Մատչելիության հղումներ

Ալիևը նոր մանրամասներ է պատմել Արցախում հրադադարի եռակողմ պայմանավորվածությունների ձեռքբերման գործընթացից


Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները ստորագրում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները ստորագրում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը

Ադրբեջանի նախագահը մանրամասներ է պատմել Լեռնային Ղարաբաղում հրադադարի եռակողմ պայմանավորվածությունների ձեռքբերման գործընթացից։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահի հետ անձնական ընկերական կապերը «թույլ են տվել Մոսկվային և Բաքվին համաձայնեցնել ու ընդունել եռակողմ հայտարարությունը»։

«Ես ունեի առաջարկներ։ Վլադիմիր Վլադիմիրովիչը մասնակի արդեն իր հարցազրույցներից մեկում լույս է սփռել այդ իրադարձությունների վրա, այնպես որ չեմ ցանկանում մանրամասնել։ Հայտնի է սակայն, որ այդ առաջարկները հավանության էին արժանացել ռուսական կողմում, սակայն հայկական կողմը հրաժարվում էր, և ես կարծում եմ՝ ողբերգական, ճակատագրական սխալ է թույլ տվել։ Որովհետև եթե նրանք ընդունեին իմ կողմից առաջարկվող պլանը, որը Ռուսաստանն էլ էր հավանում, ապա պարտությունը նրանց համար այսքան նվաստացուցիչ չէր լինի, և հազարավոր զինծառայողներ՝ ինչպես մեր կողմից, այնպես էլ՝ հայկական, ողջ կմնային։ Այսինքն՝ այս մարդկանց մահվան մեղավորը հենց հայկական ղեկավարությունն է, որը պատերազմական գործողությունների ընթացքում առնվազն երկու անգամ բաց է թողել պատմական հնարավորությունը», - "Национальная оборона" թերթին տված հարցազրույցում պնդել է Իլհամ Ալիևը։

«Շուշա [Շուշի] քաղաքն ազատագրելուց հետո Վլադիմիր Վլադիմիրովիչը զանգահարեց ինձ և ասաց, որ հայկական կողմը պատրաստ է իրականացնել այն, ինչ պետք է իրականացնի։ Նա հարցրեց՝ «Դուք մնո՞ւմ եք Ձեր դիրքորոշմանը»։ Ես ասացի՝ «այո, ես իմ դիրքորոշումը չեմ փոխում, եթե նրանք մեզ հաստատում են մնացած գրավյալ տարածքներից զորքը ետ քաշելու ժամկետները, մենք դադարեցնում ենք», - պատմել է Ալիևը և հավելել, որ այդ զրույցը տեղի է ունեցել 2020 թվականի նոյեմբերի 8-ին։ Նրա խոսքով՝ հաջորդ ժամերին արդեն հաջողվել է հակամարտող կողմերի հետ համաձայնեցնել հայտարարության տեքստը։

Ալիևի վկայությամբ՝ Պուտինն իրեն խնդրել է, որպեսզի չպնդի Փաշինյանի կողմից համաձայնագրի ստորագրումը Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների ներկայությամբ։ «Ես ասացի, որ չեմ պնդի, Փաշինյանի նվաստացման հետ կապված ինձ ինչ-որ լրացուցիչ պահեր պետք չեն», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը ռուսաստանյան պարբերականի հետ զրույցում։

Տե՛ս նաև այստեղ

XS
SM
MD
LG