով, դատական այս գործընթացների արդյունքում, եթե հօգուտ Հայաստանի վճիռ կայացվի, ապա այն կարող է առանցքային լինել ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում։

Տիգրան Գրիգորյան
Տիգրան Գրիգորյան

Եթե Հայաստանից բացի, նաև Ադրբեջանը հաջողություն ունենա Հաագայում, վերջնական արդյունքն ի օգուտ էլի Հայաստանի կլինի՝ վստահ է Գրիգորյանը. - «Արդյունքները երկու գործընթացների հաջողության դեպքում ասիմետրիկ են լինելու ի օգուտ Հայաստանի։ Որովհետև Ադրբեջանը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների ներքո ադրբեջանական բնակչություն չունի։ Եվ այդ առումով «անջատում հանուն փրկության» սկզբունքը չի կարող կիրառվել Հայաստանի պարագայում։ Իսկ մենք ունենք այդպիսի խնդիր և կարող ենք ապագայում կիրառել»։

Արդարադատության դատարան ուղարկած իր հայցում Հայաստանը շեշտում է, որ Բաքվի բռնություններն ուղղված են հայկական ազգության կամ հայկական ծագում ունեցող անհատների դեմ։ Որպես ամենաթարմ օրինակ բերվում է 2020 թվականի սեպտեմբերին՝ Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան։

Մեկ շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանի դեմ հայց Հաագայի միջազգային դատարան։ Ժամեր չանցած պաշտոնական Բաքուն հայտարարեց, որ հակընդդեմ հայց կներկայացնի։

Միջազգային իրավունքի մասնագետ Գրիգոր Չոբանյանի խոսքով, Ադրբեջանն իր քայլով ընդամենը արձագանքել է Հայաստանի հայցին. - «Սա, կարելի է ասել, պաշտպանողական ռեակցիա է Ադրբեջանի կողմից։ Նորմալ դատավարական գործընթաց է, որին պետք է ուղղակի պատրաստվել և արձագանքել»։

Հայերի դեմ ատելության տարածման, ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի և միջազգային կոնվենցիաների այլ խախտումների մասին պաշտոնական Երևանի պնդումներին ի պատասխան Բաքուն, իր հերթին, հիշատակում է 44-օրյա պատերազմն ու դրանից հետո ընդհուպ կառավարական մակարդակով ադրբեջանցիների նկատմամբ ատելության տարածումն ու ռասիստական քարոզչությունը և ընդգծում՝ 2020-ի պատերազմի ժամանակ Հայաստանը հերթական անգամ թիրախավորել է ադրբեջանցիներին էթնիկ ատելության հողի վրա։

Որպես խտրականության վերջին դրսևորում հայկական կողմն իր դիմումում ևս մատնանշել է 44-օրյա պատերազմը, ընդգծել՝ տասնամյակներ շարունակ Ադրբեջանը ռասայական խտրականության է ենթարկել հայերին, և որ պետության կողմից հովանավորվող հայատյաց այս քաղաքականության հետևանքով հայերը ենթարկվել են սիստեմատիկ խտրականության, զանգվածային սպանությունների, խոշտանգումների և այլ նվաստացումների:

1-2 ամսվա ընթացքում դատարանը առանձին լսումներ կանցկացնի՝ կողմերին հնարավորություն տալով ներկայացնել, թե ինչու են խնդրում կիրառել հրատապ միջոցներ։

Ադրբեջանն, օրինակ, խնդրում է մինչև վերջնական որոշում կայացնելը պարտադրել Հայաստանին հետևել կոնվենցիայով ստանձնած իր պարտավորություններին և պաշտպանել ադրբեջանցիներին Հայաստանի պատճառած անուղղելի վնասներից։

Հայաստանն իր հերթին, որպես հրատապ միջոց խնդրել է փակել խտրականություն և ատելություն քարոզող, ամիսներ առաջ Բաքվում մեծ ոգևորությամբ բացված «ռազմական ավարի պուրակը». - «Հրատապ միջոցի կիրառման անհրաժեշտությունը գալիս է նրանից, որ դատավարության ընթացքում ականատես չլինենք պուրակի գոյությանը։ Դիմումի մեջ պահանջներից մեկը հենց էդ պուրակի կասեցումն է, դրա գործունեության դադարեցումն է, և համանման այլ գործողություններ։ Այսինքն՝ հրատապ պահանջը վերաբերում է այս պահին շարունակվող խախտումներին»։

Միջազգային իրավունքի մասնագետի կարծիքով, լսումներից հետո չի բացառվում, որ Արդարադատության միջազգային դատարանը որևէ հրատապ միջով էլ չկիրառի, բայց սա չի խոսում քննությունը չշարունակելու մասին։ Մոտ մեկ տարի հետո կողմերը պետք է ներկայացնեն իրենց հիմնական փաստարկները ավելի ծավալուն տեսքով։

Դատական գործընթացները կարող են տևել մի քանի տարի։ Չոբանյանն օրինակներ է բերում. - «Օրինակ, Ուկրաինան ընդդեմ Ռուսաստանի գործով յուրիսդիկցիոն հարցի քննարկում, իրավազորության վիճարկում և այլն, էս փուլի միայն կարծեմ երեք տարի է տևել, և դեռ շարունակվում է գործի ըստ էության քննությունը, և դա կարող է դեռևս տևական ժամանակ շարունակվել»։

XS
SM
MD
LG