Մատչելիության հղումներ

Կլաարը Բաքվում վերահաստատել է՝ Եվրամիությունը պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև լարվածության թուլացմանը


Եվրամիությունը պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև լարվածության թուլացմանը, նախօրեին Հայաստանից մեկնելով Ադրբեջանի մայրաքաղաք՝ կրկին հայտարարել է Եվրոպական դաշինքի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

Եվրամիության բարձրաստիճան դիվանագետը Բաքվում հանդիպում է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Ըստ ադրբեջանական պաշտոնական աղբյուրների՝ կողմերը քննարկել են տարածաշրջանի անվտանգային իրավիճակն, այդ թվում՝ պետական սահմանների դելիմիտիացիա, հաղորդակցությունների բացում, ենթակառուցվածքային նախագծեր և այլ հարցեր։

«Հանդիպման ընթացքում արտգործնախարարը Եվրամիության հատուկ ներկայացուցչին տեղեկացրել է եռակողմ հայտարարությունների իրագործման մասին։ Այդ համատեքստում Բայրամովը ընդգծել է Հայաստանի գործողությունների անթույլատրելիությունը, նշել, որ հայկական կողմի հայտարարություններն ու հավակնություններն անհիմն են և ծառայում են իրավիճակի սրմանը»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում։

Դրանում, սակայն, ադրբեջանական դիվանագիտական գերատեսչությունը չի մանրամասնում, թե հատկապես հայկական կողմի որ հայտարարություններից է դժգոհել նախարար Բայրամովը։

Եվրամիության ներկայացուցիչն իր հերթին Բաքվում կրկին վերահաստատել է պաշտոնական Բրյուսելի դիրքորոշումը՝ Եվրամիությունը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության, զարգացման և բարգավաճման դիրքերից, պատրաստ է համապատասխան աջակցություն ցուցաբերել այդ ուղղությամբ։

Եվրոպացի բանագնացը Բաքու մեկնելուց առաջ Երևանում էր, ապա՝ Երասխում։ Հայ-ադրբեջանական սահմանի այս հատվածում ամիսներ շարունակ իրավիճակը լարված է, կողմերը պարբերաբար հաղորդում են զինված միջադեպերի մասին, շուրջ երկու շաբաթ առաջ այստեղ, ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության, ադրբեջանական կողմի սադրանքի հետևանքով հայ զինծառայող է զոհվել։

«Երասխ այցելությունը հստակ պատկերացում տվեց, թե հաճախ որքան մոտ են Հայաստանի և Ադրբեջանի ռազմական դիրքերը: Կարևոր է սահմանին թուլացնել լարվածությունը` բանակցություններում մթնոլորտը բարելավելու համար։ Եվրամիությունը պատրաստ է աջակցելու դրան», - Երասխ կատարած այցից հետո Թվիթերում գրել էր Եվրամիության հատուկ բանագնացը։

Ի դեպ Տոյվո Կլաարն այս անգամ Երևանում բավարարվել է միայն Հայաստանի ղեկավարության հետ հանդիպումներով։ Մինչդեռ Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ բանագնացը երևանյան այցի ընթացքում, ավանդույթի համաձայն, պաշտոնական հանդիպումներ էր ունենում նաև Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ։

Անցած ապրիլին, սակայն, Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Դավիթ Բաբայանի հետ հանդիպումից հետո, Բաքուն պաշտոնական բողոք է ներկայացրել Եվրամիության ղեկավարությանը, ընդհուպ Ադրբեջանի արտգործնախարարություն հրավիրվել Բաքվում ԵՄ դեսպանին և հայտարարել, որ Տոյվո Կլաարը «չպետք է այնպիսի քայլեր ձեռնարկի, որոնք հաշվի չեն առնում հակամարտության ավարտից հետո տարածաշրջանում ստեղծված նոր իրողությունները»։

Ադրբեջանական կողմի փոխանցմամբ` ԵՄ հատուկ ներկայացուցչի նման գործողությունները «հակառակ կողմի մոտ չարդարացված ակնկալիքներ են ձևավորում»։

Այս հայտարարություններից հետո սա Եվրամիության հատուկ բանագնացի արդեն երկրորդ այցն է տարածշրջան, որի ընթացքում նա պաշտոնական Ստեփանակերտի ներկայացուցիչների հետ չի հանդիպել․ համենայն դեպս կողմերը չեն հաղորդել նման հանդիպման մասին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG